«Արցախի ժողովուրդն անթերի է իրացրել իր ինքնորոշման իրավունքը: Այն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես ՄԱԿ-ի երեք նպատակներից մեկը»,-Ստեփանակերտում այսօր անցկացվող Արցախի բարեկամների համաժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այդ իրավունքին չի կարելի հակադրել որեւէ միջազգային իրավունքի սկզբունք, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը: Այդ իրավունքը գերակա է ցանկացած միջազգային փաստաթղթի նկատմամբ»,-շեշտեց նա:
Շավարշ Քոչարյանը նաեւ նշեց, որ Արցախի համագործակցությունն իր բարեկամների հետ գործակցություն է քաղաքակրթական ուժերի հետ. «Այսօր խնդիր կա բոլոր քաղաքակրթական ուժերի համատեղ ջանքերը միավորել, որպեսզի հակաքաղաքակրթությունը չկարողանա գլուխ բարձրացնել»:
ՀՀ փոխարտգործնախարարն այնուհետեւ անդրադարձավ հարցադրումներին, թե ինչու Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց չկա:
«Իրականում բանակցային գործընթացում մեկ արդյունք ունենք, որը ժողովուրդները զգացել են իրենց մաշկի վրա: Դա 1994թ.-ի ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման մասին համաձայնագիրն էր, երբ ուղղակի բանակցություններով Արցախի եւ Ադրբեջանի միջեւ նախապատրաստվեց այդ համաձայնագիրը, որին միացավ նաեւ ՀՀ-ն»,-շեշտեց Շավարշ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Նա հավելեց՝ առնվազն Ադրբեջանն Արցախին ընդունել է որպես հակամարտության կողմ եւ անմիջականորեն բանակցել տարբեր մակարդակներում. «Դրա շնորհիվ է, որ ունեցանք այդ արդյունքը՝ համաձայնագիրը: Իսկ քանի դեռ Ադրբեջանը խուսափում է Արցախի հետ ուղղակի բանակցություններից եւ ձեւացնում, թե այդպիսի սուբյեկտ չկա, ուրեմն՝ չի ցանկանում որեւէ առաջընթաց բանակցություններում: Ադրբեջանը ձեւացնում է, թե բանակցում է, եւ բանակցությունների քողի տակ իրականացնում է քարոզչական պատերազմ՝ միջազգային հանրությանը փորձելով ապացուցել, թե իրականում ոչ թե ինքնորոշման իրավունք է, այլ տարածքային վեճ՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ»:
Արցախի՝ բանակցային սեղանի շուրջը վերադառնալու անհրաժեշտության մասին էլ Շավարշ Քոչարյանն ասաց. «Առանց Արցախի անհնար է որեւէ առաջընթաց բանակցություններում: Որեւէ մեկը լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել այն հարցերի մասին, որոնք Արցախի իրավասության ներքո են՝ կարգավիճակ, տարածքային ամբողջականություն: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա անգամ Արցախի իշխանություններն են կաշկանդված հանրաքվեով՝ ժողովրդի կամքով: Այն, ինչ ասել է ժողովուրդն Արցախի կարգավիճակի մասին, նրանք կաշկանդված են դրանով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ