Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյանը վստահ է՝ Գորիկ Հակոբյանը ոչ մի գրություն էլ չի ուղարկել Քոչարյանին, եթե լիներ նման թուղթ՝ ցույց կտար, ոչ թե ոստիկանապետին մատնացույց կաներ

Հոկտեմբեր 11,2019 15:02

Այսօր «Բլից ինֆո» ակումբում հրավիրած ասուլիսում Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանին հարցրեցինք՝ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանական կողմը վկայակոչում են Գորիկ Հակոբյանի գրությունը՝ ցույց տալու, որ ցուցարարները Մարտի 1-ին զինված են եղել, այդ գրությունը քրգործում կա՞: Նա պատասխանեց. «Ոչ, այդպիսի գրություն չկա: 2008-2009-ին մենք Գորիկ Հակոբյանից ձեր կողմից մատնանշված հանգամանքների կապակցությամբ օպերատիվ  տեղեկությունների հետ կապված փաստաթղթեր ենք պահանջել, ինչը Գորիկ Հակոբյանը հրաժարվել է տալ, ինչը կարող է հաստատել այն, որ այդպիսի փաստաթղթեր չեն եղել: Չկա այդպիսի գրություն: Գորիկ Հակոբյանն ընդհանրապես փաստահավաք խմբի հետ չէր ուզում աշխատել ու այդպես էլ չաշխատեց: Հաղորդակցություններին մեր փաստահավաք խմբի եւ Գորիկ Հակոբյանի առիթ կլինի անդրադառնալու, որովհետեւ երբ դու ասում ես՝ խնդրում եմ տեղեկություն տվեք մեզ, սկավառակն էլ հետը ուղարկում ենք, ասում ենք՝ ո՞վ է այս անձնավորությունը, որը կառավարության շենքի մոտ զինված կանգնած է, ամեն ինչ ուղարկվում է, Գորիկ Հակոբյանը գրում է, որ այդ հարցով ինձ մի դիմեք, դիմեք ոստիկանապետին: Մի քանի անգամ նմանատիպ խուսափողականություն է դրսեւորում, խոսում է այն մասին, որ Գորիկ Հակոբյանն ասելու բան չուներ, եթե ունենար, ամբողջ փաստաթղթերը կտրամադրեր: Մենք էլ, ասենք, միայն այն չի, որ ես եւ Անդրանիկ Քոչարյանը կարող էինք կարծիք ասել: Երեք հոգի են այնտեղ եղել, որոնք հիմնականում իշխանության թեւն էին սպասարկում, շատ լավ կզգային էդ մարդիկ, կիմանային, որ իրավական հիմք կա ու  դա կօգտագործվեր: Սակայն դա չի եղել, ես գտնում եմ, որ Գորիկ Հակոբյանը ոչինչ էլ չի ասել: Միայն Գորիկ Հակոբյանով չէ, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է գործողությունների ընթացքը որոշեր: Ընդհանրապես որեւէ մեկով պայմանավորված չի եղել Քոչարյանի գործողությունների ընթացքը: Դա պայմանավորված էր իր կողմից իշխանությունը երբեք չհանձնելու, իշխանությունն իր ցանկալի անձին հանձնելու եւ պատասխանատվություն էլ հակաօրինական արարքների համար չկրելու միտում է հետապնդել: Այնպես չէ, որ Գորիկ Հակոբյանը կամ Հայկ Հարությունյանը մի բան ասեր, դա ազդող կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի վարքագծի կամ որոշումների վրա: Որոշողը եղել է Ռոբերտ Քոչարյանը եւ նրանք էլ իր կողքից լուռ քայլել են»:

Սեդա Սաֆարյանը նաեւ հայտարարեց, որ «Չերյոմուխայով» կրակողների անձերը, ինքնությունները պարզված են. «Գոնե պարզված են, որ նրանք պետական մարմնի աշխատողներ են՝ ոստիկանության, գոնե այդ մասով ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը ամուր կապով կապված է»:

Ինչ վերաբերում է ցուցարարների զինված լինելու մասին պաշտպանական կողմի պնդումներին՝ Սաֆարյանն ասաց, որ որեւէ նման ապացույց չկա ու եթե կա, թող Վահագ Հարությունյանը գա պատասխան տա՝ եթե զինված են եղել, ինքն ո՞ւր է եղել, ընդ որում, քննվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վերաբերյալ քրեական գործ, ովքեր հանրահավաքի ակտիվիստներ են եղել եւ նրանց մոտ պիտի լիներ կամ նրանց համախոհների մոտ պիտի լիներ, ինչը չի եղել, հո մերկապարանոց հայտարարելով չէ. «Բացի այդ, մենք հո չե՞նք մոռացել, որ բազմաթիվ սադրիչներ են եղել հանրահավաքի մասնակիցների մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031