Այսօր «Բլից ինֆո» ակումբում հրավիրած ասուլիսում Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն ասաց, որ բարձրաստիճան գեներալներ, զինվորականներ կան, ովքեր ցուցմունքներ են տվել, թե ինչպես են վերեւից ներքեւ հրահանգներով օլիգարխների թիկնապահներին հագուստներ բաժանել. «Հագուստ տալու հետ կապված կոնկրետացված են ե՛ւ տվող անձինք, ե՛ւ իրենք»:
Մեր հարցին՝ օլիգարխների հետ կապված ցուցակները հայտնի են, բայց երբ, օրինակ, ԱԺ-ում հայտնի օլիգարխին հարցնում ենք Մարտի 1-ի այդ ցուցակի մասին, կտրականապես հերքում է, նրանց քննության մեջ բավարար չափով ներգրավվե՞լ են , նրանք ունե՞ն այստեղ ասելիք՝ Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Այո, կարծում եմ, իրենց հարցաքննելու անհրաժեշտություն կլինի, կարեւոր չի, թե նրանցից ինչքանը չկան դատակոչի ցուցակում: Կարեւորը, որ այդ մարդկանց վերաբերյալ դատաքննության ընթացքում ցուցմունքներ կհնչեն եւ այդ ցուցմունքները հնչելուց հետո կառաջանա նրանց հարցաքննելու անհրաժեշտություն: Հիմա եթե նույն Բակո Սահակյանին հարց է ուղղում պատգամավորը, թե Մարտի 1-ին դուք ինչքա՞ն եք առնչվել, ինքն ասում է՝ Արցախից ոչ մեկը չի եկել ու կարողանում է նայել մարդկանց երեսին ու դա ասել, նշանակում է, որ պիտի սպասենք դատաքննությանը, որպեսզի հետո նույն հարցը կրկնեք, ուրիշ անելիք չունեք: Մեկ է, դուք հարցը փաստարկված տալու եք, իրենք ոչ փաստարկված պատասխանելու են: Դուք մի բան ունեք՝ մեզանից քրգործի հատորները վերցնեք ու ասեք՝ տամ ձեզ, տարեք ձեր տունը ծանոթացեք: Մենք այս պահին դա չենք անի, բայց եթե համապատասխան փուլ գա, դա կանենք, որովհետեւ արդեն հոգնել ենք էս պահվածքից, հոգնել ենք ասելուց, որ ազնիվ եղեք գոնե դուք ժողովրդի հետ, ձեզ չեն կախելու: Ինչքան ազնիվ չեք լինում, այնքան ժողովրդի վրդովմունքը շատ է, այդքան ձեզ չհավատալու հիմքերը շատ են»:
Սեդա Սաֆարյանը քրգործից մի դրվագ պատմեց. «Վկան ցուցմունք է տալիս ու ասում՝ Լեւոն Սարգսյանը եկավ, զենքերը գցեց ու ասեց՝ սրանք պատմական զենքեր են, Մարտի 1-ի մասնակից Լեւոն Սարգսյանը՝ օլիգարխիկ, զենքերը բերում եւ ասում է՝ սրանք պատմական զենքեր են: Ուզում եմ հասկանալ ինչո՞վ են պատմական, դրանով մա՞րդ է խփվել, ինչո՞վ է պատմական Մարտի 1-ին մասնակցած օլիգարխի նմանատիպ հայտարարությունը, երբ որ վկան ցուցմունքներ է տալիս: Ու էդ վկան իրենց շրջապատից է, իրենց մոտիկներից է, էնպես չի, որ իշխանության մարդ է ու ասեք՝ ներկա իշխանության մարդն է, եկել է մեր վրա անիմաստ ցուցմունք է տալիս: Մանրամասն նկարագրում է Մարտի 1-ի ամբողջ գործընթացում այդ անձի եւ այլ օլիգարխների գործողություներ ու հետո վերջում, երբ արդեն սպանություններ եւ այլն, գնում են տուն, զենքերը դնում են ու ասում են՝ այս զենքերը պատմական զենքեր են: Ես կուզեմ, որ իրենք գան ու դատարանում ասեն, թե դրանք ինչո՞վ են պատմական»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ