Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկ Հարությունյանը փաստահավաք խմբի դռնից հետ է գնացել, ինչը շատ տարօրինակ թվաց». Սեդա Սաֆարյանը փակագծեր է բացում

Հոկտեմբեր 11,2019 14:14

«Հայկ Հարությունյանը շատ բանի էր տիրապետում, ուղղակի Հայկ Հարությունյանը գուցե չէր տիրապետում այն ամբողջական փաստերին, որ ոստիկանության աշխատողներ են եղել, որոնք գիշերվա տեղի ունեցած գործողությունների հետ կապված բավարար տեղեկություններ են հաղորդել՝ արկղով զենք տանելու եւ դնելու հետ կապված»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը՝ խոսելով Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին:

Նա նշեց, որ քրգործով կան նաեւ բավարար փաստարկված տեղեկություններ, որ Հայկ Հարությունյանի պաշտոնավարումից հետո՝ Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մայիս-հունիս ամիսներից սկսվել են զեկուցագրերը կեղծվել, իսկ  այդ զեկուցագրերն այն իրավական հիմքերն են եղել, որոնցով Հայկ Հարությունյանը իբր փետրվարի 29-ի խորհրդակցությամբ Մարտի 1-ի տեղանքի զննության օպերացիան է կազմակերպել. «Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածը երկու մասի պետք է բաժանել՝ ժամանակահատված, որում Հայկ Հարությունյանը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչու առանց իրավական հիմքերի գնաց ու տեղանքի զննություն արեց, եթե օպերատիվ տեղեկություններ լինեին ու դրանց վերաբերյալ զեկուցագրեր, հետագայում՝ հունիս ամսին դա չէր կեղծվի»:

Նա ասաց, որ փաստահավաք խմբում, երբ փաստաթղթեր են բերել, տպավորություն է ստեղծվել, որ դրանք երեկ չէ առաջին օրն են կազմել ու հարթ, սիրուն բերել դրել են իրենց առաջ. «Մենք իմացանք նաեւ, թե ովքեր են ներազդել դրա վրա ու անմիջական մասնակցություն ունեցել փաստաթղթերի կեղծմանը, ինչի առիթով զեկուցագիր գրող անձինք հարցաքննվել են եւ ընդունել են, որ հետին թվով կազմվել են զեկուցագրեր, բնականաբար, դրանով ընդունել են, որ հենց Մարտի 1-ի պահին չի եղել որեւէ օպերատիվ տեղեկություն այն մասին, որ հանրահավաքի մասնակիցները զենք ու զինամթերք են պահում: Սա շատ կարեւոր է եւ Հայկ Հարությունյանի համար կարող էր առաջացնել անցանկալի հետեւանքներ: Հայկ Հարությունյանը գիտեր դա ու նրա հետ տեղի ունեցավ այն, ինչ եղավ հետագայում»:

Սեդա Սաֆարյանը նշեց՝ այնպես չի, որ Հայկ Հարությունյանը նախաքննության ընթացքում փայլուն ցուցմունք էր տվել, բայց նա պատրաստ չէր ուրիշի տված ցուցմունքների մասին կարծիք ասել. «Հայկ Հարությունյանը պատրաստ չէր այդ կեղծիքների առնչությամբ պարզաբանումներ տալու եւ պարկեշտություն ուներ այդ առումով»:

Սեդա Սաֆարյանը հիշեց, որ փաստահավաք խմբում 2-3 անգամ փորձել են Հայկ Հարությունյանին ընդունել. «Մի անգամ չեկավ, մյուս անգամ էլ եկավ եւ փաստահավաք խմբի դռնից հետ է գնացել, ինչը շատ տարօրինակ թվաց, թե ինչու չուզեց մեզ մոտ այս հանգամանքների մասին խոսել, որովհետեւ Գեղամ Պետրոսյանին եւ մյուս բարձրաստիճան զինվորականներին հարցաքննելուց հետո անհրաժեշտություն առաջացավ նաեւ Հայկ Հարությունյանի հարցաքննության եւ զարմանալի էր, որ Հայկ Հարությունյանը դեռ 2008-ին պատրաստ չէր այս ամենի մասին փաստահավաք խմբում բացատրություններ տալու»:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ բարձրաստիճան գեներալներ, զինվորականներ կան, որոնք ցուցմունքներ են տվել, թե ինչպես են վերեւից ներքեւ հրահանգներով՝ օլիգարխների թիկնապահներին հագուստներ բաժանել. «Հագուստ տալու հետ կապված կոնկրետացված են ե՛ւ տվող անձինք, ե՛ւ իրենք: Ասում են՝ մեզ ասել են տվեք, տվել ենք, հետո հավաքելու խնդիր է եղել, Միքայել Հարությունյանն ասել է՝ պետք չի հետ հավաքել, հավաքենք ի՞նչ ենք անելու: Կգա ժամանակ, սրա հետ կապված ցուցմունքներ կտան: Իրենք ամեն օր ապրում են ցուցմունքներ տալու դժվարությունը, գուցե պատրաստ չեն Ռոբերտ Քոչարյանի դեմ կանգնելու դատարանում: Շատերը կան՝ գեներալներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր նաեւ պետական սահման թուլացնելու հետ կապված ցուցմունքներ ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031