Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան շատ մարդ է սպանվում, Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ-շուտ է ասում՝ ո՞ւր է, սպանություններն ինչի՞ չեն բացահայտվում». Սեդա Սաֆարյանը՝ բարձիթողի վիճակի մասին

Հոկտեմբեր 11,2019 13:36

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանն այսօր «Բլից ինֆո» ակումբում հրավիրած ասուլիսում խոսեց Մարտի 1-ի գործով անցնող առանցքային վկաների անվտանգության մասին. «Ես գտնում եմ, որ ամենապրոբլեմատիկն այսօր վկաների հոգեվիճակը, անվտանգությունը պահելն է: Հավատացեք, շատ շատերը 11 տարի անց, երբ անգամ ցուցմունք են տվել…ես հիշում եմ, որ 11 տարի առաջ էլ, երբ վկաները փաստահավաք խմբում ցուցմունքներ էին տալիս, շատ հուզված էին, շատ վախեցած էին, պարզունակ հարցերի կապակցությամբ մի տեսակ խուսափողականություն կար ու ես կարծում եմ, իրենց՝ մինչեւ մեզ մոտ գալն այնպես էին նախապատրաստել, որ այդ մարդկանց մոտ այդ կաշկանդվածությունը տեսանելի էր ու կարեւորը երկրորդականից չտարբերելը…իրենք ո՛չ երկրորդականի մասին էին ուզում բացատրություններ տալ, ո՛չ կարեւորի մասին: Հիմա ես կանխատեսում եմ դժվարություն: Առավել եւս՝ ցավում եմ, որ Հայկ Հարությունյանի հետ այս ամենը եղավ»:

Ըստ Սեդա Սաֆարյանի, եթե Հայկ Հարությունյանն ուշադրության կենտրոնում լիներ՝ որպես առանցքային վկա, սա չէր պատահի. «Մի կողմից վախը պատասխանատվության ենթարկվելու, մյուս կողմից՝ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցված աշխատելը եւ դրա մասին բարձրաձայնելը դատարանում շատ ծանր հոգեվիճակի առաջ է կանգնեցնում մարդուն: Վերջին հաշվով նախկին իշխանությունները պատրաստ չեն քրեական պատասխանատվության ենթարկվելու, հոգեբանորեն պատրաստ չեն, որովհետեւ միշտ իրենք են պատասխանատվության ենթարկել, հիմա եկել է ժամանակ, երբ իրենք պետք է իրենց նախկին արածների համար պատասխան տան: Հիմա մենք պիտի պաշտպանենք այս վկաներին, որպեսզի կարողանանք նրանց լսել դատարանում եւ պատշաճ հետազոտել, կողմերի հարցադրումները լսել, որպեսզի հետո որեւէ կողմ չշահարկի: Ուրիշ խնդիր է, որ մենք կունենանք Հայկ Հարությունյանի՝ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները եւ ուրիշ խնդիր է, որ նա կգար դատարանում եւ կպատասխաներ մեր բոլորիս հարցերին»

Սեդա Սաֆարյանն ասաց, որ անվտանգության մարմինները պետք է Հայկ Հարությունյանին հսկեին. «Չեմ ասում գնային էդ մարդու տանը նստեին, բայց կողքից լուռ կհսկեին, անվտանգության մարմիններ ունենք, ովքեր պարտավոր էին դա անել: Բարձիթողի վիճակ ենք մի տեսակ տեսնում, ինչը մեզ մտահոգում է: Վարույթն իրականացնող մարմինն ունի այդպիսի լծակ: Եթե դատարանը միանձնյա կարող է հանգել այն հետեւության, որ այս վկաներից 100 հոգու հետ կապված պաշտպանության միջոց պետք է ձեռնարկել, դա պետք է անել: Դատարանը, առավել եւս այն պայմաներում, երբ իր նկատմամբ եւս նմանատիպ հետապնդում եղել է, պիտի հասկանա, որ վկաների դեպքում ավելի բարդ վիճակ կարող է ստեղծվել, նրանք ավելի անտեր են, անհսկելի են եւ ցանկալի է, որպեսզի այդ հսկողությունն իրականացվի: Առանց այն էլ այս 10-11 տարիների ընթացքում շատ դիպուկահարներ եւ գործի առանցքային նշանակություն ունեցող հանգամանքի հետ առնչություն ունեցող մարդիկ սպանվել են կամ մահացել են, որոնց մահվան հանգամանքները կամ սպանության հանգամանքները հասկանալի չեն, համենայնդեպս, թափանցիկ քննություններ չեն տարվել, չի հիմնավորվել, թե այդ անձինք ինչու են մահացել կամ սպանվել, հետեւապես սա շատ կարեւոր է: Ինչքան շատ մարդ է սպանվում, Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ-շուտ է ասում՝ ո՞ւր է սպանություններն ինչի՞ չեն բացահայտվում: Հույսը դրել է, որ սպանությունների բացահայտումն իր համար ինչ-որ ցանկալի բան կարող է ապահովել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031