Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ անվստահություն հայտնած «իմքայլական» կամ «լուսավորական» պատգամավորներից որեւէ մեկը կարո՞ղ է խելամիտ բացատրություն տալ, թե ո՞րն էր իմաստը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու: Անշուշտ, գիտենք, Ազգային ժողովը (ավելի ճիշտ` ԱԺ խորհուրդը) իրավունք ունի այդ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (ՀՀ Սահմանադրություն, 169-րդ հոդված, 5-րդ կետ), սակայն չունի որեւէ իրավասություն, օրինական որեւէ լծակ ՍԴ դատավորների եզրակացության վրա ներգործելու, քանզի, ինչպես ՀՀ Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ կետն է ամրագրում՝ «Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:
Այդ դեպքում, իսկապես, ո՞րն էր իմաստը ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու. սեփական կուսակցական շարքերը միշտ կուռ եւ հավաք պահելու մարմա՞ջը, «հասարակաց թշնամու» խրտվիլակը հանրության աչքին խաղացնելու մարտավարության շարունակո՞ւմը, թե՞…
Համենայնդեպս պետք է ընդունել, որ ՍԴ նախագահի դեմ խորհրդարանական վերջին նախաձեռնության համար տրվեց բացատրության նման մի բան՝ ՍԴ ներկա կազմը նախկին կոռուպցիոն ռեժիմի ծնունդն է, իսկ նրա նախագահը, ինչպես ձեւակերպեց ԱԺ նախագահը՝ գլխավոր ճարտարապետը Սերժ Սարգսյանի հագին կարված Սահմանադրության:
Բայց ընդունենք նաեւ, որ այդ եւ նման բացատրությունները, ինչպես ասում են, ֆնդըխ չարժեն, քանզի ներկա իշխանությունները` վարչապետով, կառավարությամբ, «իմքայլականներով» ու «լուսավորականներով» հարազատ ծնունդն են այդ նույն «ճարտարապետի» ստեղծած կառույցի` Սահմանադրության, հետեւաբար առնվազն քաղաքական անպարկեշտություն է ուրանալ իրեն ծնունդ տվողին, որի բուն անունը Սերժ Սարգսյան է, որի հանձնարարությամբ պատրաստված Սահմանադրության բարիքները վայելում են «իմքայլականներն» ու նրանց ուղեկիցները այսօր…
Կարդացեք նաև
Այսուհանդերձ, ինչպես պարզվում է հարցի մեջ խորանալիս, ՍԴ-ի ու նրա նախագահի դեմ մղվող այս ճակատամարտը ունի իր ներքին տրամաբանությունը Հայաստանում միահեծան ու միանձնյա իշխանություն հաստատելու տեսակետից, սկսած քննադատություններով ու չարախոսություններով բորբոքված «թնդանոթային նախապատրաստությունից» մինչեւ ներմուծված դատավոր Վահե Գրիգորյանի` ինչպես ասում են՝ «թիփի» անելը ԱԺ-ում եւ դրա շուրջը, ՍԴ դատավոր, թե՞ անդամ անհեթեթ վեճը` մինչեւ վենետիկյան հանձնաժողով տեղափոխելը, ՍԴ դատավորներին թոշակային գրավի խայծով հրաժարեցնելու առաջարկները, ու մինչեւ Հրայր Թովմասյանի նոտարական արտոնագրության, նրա քավոր-սանիկ կապակցվածության, անգամ ընտանիքի անդամինՙ հարազատ քրոջը «ցավեցնելով» նրան ընկճելու ստոր փորձերը:
Ընթերցողներից ոմանք թերեւս հարց տան՝ բայց ո՞րն է նպատակը Սահմանադրական դատարանը նվաճելու այս հետեւողական արշավի: Այդ ի՞նչ գրավ է, որին հետամուտ է վարչապետը՝ իր հետեւորդներով: Անցնող ավելի քան 25 տարիների ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանը բնավ չի եղել հասարակության ուշադրության կիզակետում, սկանդալների սիրահար մեր հասարակությունը զգայացունց որեւէ իրադարձություն չի հիշի կապված դատական բարձրագույն այդ ատյանի հետ, բացի միջազգային մի քանի պայմանագրերի մերժումից, կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելը մերժելուց, ԱրմենՏելի տխրահռչակ մենաշնորհը հակաօրինական հռչակելու եւ այլ որոշումները: Այդ կառույցի գործունեությունը միշտ էլ եղել է ոչ շռնդալից, մնացել է ներքին փոխըմբռնման, փոխադարձ հասկացողության խորհրդապահ մթնոլորտում:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:
Մոռացաք՝ ընտրությունների արդյունքների ճանաչումը:Ով գիտի,հաջորդ ընտրությունները ինչպես են ,,հորով-մորով,,անելու՝սահնակը պետք է նախապատրաստել ամռանը….