Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների նիստին, անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որում նա հիշատակել է Գարեգին Նժդեհին:
Նշենք, որ Իլհամ Ալիևն իր ելույթում խոսել է «Հայրենական Մեծ պատերազմում Ադրբեջանի ներդրման մասին» և հիշատակել է հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին: «Պետությունների ղեկավարները բազմիցս արտահայտվել են ֆաշիստների հերոսացման դեմ: Ցավալի է, որ նման բան տեղի է ունենում ԱՊՀ-ի տարածքում, մասնավորապես Հայաստանում, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում տեղադրել են Գարեգին Տեր-Հարությունյանի հուշարձանը, որը ֆաշիստներին է ծառայել որպես Գարեգին Նժդեհ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Հայաստանի վարչապետը շեշտել է, որ Ալիևի խոսքում կա պատմական իրադարձությունները սուբյեկտիվ մեկնաբանելու փորձ: «Իլհամ Հեյդարովիչի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել և նացիստների շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն է: Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ Գարեգին Նժդեհը պայքարել է թուրքական օկուպացիայի, Հայոց ցեղասպանություն դեմ: Իրականությունը նրանում է, որ Նժդեհը ռուս սպաների հետ 1918թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, շատ կարևոր է, որպեսզի իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում, որտեղ իրենց մահկանացուներն են կնքել խորհրդային բազմաթիվ առաջնորդներ: «Սոլժենիցինը Գուլագում էր: Եվ ի՞նչ: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և իրենց մահկանացուն կնքել են բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք»,-ընդգծել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունը խեղաթյուրելու, ինչպես նաև կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:
«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի հանդեպ, ինչը ես համարում եմ անհարգալից վերաբերմունք նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ.. Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», – հայտարարել է ՀՀ վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/918248225219405/
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ