Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյան. «Երբ վարկաբեկում ենք դատական իշխանությանը, ճնշումներ գործադրում, ստիպում, որ ընտրողական լինեն, ապա այդ գործոնները չեն նպաստելու համակարգի կայունացմանը. »Փաստ»

Հոկտեմբեր 11,2019 12:39

Անձնական ազատության և անձեռնմխելիության խախտումներ, կալանքներ և արդարադատության համակարգ, որն ի տարբերություն մյուս համակարգերի, շատ ավելի փխրուն է: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրույցում շոշափել ենք վերոնշյալ խնդիրներն ու անդրադարձել դատաիրավական համակարգին: 

«Արդարադատության համակարգի կայացման և դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման առաջին գործոնը ընտրողական արդարադատության բացառումն է:

Եթե նույնանման դեպքերը ստանում են տարբերակված արձագանք, ապա այդ երևույթը չի նպաստում հանրության շրջանում արդարադատության նկատմամբ վստահության բարձրացմանը:

Այսօր մենք տեսնում ենք ընտրողական արդարադատության ցայտուն օրինակներ:

Տեսնում ենք բազմաթիվ քաղաքական անպատասխանատու գործիչներ, որոնք չեն հարգում դատարանի հեղինակությունը, որը պաշտպանության տակ գտնվող արժեք է:

Դատավորների հանդեպ ընդհուպ մինչև անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններ են հնչեցնում, որոնք մնում են անարձագանք, որովհետև արտահայտությունների հեղինակները քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչներ են:

Հետո տեսնում ենք խոսքի ազատության իրավունքի չարաշահման դեպքեր, որոնք իրականում պարունակում են ծաղրանքի տարրեր, բայց այդ դեպքերի առնչությամբ խիստ և կոշտ արձագանք է լինում:

Այս ամենը խաթարում է ստանդարտները և ստեղծում տպավորություն, որ նպատակը ոչ թե դատական իշխանությանը պաշտպանելն է, այլ զուտ պաշտպանելն է այն անձանցից, որոնք տվյալ քաղաքական թիմի ներկայացուցիչներ չեն»:

Զրուցակիցն ընդգծեց՝ արդարադատության համակարգը փխրուն է:

«Ի տարբերություն գործադիր, օրենսդիր համակարգերի, որոնք ակտիվ PR արշավներ են իրականացնում, դատական իշխանությունն օբյեկտիվորեն ունի սահմանափակվածություն.

օրինակ՝ փորձում է շատ չերկխոսել հասարակության հետ, կենտրոնանալ արդարադատության իրականացման վրա:

Երբ վարկաբեկում ենք դատական իշխանությանը, ճնշումներ գործադրում, ստիպում, որ ընտրողական լինեն, ապա այդ գործոնները չեն նպաստելու համակարգի կայունացմանը:

Ճիշտ հակառակը՝ խորացնելու են բացասական ընկալումները: Եթե դրական միջավայր չստեղծենք, դատական համակարգը չի կայանա: Որքան էլ ճիշտ ռեֆորմներ իրականացնենք, հասարակությունը ևս պետք է այդ ռեֆորմներին աջակցի:

Բայց երբ մենք հասարակության մեջ թույն ենք ներարկում, որի միջոցով դատավորի հանդեպ վերաբերմունք է ձևավորվում, այդ միջավայրը չի նպաստելու, որ պրոֆեսիոնալ և անկախ դատավորը սկսի իր գործունեությունն անաչառ իրականացնել:

Նման գործողությունների վտանգավորությունը խիստ բարձր է՝ հաշվի առնելով արդարադատության համակարգի փխրունությունը, ինչի մասին ես արդեն նշեցի»,-եզրափակեց Ս. Սահակյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031