Հարկային դաշտում կառավարությունը նոր արտոնություն չի սահմանել, դեռ մի բան էլ թուլացրել է նախորդ խորհրդարանի ընդունած օրենքը։ ՏՏ ոլորտի զարգացման հետ գլխավոր խնդիրը սակայն նոր ծրագրավորող կադրերի նախապատրաստումն է։ ՏՏ բնագավառը Հայաստանում արագ է աճում, նոր կադրերի պահանջարկը ապահովված է, եւ գնալով ավելանալու է։ Ինչպես աշխարհահռչակ Reddic սոցիալական ցանցի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը նշեց Կոնգրեսում իր ելույթի ժամանակ. «Մենք ապրում ենք նոր աշխարհում, որտեղ ծրագրավորելու կարողությունը դառնում է սովորական գրագիտության հարց եւ այն որոշելու է, թե ով է ունակ լինելու հաջողության հասնել աշխարհում»։
Մինչդեռ, Հայաստանի գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որեւէ քայլ դեռ չի արել, որ թույլ կտար բարեփոխել մեր կրթական համակարգը, հանրակրթական դպրոցներում ներմուծելով ծրագրավորման դասընթացներ, ընդգրկելով ՏՏ համայնքին։
Մեկ այլ բնագավառ է գաղտնարժույթները (կրիպտովալյուտաները), հեղափոխական մի ֆինանսական տեխնոլոգիա, որի քննարկմանը նվիրվեց Կոնգրեսի մի ամբողջ նիստ։ Կառավարությունը շարունակում է հանդուրժել գողապետության գործիք եղած եւ ահավոր պահպանողական Կենտրոնական բանկի գոյությունը երկրում, որը նույնպես մեծ վնաս է հասցնում երկրի տեխնոլոգիական առաջընթացին։ Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Կենտրոնական բանկը իր շրջաբերականներով ապօրինաբար արգելել է գաղտնարժույթների մուտքը Հայաստան։ Ֆինանսական բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների արգելումը էական հարված է հասցնում առաջատար տեխնոլոգիաների երկիր դառնալու Հայաստանի հեռանկարներին։
Ոչ մի բան չի արվում Էստոնիայի մոդելով էլեկտրոնային քաղաքացիության համակարգի ներմուծման ուղղությամբ, որը թույլ կտար ավելի արդյունավետ դարձնել սփյուռքի ներդրումային ներգրավվածությունը, ինչի մասին Կոնգրեսում խոսեց Էստոնիայում կառավարական այդ ծրագրի ղեկավար Օտտ Վատերը։
Կարդացեք նաև
Փոխարենը, մեր կառավարությունը բավարարվում է սելֆիներ անելով եւ տարբեր միջոցառումների շոու բաղադրիչներին մասնակցելով։ Ժամանակն, է գործով ապացուցել, որ մենք ունենք դեպի Հայաստանի տեխնոլոգիական ապագան ուղղված կառավարություն, եւ ոչ թե այդ թեմաների շուրջ «փիառվող» իշխանություն։
Գաբրիել ԹՈՐԳՈՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում