Պողոս Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված Աղամալ Հարությունյանը նոր Երեւան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակում կկանչվի հարցաքննության. «Հայկական ժամանակ»–ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ Աղամալ Հարությունյանը գտնվում է Հայաստանում։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ գործով նոր երեւան եկած հանգամանք է դիտվել դեպքից 18 տարի անց Պողոսյանի սպանության ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների աոաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Պապլավոկ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը։
Աբրահամյանը տեղեկացրել էր, որ դատախազությունն ուսումնասիրել է Նյուտոնի ներկայացրած փաստաթղթերը, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի եւ գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ եւ խուլիգանական դրդումներով։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ասաց, որ Ս. Ջ. Նյուտոնը եւս դեռ չի կանչվել հարցաքննության, սակայն առաջիկայում կհրավիրվի, «ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները՝ անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար»,– ասաց նա։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Աղամալ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամներից էր։ 2002 թվականին նա մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (հանցավոր անփութություն դրսեւորելով անզգույշ սպանություն կատարելու համար)։ Հարությունյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով։ Մինչդեռ Պողոսյանի հարազատները պնդում էին, որ վերջինիս ծեծելով դիտավորյալ սպանել են։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում