Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի իրենց խմբակցությունը Վ. Բալասանյանի հայտարարության վերաբերյալ։
–Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը մշտապես քննադատում Ձեր իշխանությանը, Բալասանյանն իր վերջին հայտարարությունում նշել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նման բնորոշումներով իշխանությանը նկարագրում Բալասանյանը։
–Վիտալի Բալասանյանը ռեալության զգացողությունը կորցրել է ու չի տիրապետում իրավիճակին։
–Ի՞նչ առումով եք համարում, որ իրավիճակին չի տիրապետում։
Կարդացեք նաև
–Ես չգիտեմ, թե ինչն է իրեն ստիպում նման հայտարարություններով հանդես գալ, ես մի բան կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կամարտահայությամբ է ընտրվել ՀՀ վարչապետ, ու իր հայտարարությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, այլ ամբողջ ժողովրդին է վերաբերում։ Ես կարող եմ արդեն ասել, որ Վիտալի Բալասանյանը չափն անցն՚ում ՚է, ու խորհուրդ կտամ Բալասանյանին զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի։
–Սպառնո՞ւմ եք Վիտալի Բալասանյանին։
–Չեմ սպառնում, ուղղակի ասում եմ, թող ուշադիր լինի։
–Հանդիպում ունեցել եք Վիտալի Բալասանյանի հետ, գուցե խոսե՞ք նրա հետ՝ պարզելու համար, թե ինչ տրամադրվածություն կա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության նկատմամբ։
–Ես ինքս անձամբ չեմ հանդիպել, ես չգիտեմ՝ հանդիպումներ եղել են, թե ոչ։ Ես կարծում եմ, որ նման հայտարարություններ անելու իրավունք ոչ ոք չունի։ Ես որքան տեղյակ եմ, իրավապահ համակարգը զբաղվում է այդ սպառնալիքներով։ Ես ընդունում եմ, որ ինքը կռված է, զինվորական է, ես ինքս էլ զինվորական եմ, 15 տարի ես պատիվ եմ ունեցել ծառայել հայոց բանակում, բայց դա ոչ մեկիս իրավունք չի տալիս այդպիսի հայտարարություններ անել, նման ձեւով խոսել։ Մենք բոլորս ենք հավասար ո պետք չի ինչ-որ մեկին վեր դասել։ Մենք բոլորս էլ հավասար մարդիկ ենք, բոլորս էլ այս երկրի համար ենք մի բան անում, որպեսզի երկիրը զարգանա, առաջ գնա։ Ու ինչ-որ հայտարարություններ անել, սպառնալ, ես չեմ կարծում, որ մեզ պատիվ է բերելու։ Խորհուրդ կտամ՝ ամեն մեկս մեր գործով զբաղվենք, ամեն մեկս լինենք մեր տեղում։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում