Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետեւանքներով

Հոկտեմբեր 11,2019 11:28

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը եւ հանդես եկել այնտեղ ելույթով:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը  «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման ժամանակ

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Թանկագի՛ն բարեկամներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ի սրտե ողջունում եմ բոլորիդ Արցախի Հանրապետությունում:

Այսօրվա միջոցառումը բավականին յուրահատուկ է թե՛ իր բովանդակությամբ, թե՛ մասնակիցների առումով: Առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը մեկ հարկի տակ է հավաքել մեր երկրին սատարող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների,  գիտնականների, վերլուծաբանների եւ լրագրողների տարբեր պետություններից: Այստեղ են Արցախի հետ բարեկամության խմբերի եւ շրջանակների անդամներ, մեր հանրապետության անկախությունը ճանաչած կամ մեզ հետ համագործակցող վարչական միավորների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Ժողովրդավարական սկզբունքներին եւ մարդասիրական արժեքներին նվիրվածությամբ դուք տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք եք տանում՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ այս ամենի համար, բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը եւ ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ ու բարեկամներ:

Համաժողովում քննարկվելիք թեմաներն առնչվում են մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին, եւ նման ձեւաչափը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրականությունը, նախանշել ու հստակեցնել անելիքները:

Այս համատեքստում կարեւոր է եւս մեկ անգամ ներկայացնել Արցախի Հանրապետության պետականաշինության տեսլականը եւ մեր արտաքին քաղաքական հրամայականները, ինչը յուրահատուկ ուղենիշ է հանդիսանում նաեւ ձեր աշխատանքում:

Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել եւ մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի եւ Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը:

Մեզ համար կարեւորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաեւ բանակցային գործընթացում:

Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, եւ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով:

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում շարունակում են մնալ հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքները:

Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ:  Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ:

Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների եւ նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Յուրաքանչյուր ժամանակահատված առաջադրում է նոր խնդիրներ, պահանջում է տարբեր մարտահրավերների դիմակայելու ռազմավարության եւ մարտավարության հստակեցում ու ճշգրտում: Այստեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը, Արցախի եւ նրա բարեկամների միջեւ մշտական գործնական կապերի ամրապնդումը:

Անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական: Համոզված եմ, որ մեզ հաջողվելու է արդյունավետորեն լուծել դրանք, եւ այս ճանապարհին հատուկ նշանակություն ունի նման միջոցառումների անցկացումը:

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին՝ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք:

Շնորհակալություն:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031