Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի ռազմական գործողությունը հաշվարկված է լինելու. նրա առաջ սահմաններ են դրված». Արմեն Պետրոսյան

Հոկտեմբեր 11,2019 10:08

«Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունը տարածաշրջանային անվտանգությունը հերթական անգամ լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու»,-Aravot.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Սիրիայի դեմ Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» գործողությանը: «Սա Թուրքիայի իրականացրած հերթական ագրեսիվ  քայլն է հարեւան պետության դեմ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ: Միջազգային հանրությունը եւ սիրիական հակամարտությանը ներգրավված բոլոր դերակատարները դատապարտել են Թուրքիայի ագրեսիան, բայց մյուս կողմից երեւում է, որ այս գործողությունն առավել հավասարակշռված է լինելու, որովհետեւ Թուրքիան զգուշանում է՝ գիտակցելով որոշակի սահմանների առկայությունը, որոնք անցնել չի կարելի։ Այսինքն, իրավիճակը վերահսկելիության որոշակի հնարավորություն կունենա: Հետագա զարգացումներում շատ բան կախված է լինելու նաեւ քրդերի պատասխան գործողություններից՝ կդիմադրե՞ն, թե ոչ: Այս պարագայում, ամեն դեպքում, զսպող մեխանիզմներն առկա են»,-նկատեց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը կարծում է, որ այս հակամարտությունը քարոզչական մեծ բաղադրիչ ևս կունենա, ինչի հետեւանքով թուրքական կողմը կարող է առիթն օգտագործել եւ շահարկել քրդերին աջակցող այսպես կոչված «հայկական գումարտակի» թեման. «Այս պահին դեռեւս չկա նշված «գումարտակի» մասին տեղեկատվություն, բայց դեռեւս ապրիլին քրդական քարոզչամեքենան լայնորեն անդրադարձել էր Անկարայի կողմից թիրախավորված «Սիրիական դեմոկրատական ուժեր» բազմազգ կառույցի կազմում Նուբար Օզանյանի անվամբ իբրև հայկական զորամիավորման ձևավորմանը: Վերջինս հայտնի հայ ազատամարտիկ է, ով քրդերի կողմից երկար տարիներ պայքարել է Թուրքիայի դեմ: Այդ փաստը կարող է վտանգել շրջանի հայկական համայնքին, քանի որ դա կարող է դիտարկվել որպես «աջակցություն ահաբեկչությանը»: Թեման տարածել են քրդերը, իսկ թուրքերը՝ ակտիվորեն շահարկել, որովհետեւ իրենց ձեռնտու էր, որովհետեւ հայերի դեմ ծրագրեր ևս ունեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031