Քանի գնում համոզվում եմ, որ քաղաքականությամբ զբաղվելը մարդկանցից պահանջում է, այսպես ասենք, մտքի ճկունություն: Եվ որքան մեծ է քաղաքականությունը, որքան մասշտաբային խնդիրներ է այն լուծում, այնքան ահռելի չափերի է հասնում այդ ճկունությունը: Բերենք սկզբից «փոքր մասշտաբի» օրինակ. մարդիկ իշխանության գալու համար վնասում էին արագաչափերը (քանի որ դրանք խեղճ ժողովրդին կեղեքելու միջոց էին), իսկ իշխանության գալուց հետո նոր արագաչափեր են դնում (պետք է, չէ՞, երկրում կարգուկանոն հաստատել): Բայց դրանք մանր չարաճճիություններ են, մանկապարտեզային խաղեր, եթե համեմատենք, օրինակ, ամերիկյան քաղաքականության ճկունության հետ:
Այդ երկիրն, ինչպես հայտնի է, մարդու իրավունքների եւ հումանիզմի ջահակիրն է ամբողջ աշխարհում: Բայց դա՝ ընդհանրապես: Իսկ մասնավորապես, ԱՄՆ-ը ամենեւին դեմ չէ, որ մի երկրի կանոնավոր բանակը ներխուժի մեկ այլ երկիր եւ կոտորի հազարավոր մարդկանց: ԱՄՆ նախագահ Թրամփն ասում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի վրա հարձակվելը «վատ գաղափար» է, բայց մյուս կողմից ամեն ինչ արել է, որպեսզի այդ «վատ գաղափարն» իրագործվի՝ նախօրոք հետ քաշելով իր զինծառայողներին մարտական գործողությունների գոտուց եւ «հրավիրելով» այնտեղ թուրքերին:
Բայց ամենահետաքրքիրն այդ «ճկունության» Թրամփի հիմնավորումն է՝ քրդերը, որոնց նա տվյալ դեպքում հարվածի տակ է դրել, պարզվում է, չեն օգնել Միացյալ նահանգներին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն էր քրդերի դերը 1861-1865 թվականների Քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ քրդերն այն ժամանակ Հարավի՞, թե՞ Հյուսիսի կողմից էին: Եվ եթե պատմական փաստարկները Թրամփի համար այդքան կարեւոր են, ապա կարելի է հարցնել՝ իսկ Թուրքիան օգնո՞ւմ էր հակահիտլերյան կոալիցիային նույն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Որքան գիտեմ, այդ երկիրը ճիշտ հակառակ ճամբարում էր:
Թրամփը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի վրա դրված է քաղաքացիական բնակչության պաշտպանության պարտականությունը: Դա էլ է շատ ճկուն միտք, որովհետեւ, բոլորը գիտեն, որ նման մեծածավալ ռազմական օպերացիայի ժամանակ ոչ ոք եւ երբեք քաղաքացիական բնակչության մասին չի մտածում: Ենթադրում եմ անգամ, որ Թուրքիան նման հավաստիացումներ մի թեթեւ տվել է, բայց այդ երկիրը նույնն է արել Առաջին աշխարհամարտի ժամանակ, եւ մենք՝ հայերս, գիտենք, թե քանի կոպեկ արժեն նման հավաստիացումները:
Կարդացեք նաև
Այն տարածքում, որը Թուրքիան հիմա պատրաստվում է գրավել, գտնվում են ճամբարներ, որտեղ պահվում են «Իսլամական պետության» հազարավոր գերեվարված գրոհայիններ: Թրամփը «միամտորեն» հույս է հայտնել, որ այդ ահաբեկիչները ազատություն չեն ստանա:
Թուրքիան Սիրիայի վրա հերթական հարձակումն անվանել է «Խաղաղության ակունք»: Այս իրադարձությունների համատեքստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կարելի է անվանել «իմաստության ակունք»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
“Այդ երկիրը մարդու իրավունքների եւ հումանիզմի ջահակիրն է ամբողջ աշխարհում”, այն դեպքում,երբ մահապատիժը դեռգործում է մի շարք նահանգներում։
Կառավարությանը պատկանող և վարչապետին ենթարվող «Քաղաքական հետախուզությունը», «Ռազմավարական հետախուզությունը», «Մրցակցային հետախուզությունը» և այլն՝ հիմք են տալիս վարչապետի քաղաքական ճկուն գործողություններին և համեմատելով ամերիկյան մանր չարաճճիությունների ու մանկապարտեզային խաղերի հետ, պետք է հայտարարել՝ ««Դուխով», առաջ, առաջ մինչև վերջ: «Դուխով»»: