Երեւանի Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ հոբելյանական հանդիպում-ցերեկույթ՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատանը կից ստեղծված «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի հիմնադրման տասնամյակի առթիվ, որին մասնակցում էին հայաստանցի բոլոր այն արվեստագետները, որոնք տարիներ շարունակ համագործակցել են ցուցասրահի հետ։ Հոբելյանական հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան եւ «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավաթյանը։ Հանդիսությանը ելույթ ունեցան նաեւ գեղանկարիչներ Փարավոն Միրզոյանը, Կառլոս Սայադյանը, Խաչիկ Աբրահամյանը, Գագիկ Ղազանչյանը եւ Արա Շահումյանը։
Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատանը կից ստեղծված «Լյուսի Թութունճյան» ցուցասրահն անցնող 10 տարիների ընթացքում մշակութային լայն գործունեություն է ծավալել՝ կազմակերպելով 103 ցուցահանդես։ Ավելի քան 130 արվեստագետ՝ աշխարհի տարբեր երկրներից եւ հատկապես Հայաստանից, սերտորեն համագործակցել են ցուցասրահի հետ։ Տարիների ընթացքում ցուցասրահը կարողացել է դառնալ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ մշակութային ու հատկապես կերպարվեստի բնագավառում ամուր կամուրջ։
«Լյուսի Թութունճյան» ցուցասրահի տնօրինությունը եւ վարչությունը մինչեւ տարեվերջ նախաձեռնել են մի շարք հոբելյանական հանդիսություններ, որոնց միջոցով իրենց երախտիքի խոսքն են հայտնելու բոլոր այն անձանց, ովքեր տասը տարի շարունակ աջակցել են ցուցասրահի գործունեությանը։
Անուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2019