«Դպրոցի ներսում միայն նախակրթարանի սանհանգույցն է, մնացածիս համար՝ դրսում: Ձմռանը շատ դժվար է լինում: Նաեւ ջրի բացակայություն կա»,- ասում է Համեստ Կարապետյանը: Նա ու իր դասընկերները, որոնք սովորում են Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի Մ. Գեւորգյանի անվան միջնակարգ դպրոցում, ամեն օր հանդիպում են մի շարք խնդիրների:
Աշակերտների համար խնդիր է նաեւ տեխնիկայի բացակայությունը, դասասենյակների ու ֆիզկուլտուրայի դահլիճի անբարեկարգ վիճակը: Դպրոցում համակարգչային սենյակ ստեղծվել է 2003թ.՝ մասնավոր ծրագրով: Սկզբում այն աշխատել է 6 համակարգչով, որոնք տարիների ընթացքում շարքից դուրս են եկել:
«Հիմա համակարգչային սենյակում կա 1 համակարգիչ, այն էլ նորմալ չի աշխատում»,-պատմում է Համեստը: Դասասենյակներում լույսի բացակայության խնդիր կա, իսկ ֆիզկուլտուրայի դահլիճը բացի այն, որ անբարեկարգ է, ձմռանն ընդհանրապես չի գործում, որովհետեւ չի ջեռուցվում:
Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարիբեկյանն ասում է, որ տարիներ շարունակ դպրոցի գլխավոր խնդիրը հենց ջեռուցումն է եղել, սակայն անցյալ տարի համայնքապետարանի աջակցությամբ շենքի մի մասն (1/3) արդեն ջեռուցվում է: Առաջնային խնդիրը, տնօրենի խոսքով, այս պահին շենքի ֆիզիկական վիճակն է: «2013-14թթ. շենքը դրսից վերանորոգվել է, ներսում աշխատանքներ չեն տարվել: Շենքային պայմաններն անբարեկարգ են»,- նշում է Ս.Սարիբեկյանը:
Կարդացեք նաև
Աշխարհագրության ուսուցիչ Սերոբ Հովակիմյանը եւս առաջնային է համարում դպրոցի վերանորոգման հարցն ու մասնաշենքի ջեռուցման խնդիրը: Ասում է, որ իր առարկան ապահովված է պահանջվող իրերով (քարտեզ, ատլաս, գլոբուս) ու դասագրքերով: Խնդիրը շենքային պայմաններն են: Երասխահուն գյուղի գյուղապետ Արմեն Ավետիսյանն էլ ասում է, որ խնդիրներին քաջատեղյակ է, սակայն համայնքային բյուջեով դրանց լուծում տալն անհնար է:
Մանե ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2019