Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օպերայի վարչապետը խեղճերին կոչ արեց փողոց դուրս գալ

Հոկտեմբեր 11,2019 14:00

Համաշխարհային օպերային գրականության հայտնի դեմքերից ամենաերկար անունը կրող իտալացի կոմպոզիտոր, 11 օպերաների հեղինակ Ումբերտո Մենոտի Մարիա Ջորդանոյի «Անդրե Շենիե» ստեղծագործության համերգային կատարումը օրերս տեղի ունեցավ Ազգային օպերային թատրոնում՝ մասնակցությամբ թատրոնի նվագախմբի (գլխավոր կոնցերտմայստեր՝ Գայանե Աբրահամյան), երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան) եւ մեներգիչների։ Գլխավոր՝ Անդրե Շենիեի դերերգը կատարեց ճանաչված տենոր Հովհաննես Այվազյանը։ Դիրիժորական վահանակի մոտ էր Ջանլուկա Մարչանոն։

Այս օպերան դարձյալ համերգային կատարմամբ հնչել է մեր օպերային թատրոնում  1991թ.՝ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի ղեկավարությամբ։ Գլխավոր դերերգերով էլ հանդես են եկել Գոռ Արսենյանը ¥Անդրե Շենիե), Օլգա Զախարյանը, Կոնստանտին Սիմոնյանը, Ալեքսանդր Թամազովը եւ ուրիշներ։

Հիշյալ օպերան, որի առաջնախաղը կայացել է 1896թ. Միլանում, հեղինակավոր թատրոններում ներկայացվում է ե՛ւ համերգային, ե՛ւ բեմադրության ձեւաչափերով։ Լիբրետոյի հեղինակն է իտալացի դրամատուրգ Լուիջի Իլքին։ Իսկ հիմքում ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանից հայտնի ֆրանսիացի բանաստեղծ, լրագրող, քաղաքական գործիչ Անդրե Շենիեի իրական կենսագրությունն է, որի ողբերգական ճակատագիրը, ինչպես նշում են արեւմտյան ճանաչված մասնագետները, այդ թվում՝ դրամատուրգներն ու երաժշտագետները, մինչ օրս անհանգստացնում է, հուզում հանդիսատեսին։ Ի դեպ, որոշ արտասահմանյան աղբյուրների հավաստմամբ Շենիեի մայրը հայուհի է եղել:

Իսկ ի՞նչն է հուզում մեր հանդիսատեսին։ Չափազանց հետաքրքիր է սյուժեն, գլխավոր կերպարների վառ ինքնադիմանկարների առկայությամբ ու արիաների չափազանց մեղեդային ներկայությամբ։ Օրինակ, Շենիեի արիան ընդգրկված է մոլորակի բազմաթիվ տենորների երգացանկում։ Չմանրամասնելով լիբրետոն, որտեղ միահյուսված են սիրո եւ քաղաքական թեմաները, մեր հանդիսատեսին անչափ հուզել էր հեղափոխական վարչապետի վարքագիծը։ Օպերայի առաջին արարում ներկայացող Ժերարը, որը, այսպես կոչված, բարձր հասարակության շրջանում ամենաչնկատվող անձն է, հետագայում դառնում է հեղափոխության լիդերներից մեկը, ապա վարչապետ։ Հենց առաջին արարում էլ ներկայացող, արդեն ճանաչված իր սիրային բանաստեղծություններով Անդրե Շենիեն հանդգնում է հակառակվել բարձր հասարակությանը, չի կարդում իր սիրային բանաստեղծությունները: Նա իր հանրահայտ արիայում արտահայտում է այն միտքը, թե համատարած աղքատության,  կաշառակերության մթնոլորտում ինչպե՞ս կարելի է սեր երգել։ Իսկ արդեն վարչապետի աթոռին ձգտող Ժերարը, ինչպես լիբրետոյում է ասվում՝ հրամայում է խեղճ մարդկանց դուրս գալ փողոց, ոտքով քայլել, բարձրաձայնել իրենց իրավունքների մասին… Եվ այս ամենը Շենիեի բանաստեղծությունների ներքո։

Երգչախմբին, նվագախմբին, մեներգիչներին առանձին-առանձին գնահատելը թողնելով մասնագետներին, նշենք, որ համերգային կատարմանը ներկա էին մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնցից մեկը մեզ դիմեց բուկլետի ձեռքբերման խնդրանքով, ապա հավելեց՝ 10 մեներգիչները բոլորը իտալացինե՞ր են։ Նրան  ներկայացրինք մեր «իտալացիներին»՝ Ազգային օպերային թատրոնի մեներգիչներին։ Նրանք են՝ Հովհաննես Այվազյան, Դավիթ Բաբայանց, Գրետա Բագիյան, Սիրանուշ Գասպարյան, Վարսենիկ Ավանյան, Հայկ Տիգրանյան, Պողոս Բիազբեկյան, Հովհաննես Անդրեասյան, Արմեն Բադալյան, Աշոտ Ղանթարջյան։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Դե լա՛վ, սա էլ եղա՛վ … իսկ ե՞րբ պետք է հերթը հասնի, մեր ազգային օպերային թատրոնում հայ ազգային օպերայի զարգացմանը: Այսինքն՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությանը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031