Սպիտակում տներ չեն կառուցվում: 1988-ի երկրաշարժի էպիկենտրոնում տղամարդ չկա. արտագնա աշխատանքի են մեկնել: Գիշերը հազիվ վեց-յոթ տան լույս է վառվում: 2027 ընտանիք այսօր ապահովված չէ մշտական բնակարանով, այդ ընտանիքներում կան 223 անկողնային հիվանդներ, միայնակ ծերեր:
«Առավոտը» զրուցեց ԽՍՀՄ պատգամավոր, ՀԿԿ Սպիտակի շրջկոմի առաջին ու վերջին քարտուղար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Նորիկ Մուրադյանի, Սպիտակի «Մոռացված ժողովուրդ» խորհրդի նախագահ Համլետ Դիլբարյանի, ինժեներ Սլավիկ Հովհաննիսյանի եւ տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի հետ, ովքեր ահազանգում են այսօր «քարտեզից դուրս» հայտնված Սպիտակի մասին եւ «բաց նամակով» դիմել են հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ներկայացնում ենք մի հատված «բաց նամակից».
Կարդացեք նաև
«Աղետի գոտու էպիկենտրոն Սպիտակ քաղաքը մինչեւ ավերիչ երկրաշարժը համարվել է հանրապետության հզոր արդյունաբերական կենտրոններից մեկը, որտեղ գործել են շուրջ 22 գործարաններ, ֆաբրիկաներ ու ձեռնարկություններ: Դրանց թվում՝ շաքարի կոմբինատն իր կիտրոնաթթվի արտադրամասով, վերելակների գործարանը, հացամթերքների կոմբինատը, կաշվի փոխարինիչների գործարանը, կարի արտադրական միավորումն իր մասնաճյուղերով եւ ֆաբրիկաներով, թռչնաբուծական ֆաբրիկան, կաթի վերամշակման գործարանը……Կործանարար երկրաշարժի հետեւանքով հարյուր տոկոսով ավերվեցին ողջ տնտեսական եւ էներգետիկ համակարգերը: Քաղաք Սպիտակը եւ շրջանի քսան բնակավայրերը վերածվեցին փլատակների, որտեղ կար 52 000 բնակիչ, 15000 հա հողատարածք, թողարկվում էր 200 մլն ռուբլու արտադրանք:
Աղետի հետեւանքների վերացման նպատակով ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունները, ինչպես նաեւ արտասահմանյան պետությունները, սփյուռքահայերը կազմակերպեցին մեծամասշտաբ հումանիտար եւ վերականգնողական օգնություններ եւ գործողություններ:
Երկրաշարժի հետեւանքների վերացման շտաբի պետ նշանակվեց շրջկոմի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը: Կարճ ժամանակամիջոցում վերականգնվեց եւ սկսեց արտադրանք տալ կարի արտադրական ֆաբրիկան երկու մասնաճյուղերով, 9 բալանոց դիմացկունության կոնստրուկցիաներով, յուրաքանչյուրը 15000 քմ մակերեսով:
ԽՍՀՄ-ը Գերմանիայից վալյուտայով գնեց 48 ալյումինե կոնստրուկցիաներով ու տանիքով թռչնանոցներ, որից 24-ը սկսեց գործել եւ թռչնամիս արտադրել:
Սպիտակում եւ տարածաշրջանում կառուցվեցին ջերմոցային մեծ տնտեսություն, արտադրական բազա, յոթ շինարարական տրեստներ՝ իրենց ավտոտրանսպորտային կազմակերպություններով: Այդ կառույցներում արդեն կային 14 «Կամացու» տրակտորներ: Առաջին օրերին Գերմանիայից ինքնաթիռներով ուղարկվեց 20 հատ ամբարձիչ՝ 25 տոննա հզորությամբ, 4500 վերամբարձ կռունկներ, որոնցից այսօր ոչինչ չի մնացել: «Կամազ» ավտոգործարանն անվճար առաքեց 25 միլիոն ռուբլու ավտոմեքենաներ:
Ընթացքի մեջ էին Սպիտակի կայարանի ընդլայնման աշխատանքները եւ ԽՍՀՄ տրանսպորտի նախկին մինիստր Կոնարեւի հրամանով ներկրվել էին ողջ սարքավորումները եւ երկաթբետոնե սյուները. կայարանը դառնալու էր հանգուցային:
Նորակառույց բոլոր գործարանները հագեցած էին արտասահմանյան թանկարժեք հոսքագծերով, աշխատել են տեղական հումքով՝ էկոլոգիապես մաքուր արտադրանք տալով:
Այսօր դրանք չկան: Չկա վերելակների գործարանը, որտեղ պետք է արտադրվեին դրոներ, ռոբոտներ, զինամթերք, ինքնաթիռներ:
Անխղճորեն թալանվել են Թռչկանից դեպի Սպիտակ անցկացված ջրագծերից մեկի խողովակաշարի խողովակները՝ նախկին պատգամավոր Պավլիկ Ասատրյանի կողմից, իսկ նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանը ապամոնտաժել ու վաճառել է քսան կմ. երկարությամբ կեղտաջրերի նորակառույց խողովակների մի մասը, որի հետեւանքով քաղաքի կոյուղու կեղտաջրերը թափվում են գետը:
Միջազգային Կարմիր խաչը նախատեսել էր ողջ աղետի գոտու համար կառուցել հիվանդանոց, որպեսզի տուժածները կարողանան բուժվել, Իտալիան համաձայնել էր կառուցել մեկանգամյա ներարկիչների գործարան, այդ նպատակի համար նույնիսկ հողամաս էր հատկացվել, սակայն այն տեղափոխվեց Երեւան:
Խորհրդային գիտնականների հետ Նորիկ Մուրադյանը 1989թ.-ին մեկնեց ԱՄՆ եւ այնտեղ պայմանավորվածություն ձեռք բերվեց կառուցել ավազի ու կղմինդրի գործարան՝ Սպիտակի ավազահանքերում արտադրանք սկսելու համար, սակայն հետագայում այդ գումարի չափով ներկրվեցին այլ սարքավորումներ եւ տեղադրեցին Երեւանում:
Նույն այցի ժամանակ, դեկտեմբերի 7-ին, Ն.Մուրադյանը հանդես եկավ ԱՄՆ Արեւմտյան թեմի Նյու Յորքի եկեղեցում, այնտեղ հավաքվեց եւ Էջմիածնին փոխանցվեց հինգ միլիոն դոլար՝ նոր հիմնադրած քաղաքի տարածքում եկեղեցի կառուցելու համար: Վազգեն Վեհափառ Կաթողիկոսի կարգադրությամբ եւ անձնական միջոցներով տարածք բերվեց քառասուն ավտոմեքենա մարմարյա եւ գրանիտե քարեր: Այդ եկեղեցուց կառուցվեց միայն կիսանկուղային մեկ հարկ, մնացած գումարն անհետացավ մարմարի եւ գրանիտի հետ, իսկ կիսակառույցը մինչ օրս անավարտ է:
«Երեւաննախագիծը» պատրաստեց Սպիտակի նոր նախագիծը, այն ցուցադրվեց Բուլղարիայում՝ շահելով առաջին տեղը: Սակայն քաղաքի շինարարության ձգձգման պատճառով այժմ այդ թանկարժեք նախագիծն անտեսված է:
Աղետի գոտու համար աշխարհի բարեգործների կողմից Հայաստանում գոյացել էր 19,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Մոսկվայում՝ 5 մլն դոլար:
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մի քանի անգամ ժամանել է Հայաստան, խոստացել Սպիտակում կառուցել երկրաշարժի զոհերի հիշատակի թանգարան: Իր մտահղացումը նա գրել է գրանիտե քարի վրա՝ «Կկառուցենք» նշումով:
Մոսկվայում Շառլ Ազնավուրի համերգներից մեկի ժամանակ Ն. Մուրադյանը մոտեցել էր Ազնավուրին, հայտնել է, որ կառուցվելիք հուշահամալիրում հսկայածավալ շինաշխատանքներ են կատարվել, խնդրել է ներդնել իր խոստացած միջոցները: Ի զարմանս նրա, Ազնավուրն ասել է, որ գումարը փոխանցվել է Հայաստան: Միաժամանակ հայտնել էր, որ մանկական կերերի արտադրության գործարանը ինքը նվիրել է Սպիտակին:
Ցավոք, այն տեղափոխել են Ռուսաստան, իսկ Ազնավուրի խոստացած թանգարանն էլ չենք կարողանում կառուցել:
Սպիտակում գործել է 394 միայնակ ծերերի եւ անօթեանների ճաշարան: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 1999թ.-ից դադարեցվել է դրա գործունեությունը: 2004թ. հրդեհվել է եւ տարածքը վաճառվել, որից հետո դիմել են իրավապահներին, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել:
Սպիտակում 2000-ից ավելի ընտանիքներ բնակվում են հարմարեցված վագոն-տնակներում: Արդեն երկրորդ սերունդն է ծնվում այնտեղ: Երկրաշարժի հետեւանքով կորցրած բնակելի տան, գույքի, զոհված անձանց համար պետության կողմից հատկացված փոխհատուցման գումարները աղետյալները պահել էին ԽՍՀՄ խնայբանկերում, որոնք ժամանակին փոշիացել են, որի հետեւանքով շատերն անօթեւան են մնացել: Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, պարտավոր է վճարել նախկին պարտքերը եւ Հայաստանի ներկայիս կառավարությունը պետք է ամեն բան անի՝ այդ գումարները հատուցելու համար:
Մենք չենք ցանկանում ճանապարհները փակելու միջոցով Ձեր ուշադրությունը հրավիրել բազմաթիվ խնդիրներին: Արդարության վերականգնման համար խնդրում ենք հատկացնել պետական միջոցներ՝ վերակառուցելու երբեմն ծաղկուն արդյունաբերություն ունեցող Սպիտակ քաղաքը»:
«Առավոտ» օրաթերթ
10.10.2019
Շատ տխուր ու մտահոգիչ նամակ է: Նորից վերհիշեցի երկրաշարժը: Իհարկե, երկրաշարժից տուժած բոլոր բնակավայրերն էլ կարևոր են, բայց Սպիտակն էր էպիկենտրոնը: Սա համազգային ամոթ է, ինչու ոչ մի դրամահավաք «Հայաստան» հիմնադրամի կողմից չի նվիրվում Սպիտակին: Վստահ եմ, ողջ հայությունը կմասնակցի, եթե կարդան այս նամակը՛
Հ,Գ. Հետաքրքիր է, Ազգային ժողովում Սպիտակից պատգամավո կա՞, թե իրոք Սպիտակը քարտեզից դուրս է: