«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը:
– Նախօրեին հայտարարություն էր տարածել այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որում բավական ուշագրավ դիտարկում կար. «Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից»: Մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էին հայտարարություն տարածել`ի աջակցություն երկրորդ նախագահի, որի տակ հազիվ մեկ տասնյակ ստորագրություն կար: Ստորագրությունների այս թիվը ի՞նչ հետեւությունների է մղում եւ ըստ Ձեզ, ո՞ւմ է ուղղված Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ովքե՞ր են նրան ստիպում հրաժարվել իր սկզբունքներից եւ որոնք են ադ սկզբունքները, ի՞նչ է ակնարկում Ռոբերտ Քոչարյանը: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը եւ դրա շուրջ առաջացած աղմուկին: Իշխանության նպատակը ո՞րն է, Ձեր տպավորությամբ, տեսարաններ ապահովելը, թե՞ արդարադատության վերականգնումը:
– Կարծում եմ, որ Քոչարյանը ոչ մի լուրջ բան էլ չի ակնարկում, այլ պարզապես հուսահատ փորձեր է անում ձեւավորելու քաղաքական հետապնդման զոհի իր հորինած կերպարը։ Նրա աջակիցներն էլ, բոլորը ժամկետանց սեւ կերպարներ, փորձում են այդ հարցում նրան կողքից աջակցել։ Քոչարյանին ոչ ոք, ոչինչ չի ստիպում, այլ դատում են։ Դատվողն էլ մի կողմից փրփուրներից է կախվում, մյուս կողմից առիթավորվում է դատողների թույլ տված վրիպումերից։
Ինչ վերաբերում է դատավարության բովանդակությանը՝ ապա այն ինձ բացարձակ չի բավարարում՝ սկսած մեղադրանքից, վերջացրած ըստ էության նախահեղափոխական դատարանի որակի հետ կապված հարցերից։ Քոչարյանը պետք է մեղադրվեր ոչ թե սոսկ ինչ-որ կարգի խախտումով զորքերն այս կողմ կամ այն կողմ տեղափոխելու համար եւ ընտրակաշառքի միայն մեկ առանձին դրվագով, այլ ավելի քան տասը տարիների ընթացքում ընտրակեղծարարությամբ իշխանության պարբերական յուրացման, պետության ու ժողովրդի խայտառակ թալանի, կաշառակեր ու բռնապետ համակարգ ձեւավորելու, պետական անվտանգությունը խարխլելու ու միայն այդ շրջանակներում նաեւ իր անվան հետ կապված սպանությունների, սեփական կաշառակերության, շորթումների եւ ապօրինի հարստացման այլ դրվագների համար։ Ընդ որում, Քոչարյանի կողքին մեղադրյալի աթոռին պետք է նստած լինեին ոչ թե մի քանի հոգի հրաման կատարող, այլ շատ ավելի ծանրակշիռ հանցակիցներ՝ այդ թվում դրանցից գլխավորը՝ Սերժ Սարգսյանը։ Իսկ եթե փորձենք մի քիչ էլ երազել, ապա ճիշտ կլիներ այս գործի հետ միավորել նաեւ նախքան Քոչարյանի պաշտոնավարումը տեղի ունեցած իշխանության յուրացման, թալանի ու սպանությունների գործերը ու մեղադրյալի աթոռին նստեցնել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա առանցքային հանցակիցներին։ Հասկանում եմ, որ այդ դեպքում դատավարության ծավալները կարող էին անհաղթահարելի մեծ լինել։ Սակայն, եթե նման`ամբողջականին մոտ ծավալներով արդարությունը վերականգնելու քաղաքական կամք լիներ, ապա տեխնիկական լուծումներն էլ կգտնվեին։ Նյուրենբերգում հանցանքի ծավալը հաստատ բազմապատիկ մեծ էր։ Ուստի, այս դատը մեր ազգին հասցեագրված ծաղր եմ համարում։
Կարդացեք նաև
– Այս ընթացքում ուշագրավ մեկ բան էլ եղավ. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՌԴ նախագահը հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ հետ, ինչից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց օդանավակայան եւ երկարատեւ զրույց ունեցավ ՌԴ նախագահի հետ, ինչից հետո գրառում կատարեց այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, մինչդեռ նաեւ քննադատվեց այն, որ խախտելով ընթացակարգերը, Նիկոլ Փաշինյանը Հայաստան ժամանած տարբեր երկրների, այդ թվում ՌԴ առաջին դեմքին, հավուր պատշաճի չդիմավորեց: Այս իրադարձություններն ի՞նչ մեսիջներ են պարունակում, Ձեր կարծիքով:
– Եթե հիշենք, որ նախապես խոսվում էր անձամբ Քոչարյանի հետ Պուտինի` բանտում կամ հիվանդանոցում հանդիպելու մասին, ապա պետք է արձանագրենք, որ կնոջ հետ հանդիպելը, դա ընդամենը մերժելուց հետո Պուտինի դեմքը փրկելու համար էր։ Պուտինից բացի էլ ո՞վ կարող էր Քոչարյանի ընտանիքին համոզիչ բացատրել, որ առնվազն այս հարցում Մոսկվայից հույսները կտրեն։
Ինչ վերաբերում է ընդունելությանը, ապա արարողակարգային ձեւական պահերն իրականում այնքան էլ կարեւոր չեն, որքան թվում են։ Հիմնականում լրագրողներն են դրանց նկատմամբ հանրային ուշադրությունը ավելորդ գրգռում։ Նիկոլ Փաշինյանն էլ այս առիթով փորձեց ցուցադրել առավելագույն ինքնահարգանք եւ անգամ ինքնիշխանություն։ Կարծում եմ, ընդունելության հետ կապված ամեն բան համաձայնեցված է եղել հյուրերի արարողակարգի պատասխանատուների հետ եւ եթե այդտեղ ոչ պատշաճ պահեր լինեին, դրանք անպայման կսրբագրվեին։
Խնդիրն այն է, որ մեր նախկին ղեկավարների ստորաքարշ վարքի պատճառով, մեզ մի քիչ անսովոր է տեսնել ավելի բնական ընդունելություն, հավասար վերաբերմունք բոլոր հյուրերին, եւ միաժամանակ կատակներ, սելֆիներ ու այլ ոչ տիպական բաներ, որ նախկինում չէինք կարող պատկերացնել հետխորհրդային բռնապետների այս հավաքներին կամ, օրինակ, Իրանի նախագահի մասնակցությամբ։ Իսկ Պուտինի հետ հավելյալ խոսակցությունը օդակայանում չեմ կարծում, թե պայմանավորված էր Քոչարյանի կնոջը նրա այցելությամբ, այլ նախապես որոշված Ռուսաստանի նկատմամբ մի քիչ ավելի հատուկ վերաբերմունքի ցուցադրումը կարող էր լինել կամ աշխատանքային անհրաժեշտություն։
– ԵԱՏՄ գագաթաժողովին հաջորդեց «Վալդայ» համաժողովը, որտեղ ՌԴ նախագահի թիկունքից Ադրբեջանի նախագահը քննադատեց Նիկոլ Փաշինյանին`դեռ օգոստոս ամսին, Արցախում արած`«Արցախը Հայաստանն է եւ վերջ», հայտարարության համար: Մինչ այդ, ՌԴ ԱԳ նախարարն էր ասել, որ նման հայտարարությունները բանակցությունները մղում են փակուղի: Այս ամենն ինչպե՞ս կգնահատեք: Ձեր կարծիքով Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթաց կա՞ առհասարակ, ի՞նչ փուլում ենք, ինչ-որ բան այդ գործընթացին տվեցի՞ն Ալիեւ-Փաշինյան վերելակային պայմանավորվածությունները:
– Դե Ալիեւը ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում «երկու պետությունների» թատրոնի դադարեցումը։ Այդ թատրոնի շնորհիվ է, որ այսքան տարի Ղարաբաղյան հակամարտությունը պահպանում է հօգուտ Ադրբեջանի հանգուցալուծվելու ներուժը։ Եթե Տեր-Պետրոսյանը ժամանակին չորդեգրեր այդ դավաճանական գիծը, մյուսներն էլ չշարունակեին, ապա Արցախի ներկա տարածքը ամբողջությամբ բնակեցված կլիներ ու Բաքվի համար հավետ կորսված։ Իրականում, Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժողովրդահաճ թեւավոր խոսք է ասել Ստեփանակերտում՝ բոլորովին նկատի չունենալով, որ Արցախը նաեւ ՀՀ մաս է, ու հետագայում էլ թե ինքը, թե իր կուսակիցները բազմաթիվ հայտարարություններով նոր լիցք են հաղորդել «ՀՀ-ից անկախ ԼՂՀ» հեքիաթին։ Բայց Ալիեւը հասկանում է, որ հանրային հզոր աջակցություն ունեցող այդ թեւավոր խոսքը մոտ ապագայում արմատապես կարող է փոխել պաշտոնական Երեւանի վերաբերմունքը խնդրին եւ դա պետք է ինչ-որ կերպ կանխել։ Դա էլ փորձում է անել միջնորդներին, այս դեպքում ռուսներին ներգրավելով։
Արցախի հարցի միջազգային կարգավորումը սկզբունքորեն անհնար է։ Այդ իսկ պատճառով կարգավորման վերաբերյալ բոլոր առաջարկությունները նախկինում ենթադրել են բացառապես միակողմանի ու հայ ազգի համար անընդունելի զիջումներ։ Դեռ 2007 թվականից, երբ բոլորի համար պարզվեց, որ հայ ազգը, ի տարբերություն ղեկավարների, որեւէ բան զիջելու ցանկություն չունի, բանակցությունները ըստ էության անիմաստ դարձան։ Լավրովի պլանով ու ապրիլյան պատերազմով հայկական կողմին զիջումներ պարտադրելու ծրագրի ձախողումից հետո Հայաստանի չզիջելու հիմքերը եւ հիմնավորումները էլ ավելի ծանրակշիռ են։ Իսկ Ալիեւ – Փաշինյան շփումների իմաստը բոլորովին լուծում գտնելը չէ, այլ սառը հակամարտության զոհերի կրճատումը եւ ավելի թեժ գործողությունների վերսկսման համար կամ դեպքում սեփական քայլերի համար հավելյալ քաղաքական հիմնավորումներ ստեղծելը։ Այդ տրամաբանությամբ է մեր վարչապետն ասում, թե ինքը համաձայն է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար, ու արձանագրում, որ Բաքուն չի համաձայնվում, որ լուծումը հայկական կողմի համար էլ պետք է ընդունելի լինի։ Ուստի, եթե պատերազմ սկսվի, մենք մեղավոր չենք լինի։ Ալիեւն էլ դրան հակադարձում է, թե տեսեք, Փաշինյանը Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է համարում, ուրեմն մնացած խոսքերը կեղծ են եւ ես պատերազմ սկսելու իրավունք ունեմ ու դրանից բացի այլ տարբերակ չունեմ, այնպես որ, երբ սկսեմ, ինձ չմեղադրեք։
– Դուք այժմ բավական հաճախ եք լինում Արցախում, մանրամասնեք խնդրում եմ`ի՞նչ առաքելությամբ:
-Արցախում նախընտրական շրջան է եւ այդ ֆոնին ակտիվացել են քաղաքական քննարկումները։ Զուգահեռաբար տեսնում ենք արտաքին, հատկապես ռուսական միջամտության փորձեր` Արցախը պաշտոնական Երեւանին հակադրելու ուղղությամբ։ Նրանք էլ են նկատել, որ միացման իրավաքաղաքական հայեցակարգը հաղթում է «Հայաստանից անկախ ԼՂՀ» կեղծիքին անգամ Արցախում, որտեղ այն ագրեսիվ կերպով քարոզվել է տասնամյակներ շարունակ։ Չնայած դրան, միացումը Արցախում ամենապահանջված ու եռանդով լեցուն գաղափարն է։ Քաղաքական շրջանակներին սակայն դա շահեկան չէ, քանի որ միացման ամբողջացման դեպքում Արցախի առանձին քաղաքական դաշտը, նախագահի ծաղրածուական պաշտոնով հանդերձ ու դրա շուրջ ծավալվող կրքերը անիմաստ են դառնում։ Դրանից էլ փորձում են օգտվել մասնավորապես ռուսական ինչ-ինչ շրջանակներ։ Բացի այդ, Ստեփանակերտում բոլորը սպասում են Երեւանի հավելյալ ազդակներին, ուզում են հասկանալ այդ «Արցախը Հայաստան է եւ վերջը» ի՞նչ էր նշանակում եւ առայժմ տեսնում են, որ ոչինչ էլ չի նշանակում։ Ահա այս պայմաններում մենք՝ «Հայկական ընտրություն» նախաձեռնությունով, փորձում ենք հանրային օրակարգ բերել միացումը՝ «Միացման ամբողջացումն ընդդեմ անկախության թատրոնի» երկընտրանքը, հիշեցնել Արցախի հանրությանը եւ քաղաքական շրջանակներին, թե ո՞րն էր միացման իրավաքաղաքական հայեցակարգը, ինչո՞ւ է այն ճիշտ, իսկ անկախության թատրոնը սխալ ու վտանգավոր։ Նաեւ փորձում ենք թույլ չտալ միացման էներգետիկայի նախընտրական շահագործումը դրա բովանդակախեղման միջոցով։ Ընդհանրապես, միացման հարցը միակ քաղաքական հարցն է, որն իմաստ ունի քննարկել Արցախում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Թեկնածուների խոսելը որեւէ այլ հարցի մասին ընդհանրապես անիմաստ է, քանի որ թե սոցիալտնտեսական, թե անվտանգային, թե կրթամշակութային ու բոլոր մնացած հարցերը լուծվում են Երեւանում։ Միակ հարցը, որի վերաբերյալ արցախցիների հավաքական կարծիքը մի քիչ ավելի կարեւոր է, դա այն է, թե ուզում են, արդյո՞ք արցախցիները դադարեցնել «անկախության թատրոնը» եւ պահանջել իրենց, որպես ՀՀ քաղաքացիների, սահմանադրական իրավունքների վերականգնումը, թե՞ դեռ չունեն բավարար կամք ու մեծապես ենթական են ստերի ու ենթադրյալ վախերի վրա հիմնված կեղծ քարոզչությանը։ «Հայկական ընտրություն» նախաձեռնությունը հիմա ուսումնասիրում է նաեւ այն լավագույն ձեւը, որով կարող է ձեւակերպվել արցախցիների կամքը։ Ուսումնասիրում ենք նաեւ ընտրություններին միացման կողմնակից թեկնածուների միասնաբար հանդես գալու, նախընտրությամբ միասնական նախագահի թեկնածու եւ ընդհանուր ցուցակ առաջադրելու հնարավորությունը։ Այստեղ խնդիր կա, քանի որ այս տարբերակը ենթադրում է մասնակցություն «սեպարատ պետության» ընտրությանը, որը սկզբունքորեն մերժում ես։ Կա նաեւ ստորագրահավաքի տարբերակը, սակայն դա ընդամենը խնդրագիր-պահանջագրի կշիռ կունենա։ Քննարկում ենք նաեւ այլ տարբերակներ, որպեսզի հասկանանք, թե ո՞րն է արցախցիների համար ամենաընդունելի եւ արդյունավետ տարբերակը։
– Ձեր երբեմնի զինակից ընկեր Ժիրայր Սեֆիլյանը եւ «Սասնա ծռերը» հայտարարել են Արցախը Հայաստանին միացնելու գործընթացի մասին, ստորագրահավաք էին նախաձեռնել: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, արդյոք ինչ-որ մի պահից հնարավոր է ճանապարհի հատում:
– Արցախում մենք գործակցում ենք միացման իրավաքաղաքական հայեցակարգին հավատարիմ բոլոր կազմակերպությունների եւ անհատների հետ։ Այս պահին ընտրություններին մասնակցել պատրաստվող երկու կուսակցություն կա՝ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաեւ «Սասնա Ծռերի» արցախյան մասնաճյուղը, որոնք ամբողջությամբ պատրաստակամ են գործել հանուն վերջնական միացման։ Կան այլ կուսակցություններ, որոնք քննարկում են, թե ինչպե՞ս են իրենք հասկանում միացումը եւ միացման հայեցակարգի ո՞ր դրույթներն են պատրաստ ներառել իրենց նախընտրական ծրագրերում։
Սակայն մենք հատկապես կարեւորում ենք անկուսակցականների ու երիտասարդների ներգրավումը այս գործընթացում, առանց որի միացման շարժումը շատ թույլ տեսք կունենա։ Այն ստորագրահավաքը, որ սկսել էին «Սասնա Ծռերը» Արցախում, հիմա մի քիչ ժամկետանց է, քանի որ դրանում խոսվում էր միայն ՀՀ ընտրություններին մասնակցելու իրավունքի մասին։ Այդ ձեւակերպումը մենք շրջանառության մեջ էինք դրել նախքան վերջին Աժ ընտրությունները։ Հիմա մենք առաջարկում ենք կուսակցություններին եւ հանրությանը կազմակերպել ստորագրահավաք` շատ ավելի ամբողջական պահանջի ներքո, որը ներառում է մի շարք հաստատումներ եւ պահանջներ։
Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա կազմակերպության հետ հնարավոր հատմանը, ապա տարիները արձանագրել են, որ, այո, մենք սերում ենք նույն ազգային-գաղափարական տիրույթից եւ այսօր էլ զգալի չափով նույն գաղափարների կրողն ենք, սակայն քաղաքական կազմակերպության, դրա ներքին ժողովրդավարության, գործելաոճի մասին մեր պատկերացումները անչափ եւ սկզբունքորեն տարբեր են։ Մեր պատկերացրած կազմակերպությունը պետք է լինի ոչ թե ինչ-որ մեկին պատկանող ջոկատ, այլ բաց եւ ներառական նախընտրական ենթահամակարգ, որտեղ քաղաքական դաշտի ազգային բեւեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է իր որոշմամբ մասնակցել, իրավունք կունենա ներկայացնել իր գաղափարները ոչ թե ինչ-որ մշտական ղեկավարի հայեցողությանը, այլ բոլոր շարքային համակիրներին, իրավունք կունենա քննադատել ու չհեռացվել, համակիրների լայն շրջանակի աջակցությամբ յուրաքանչյուրը կարող է ընտրվել առաջնորդող թիմի անդամ կամ հենց առաջնորդ։ «Սասնա Ծռերի» ձեւաչափով սա օբյեկտիվորեն անհնար է, սակայն դրա անդամների համար, բնական է, նման հարթակ-կազմակերպությունը չի կարող փակ լինել։
Վերջում նկատեմ, որ ես Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերը չեմ եղել՝ դժբախտաբար կամ գուցե բարեբախտաբար։
Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2019