«Եթե իմ գրառմամբ դատախազությունը կարող է քրեական գործ հարուցել, ավելի լավ է թող իրենք խելոք մնան, հակառակ դեպքում դատախազությանը կհանձնարարեմ կալանավորել նրանց»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակելու համար նախկինում մեղադրվող՝ «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանի այն հայտարարությունը, թե «Հայելի» ակումբի վրա ձվերով հարձակում գործած երիտասարդների նկատմամբ քրեական գործի հարուցումը կատարվել է ՀՅԴ-ի ցուցումով, այսպիսի կատակով արձագանքեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
«Նոյյան տապան» մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսին Արտակ Գալստյանը, հիշեցնելով Բագրատ Եսայանի և Գեղամ Մանուկյանի գրառումները հայտարարել էր. «Գեղամ Մանուկյանը երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի էջում գրում է, թե Գոռ Աբրահամյան ջան, վերջը ասա հանցակազմ կա՞, թե՞ ոչ. գնանք քնենք: Մի քանի ժամ հետո Գոռ Աբրահամյանն ասում է, որ հարուցվել է քրեական գործ: Երբ ես դա տեսա, չէի կարողանում հասկանալ՝ ի՞նչ կապ է, ի՞նչն է պատճառը, մինչև երեկ իմացանք, որ Հայելի ակումբի ակցիայի մասնակիցներից Հայկ Ստեփանյանը առանցքային վկա է մարտի 1-ի գործով: Հիմնավոր կասկածներ ունեմ, որ տղաներին մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ցուցման միջոցով: Առկա է առերևույթ արդարադատությանը միջամտելու փաստ»:
Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր մեկնաբանությունն, իհարկե, կատակ էր, իսկ եթե լուրջ, ապա փոխանցեց. «Եթե լուրջ եք ուզում պատասխանեմ, ավելի լավ է դիմեն հոգեբույժի: Դրանից ավելի լուրջ պատասխան չունեմ»:
Aravot.am-ը ասուլիսում հնչած հայտարարությունների մասին փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Հայելի» ակումբի հիմնադիր եւ Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանից: Սակայն նա հրաժարվեց մեկնաբանություններից:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Անժելա Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում դիմում է իրավապահ մարմիններին՝ պահանջելով «Հայելի» ակումբի վրա հարձակված երիտասարդներին որպես մեղադրյալ ներգրավել: Հայտարարության մեջ մասնավորապես ամրագրված է. «Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը:
Որպես մեղադրյալներ ներգրավել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին և Հայկ Ստեփանյանին: Անժելա Թովմասյանին և «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ