Հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների ներգրավմամբ հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկած համատեղ զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը համատեղ ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:
Զորավարժության ավարտական՝ մարտական կրակի կիրառմամբ անցկացված փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգի հրամանատարության ներկայացուցիչներ:
Հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ լայնածավալ զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական բնույթի գործողություններ, ներգրավվել է մեծաքանակ ցամաքային և օդային մարտական տեխնիկա։
Կարդացեք նաև
Զորավարժության ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած մի շարք զինծառայողներ կրակային փուլի ավարտին խրախուսվել են արժեքավոր նվերներով:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն