Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex.Taxi-ն Հայաստանում որակապես նոր փուլ է թեւակոխում. գերժամանակակից նորաբաց կենտրոնը վարորդներին կսպասարկի միջազգային ստանդարտներով՝ գոհացնելով նաեւ ուղեւորներին

Հոկտեմբեր 09,2019 20:00

Yandex.Taxi-ն Հայաստանում որակապես նոր փուլ է թեւակոխում: Երեւանում բացվել է Yandex.Taxi-ի գերժամանակակից տեխնիկայով հագեցած, իր նմանը չունեցող կենտրոնը, որը թույլ կտա այսուհետեւ ընկերության հետ համագործակցող վարորդներին սպասարկել միջազգային չափանիշներին համապատասխան, ինչն անպայմանորեն անդրադառնալու է նաեւ ուղեւորների սպասարկման որակի վրա:

Կենտրոնում վարորդը գրանցվելով՝ անցնելու է հատուկ թեստ, այնուհետեւ մենեջերի հետ անհատական հարցազրույց է ունենալու, որի ընթացքում տրամաբանական հարցերի միջոցով որոշվելու է, թե տվյալ վարորդը ո՞ր կարգում կարող է սպասարկել, պատասխանը վարորդը կստանա sms-ով: Կարեւորվելու է ամեն ինչ՝ սկսած վարորդի հագուկապից, մոտեցումից, մեքենայի որակից, թարմությունից մինչեւ մաքրություն:

Ընդամենը 3 տարի առաջ, երբ Yandex.Taxi-ն նոր էր մտնում երեւանյան շուկա, այստեղ իսկական խառնաշփոթ էր՝ անհատ վարորդներով, սակագնային վայրիվերումներով: Հիմա ձեւավորվել է քաղաքակիրթ շուկա ու անգամ փողոցում դժվար է կանգնեցնել տաքսի, բոլոր վարորդներն ալգորիթմերի միջոցով գնում են դեպի իրենց հաճախորդը: Վատ վարորդները ուղեւորների հետադարձ կապի միջոցով, գնահատման համակարգով դուրս են մնում ծրագրից, լավ վարորդները սպասարկում են հարմար պայմաններով:

Կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կապիրկինը շրջելով կենտրոնում՝ ասաց. «Հայաստանը մեզ մտերիմ երկիր է, հայերը՝ բարեկամական ժողովուրդ ու երբ գալիս ես Երեւան, այստեղ տեսնում ես Yandex.Taxi, կարծես թե հեռավորությունը ՌԴ-ի ու ՀՀ-ի միջեւ նվագագույնի է հասցվում, կրճատվում է: Շատ կարեւոր է Yandex.Taxi -ի գործունեությունն այստեղ»:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հիացած էր կենտրոնով: Նա ասաց, որ ինքն էլ հաճախ է օգտվում Yandex.Taxi –ի ծառայություններից, ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ՀՀ-ում. « Ես օր առ օր նկատում եմ, թե ինչպես է սպասարկման որակը բարելավվում, մեքենաների որակի բարձրացում լինում, ցանկանում եմ, որ այս ընկերությունը զարգանա, սպասարկման որակի բարձրացումը լավ օրինակ կլինի բիզնես ոլորտի համար»:

Հայտնի է, որ բոլորովին վերջերս Yandex.Taxi –ն որակական նոր չափանիշ սահմանեց՝ ներդնելով «Կոմֆորտ», «Կոմֆորտ +» կարգերը: «Կոմֆորտ +»-ը նոր սակագին է, որն արդեն բավականին լավ արդյունքներ ունի՝ միջին գին ու որակ: Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ «Կոմֆորտ», «Կոմֆորտ +»- ի եւ «Բիզնեսի» վարորդների նվազագույն վարկանիշը սահմանված է 4.9, դա չապահովելու դեպքում վարորդն իրավունք չունի սպասարկել՝ անգամ եթե ամենաժամանակակից, ամենաթարմ մեքենաներից է: Որակային կտրուկ փոփոխություններ ենք անում բարձր սակագների դեպքում, եւ վարորդների աջակցման կենտրոնը նաեւ նրա համար է, որ վարորդներն իրենց զգան՝ ինչպես տանը, լավ սպասարկեն, մենեջերների հետ լինեն ընկերներ եւ այլն: Սա մոտեցում է՝ բարձր որակ տալու հասարակության տարբեր շերտերին»:

Aravot.am-ի հարցին՝ որ այսքան նորամուծություններ եք անում, նոր գաղափարներ գեներացնում, դրանից ուղեւորների դժգոհությունները նվազո՞ւմ են՝ Ավետիս Գասպարյանը պատասխանեց. «Ուղեւորների դժգոհությունները միշտ կան ու դա շատ լավ է, որովհետեւ առանց դրա մենք չենք ունենա որակի բարելավում: Մեր հասարակությունը չի սիրում լավ գնահատական տալ: Բայց որ վատ է լինում ինչ-որ բան, անպայման նշում են»:

Ավետիս Գասպարյանն ասաց, որ հատուկ մշակված համակարգ ունեն, որի միջոցով փորձում են հասկանալ՝ շահառուի գնահատականը օբյեկտի՞վ է, թե՞  սուբյեկտիվ. «Մենք մեր հասարակությանը կոչ ենք անում հատկապես բարձր սակագների դեպքում անպայման թողնել իրենց կարծիքը, որովհետեւ այդ կարծիքի հիման վրա ենք մենք այստեղ որոշում կայացնում՝ որեւէ որակական չափանիշ փոփոխելու հետ կապված: Մեծ փոփոխություններ են վերջին ժամանակներս կատարվում Yandex.Taxi–ում, որը պայմանավորված է հետադարձ կապով: Օրինակ, էկոնոմ սակագնում բացասական կարծիքներն ավելի շատ են, քան բարձր սակագների պարագայում է, որովհետեւ վարորդի վարկանիշն  ավելի ցածր է, մեքենան ավելի հին է, բայց սակագինն էլ է ավելի ցածր, որը նույնպես օբյեկտիվ է: Հասարակությունը միշտ փորձում է ստանալ մաքսիմալ օգուտ՝ ավելի քիչ գնով: Ամբողջ աշխարհում է այդպես»:

Yandex.Taxi-ի EMEA եւ CIS երկրների ղեկավար Արամ Սարգսյանը հավելեց. «Մենք հիմա աշխատում ենք, որ նոր ծառայություններ ավելացնենք հավելվածում: Երբ օգտատերը նշում է, թե A կետից B կետ է ուզում տեղափոխվել, ծրագիրը կսկսի հուշել, թե ինչ տեսակի տրանսպորտով պետք է տեղափոխվել: Այս պահին հարմար է տաքսիով շարժվել, կամ ավելի հարմար է ինչ-որ հատված ավտոբուսով գնալ, հետո շարունակել տաքսիով: Ծրագիրը կհուշի ամենահարմար տեղափոխելու հնարավորությունները: Այս ծրագիրը նախ թեստավորվելու է ՌԴ-ում, դրանից հետո առաջին երկիրը, որտեղ կթեստավորվի այն, կարծում եմ, կլինի Հայաստանը»:

Yandex.Taxi-ի միջազգային շուկայում պետմարմինների հետ կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Վիսոցկին ասաց, որ «Հայաստանը մեզ համար կարեւոր տարածաշրջան է, այստեղ մենք տեսնում ենք կրթական մեծ ներուժ, այստեղ մենք ունենք ծրագրավորման երկու դպրոց: Մենք շարունակ ներդրումներ ենք անում կադրերի որակի բարձրացման համար, աշխատում ենք իրականացնել լավ գաղափարներ, օրինակ, մանկական սայլակներ ենք անվճար տեղադրում, որ անվտանգ երթեւեկություն ապահովենք: Հուսով ենք, շահառուների դուրը կգա»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ Ռուսաստանում հիմա չի թույլատրվում Հայաստանում տրված վարորդական իրավունքներով սպասարկել ուղեւորներին, եթե կա նման արգելք, այս հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում՝ Ալեքսանդր Վիսոցկին պատասխանեց. «Մենք ուզում ենք հասնել նրան, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար ազգային վարորդական իրավունքների նկատմամբ վստահությունը մեծանա, դրա համար պետք է վարորդական իրավունքների ստուգման նոր համակարգ ներդնել, որ բարձրացվի վարորդական իրավունքների տրամադրման որակը, որպեսզի նրանք, ովքեր տաքսի են վարում, կամ հասարակական տրանսպորտ, ունենան միայն բարձր որակ: Մենք դրա համար գտել ենք լուծում, պատրաստ ենք անվճար կիսվել եւ ստեղծել վարորդական իրավունքների ստուգման համակարգ»:

Ուղեւորների սպասարկման ոլորտում վերջին տարիներին մրցակցությունը մեծացել է, ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է քաղաքացին, այնուամենայնիվ, ընտրի Yandex.Taxi -ն: Երբ այս հարցն ուղղեցինք Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրենին՝ Ավետիս Գասպարյանին, նա պատասխանեց. «Մեր ալգորիթմերը վարորդներին ճիշտ են բաշխում, այնպես են անում, որ նրանք հաճախորդին հասնեն ամենաարագ ձեւով: Մեր գլխավոր տարբերությունը մրցակիցներից այն է, որ ամեն րոպե, ամեն տեղ դուք կարող եք համոզված լինել, որ մեքենան կգա ու գինը կլինի ամենահարմարը շուկայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031