«Կան դեպքեր, երբ կոչումի հետեւում թաքնվում են եւ ստանում են անձեռնմխելիություն»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը եւ գործարկումը» խորհրդաժողովին՝ իր ամփոփիչ ելույթում: Վարչապետը խորհրդաժողովում հնչած տարբեր մասնագետների կարծիքները գրի էր առել ու վերջում հերթով պատասխանում էր դրանց:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդրի եւ ուսուցիչների մասին մասնակցի դիտարկումներին, վարչապետն ասաց.«Ասվեց, որ ուսուցչի աշխատանքի նկատմամբ կա քամահրական վերաբերմունք: Իսկ ո՞ւմ շրջանում: Եկեք տարբերակենք ուսուցչի կոչումը»:
Փաշինյանն ասաց, որ կան դեպքեր, երբ կոչումի հետեւում թաքնվում եւ ստանում են անձեռնմխելիություն. «Օրինակ՝ ազատամարտիկ. բարձր է հնչում, բայց ունենք երեւույթներ, որ ազատամարտիկ կոչման հետեւում նշանակում է՝ թալանելու, նվաստացնելու, օրենքից վեր լինելու իրավունք: Նույնը հոգեւորականի կոչումը: Նույնը՝ ուսուցչինը: Պետք է հասկանանք՝ այսօր ունենք վիճակագրական իրողություն եւ բովանդակային իրողություն: Վիճակագրականն է՝ մոտ 10 հազար մարդ է աշխատում հանրակրթության ոլորտում, եւ ունենք իրողություն, երբ ուսուցիչ կոչման ներքո աշխատում են ոչ բավարար գիտելիք ունեցող մարդիկ, դասախոս կոչման դեպքում էլ:
Ես հիշում եմ պետական համալսարանում էի սովորում, դասախոսը մտավ լսարան ու ասում էր աշխարհագրության մասին իր պատկերացումը՝ «սկզբում Նախիջեւանն է գալիս, հետո՝ Իջեւանը»: Ինքը գիտական կոչում ունեցող մարդ էր: Այսպիսի երեւույթներին պե՞տք է անդրադառնանք, թե՞ ասենք՝ ազատամարտիկ, եթե «կոռըչկան» ունես, վերջ, քեզ հետ հարց չկա, եթե հոգեւորական՝ քղամիդը հագել ես՝ քեզ հետ կապված հարց չկա, եթե ուսուցիչ՝ դու սրբության սրբություն ես: Հարցն այն է, թե՝ ով այդ վկայականն ունի՝ որքանո՞վ է համապատասխանում կոչումին: Ես այդպես եմ վերաբերվում ոչ միայն ուսուցչի կոչմանը, ես նաեւ վարչապետի կոչմանն եմ այդպես վերաբերվում: Երբ խոսում ենք կրթական համակարգի մասին՝ մենք պետք է հարց տանք՝ դասախոսական «գիլդիայի» մակարդակն ինչքանո՞վ է համապատասխանում մեր այսօրվա պահանջներին, եւ մենք գնալու ենք այս հարցերը տալու ենք: Եվ լինելու են ցույցեր, բողոքի ակցիաներ, էն բաները հանելու են, բա մենք գիտության…:Մենք պիտի՞ անդրադառնանք Հայաստանում պաշտպանված դոկտորական դիսերտացիաներին: Ում մոտենում ենք՝ պարզվում է կեսը կեղծ է: Ես տարբերակ չեմ տեսնում առանց սրան անդրադառնալու, որ կարող ենք կրթության կամ գիտության ոլորտում մի բան անել: Անգրագետ մարդը չպետք է դասարան մտնելու հնարավորություն ունենա»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ