Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն հեղափոխության պատրաստ պիտի լինես տալ թե՛ կյանքդ, թե՛ բեռնատարդ, հակառակ դեպքում հաշվեհարդար կտեսնենք». «Սասնա ծռերի» գործով Գիչյանի ցուցմունքը

Հոկտեմբեր 09,2019 17:44

Ինչպես հայտնել էինք, այսօր «Սասնա ծռերի» գործով դատավարությանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ դարպասները կոտրած բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանը, որը մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ, հայտարարեց, որ նախաքննական մարմնին տված ցուցմունքում խաբել է, իրականում իր մեքենան «զոռով» չեն վերցրել, ինքն է տվել իր կամքով: Դատարանում նրա տված ցուցմունքն էականորեն տարբերվում էր նախաքննական մարմնին տված ցուցմունքից, ուստի որոշվեց հրապարակել այն:

Ըստ այդ ցուցմունքի, Գիչյանն ասել էր. «Զանգահարեց ինձ անծանոթ մեկը, ասաց Նախախորհրդարանից է: Նույն օրը հանդիպեցինք, այդ անձնավորությունը մեր տուն այցելեց սպիտակ 06 մակնիշի ավտոմեքենայով ու հետաքրքրվեցին իմ Կռազ մակնիշի ավտոմեքենայով, ասացին, որ քարշակման նպատակով են ուզում: Ես համաձայնեցի օգնել: Հաջորդ օրը կրկին այցելեց նշված անձնավորությունը եւ ասաց՝ հանուն հեղափոխության պետք է գործն արվի իմ մեքենայով: Ասաց՝ հանուն հեղափոխության պետք է պատրաստ լինեմ տալ թե՛ մեքենան, թե՛ իմ կյանքը: Նա առաջարկեց ինձ, որ արագության տակ հարվածեմ եւ խորտակեմ ՊՊԾ գնդի դարպասները, իսկ մնացածն իրենց գործն է: Ես պատասխանեցի, որ հեղափոխության կողմնակից եմ, բայց բացառապես խաղաղ ցույցերի ճանապարհով: Այդ ժամանակ ասաց, որ եթե ես հրաժարվեմ, ինձ կդիտեն որպես դավաճան ու հաշվեհարդար կտեսնեն ինձ հետ, իսկ եթե փախչեմ, կոչնչացնեն ողջ ընտանիքս: Սպառնալիքի ազդեցության տակ ինքնազգացողությունս վատացել էր, որի պատճառով այդ անձնավորությունը, թողնելով ինձ վատ վիճակում, մեքենաս վերցրեց ու անհետացավ: Տեղյակ չեմ եղել, թե ինչպես են պատրաստվել նրանք իրագործել իրենց մտադրությունը եւ ինչ նպատակ են հետապնդում: Հետագայում վախեցել եմ դիմել իրավապահներին, որովհետեւ դեռեւս սպառնալիքի ազդեցության տակ էի»:

Հրապարակվեց նաեւ այլ ցուցմունքներ, որտեղ Գիչյանը կրկնել էր. «Էդուարդն ինձ ասաց՝ հանուն հեղափոխության պատրաստ պիտի լինես տալ թե՛ կյանքդ, թե՛ բեռնատարդ, հակառակ դեպքում հաշվեհարդար կտեսնենք քեզ հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031