«Բոլոր այն մարդկանց հետ, ում հետ խոսել եմ, ովքեր եկել են Հայաստան, հիացած են Հայաստանով, կոնֆերանսով, դրանով է, որ Հայաստանը պետք է զարգանա, ի ցույց դնի իր կրթության մակարդակը, օրինակ, ինչպիսին է ԹՈՒՄՕ նախաձեռնությունը եւ Հայաստանում առաջ մղի ժամանակակից տեխնոլոգիական հարթակները: Մենք նավահանգիստներ չունենք, ծով չունենք, մեզ պետք է դիրքավորվել՝ որպես տեխնոլոգիական ազգ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը մասնակցում էր WCIT-ի համաժողովին:
Թանկյանին հարցրեցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին, երբ ուր գնում է, մարդկանց կանչում է Հայաստան, բայց Հայաստանում նույնիսկ վարձով տուն գտնել հնարավոր չէ: Թանկյանն էլ պատասխանեց, որ դժվար հարց է, օրինակ, Նոր Զելանդիայում գներն այնպես էին աճել, որ նույնիսկ արգելվեց օտարերկրացիներին տուն գնել այնտեղ. «Այն, ինչ Փաշինյանն է անում, դա փորձ է հայերին բերել Հայաստան, սակայն այս առումով պետք են տնտեսական հնարավորություններ, որ խրախուսվի, մարդիկ գան, բնակարան առնեն: Դա մի բան է, որ ես ինքս էլ եմ ուզում, բայց մյուս կողմից ողջամիտ քայլեր է պետք անել, որ չափից դուրս ուռճացված գին չլինի»:
Ճշտեցին՝ Հայաստանում հիմա տուն առնելո՞ւ է՝ Թանկյանը պատասխանեց, որ «երբ անցյալ տարի կնոջս հետ էի այստեղ, մի փոքր նայել եմ, բայց չկարողացանք այն ժամանակ գտնել, հիմա էլ եմ որոնումների մեջ, հույս ունեմ, որ ինչ-որ մի բան կգտնեմ»:
Հարցին՝ առաջիկայում չե՞ք պատրաստվում համերգով հանդես գալ, նախորդ համերգի էներգետիկան շատ մեծ էր՝ Թանկյանն ի պատասխան ուրախացրեց. «Գալ տարի հունիսին պատրաստվում ենք գալ Երեւան, աշխատում ենք: Եվրոպական տուր ենք անում մայիս-հունիսին եւ այդ տուրին, իբրեւ մասնակից, Երեւանը ավելցրած ենք, փորձում ենք աշխատել, որ մի հատ լավ ներկայացում անենք: Դեռ վստահ չեմ կարող ասել, թե որտեղ կլինի համերգը, նայում ենք, հետախուզում ենք բոլոր տարբերակները»:
Կարդացեք նաև
Թանկյանը վերջում հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա WCIT-ից օգուտ ստանալ, նոր հնարավորություններ ունենալ. «Ուրախ եմ, որ հայաստանյան շատ գործընկերներ արդեն դրա արդյունքները սկսում են զգալ»:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ WCIT 2019 Yerevan-ի
«Սերժ Թանկյանը Հայաստանում տուն է ուզում առնել ու չի գտնում.»
Ցավակցում եմ, միաժամանակ առաջարկում եմ դիմել համապատասխան գործակալներին…