«Հենց միջուկային վառելիքը բեռնում են ռեակտոր, գործընթացն անցնում է ազգային անվտանգության ուժերի վերահսկողության տակ: Նրանք զինված են եւ հատուկ պաշտպանություն են կազմակերպում»,-այս մասին պատմեց էքսկուրսավարը՝ Սանկտ Պետերբուրգում գործող Լենինգրադի ատոմային էլեկտրակայանում (ԼԱԷԿ)՝ շրջայցի ժամանակ: Հայաստանի, Հունգարիայի եւ Ղազախստանի լրագրողների խումբը ծանոթացավ Լենինգրադի ատոմակայանի հնարավորություններին:
Այս եւ այլ երկրների ԶԼՄ ներկայացուցիչները, բլոգերներն ու մամուլի ծառայությունների աշխատակիցները հոկտեմբերի 8-ից 12-ը «Ռոսատոմ» պետական ընկերության հրավերով գտնվում են Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու «Էներգիայի մարդիկ 2019» փառատոնին, որն անցկացվում է Պետերբուրգից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զելենագորսկ ավանում:
Շրջայցը ԼԱԷԿ-ում այս միջոցառման շրջանակներում էր:
Լենինգրադի ատոմակայանը Ռուսաստանում ամենամեծ հզորություն ունեցող ատոմակայաններից մեկն է: Ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար հատուկ պաշտպանություն է կազմակերպված. Էքսկուրսավարի խոսքով, անօդաչու թռչող սարք անգամ չի կարող մուտք գործել ատոմակայանի տարածք, քանի որ երկու շերտով հակաօդային պաշտպանություն է գործում: Ատոմակայան մուտք գործելն էլ երկար գործընթաց է պահանջում: Աշխատակիցներից սկսած՝ կողմնակի մարդկանցով վերջացրած, անվտանգության մի քանի պահակակետով են անցնում, որի աշխատակիցները նույնպես Ազգային անվտանգության ծառայությունից են:
Այս ատոմակայանում կան տարածքներ, որտեղ ընդհանրապես արգելված է որեւէ տեխնիկայի մուտքը: Եթե նույնիսկ գաղտնի անցկացնես էլ, ինչը, գրեթե բացառված է, կապի որեւէ միջոց այնտեղ չի աշխատի:
Լրագրողները եղան նաեւ ԼԱԷԿ-ի այն սրահում, որտեղ ողջ ատոմակայանի կառավարման վահանակն է գտնվում: Հաքերային հարձակումներից էլ ատոմակայանն առավելագույնս պաշտպանված է: Aravot.am-ի հարցին՝ եղե՞լ են հաքերային հարձակման փորձեր, էքսկուրսավարն ասաց՝ ոչ, ոչ մի անգամ նման դեպք չի եղել:
45 տարվա աշխատանքից հետո, անցյալ տարվա դեկտեմբերին այստեղ կանգնեցվել է երկրի ամենամեծ հզորությամբ էներգաբլոկը՝ շահագործումից հանելու նպատակով: Այս պահին աշխատանքներ են տարվում էներգաբլոկից աշխատած վառելիքի դուրս բերումը կազմակերպելու: Տեղեկացանք, որ նույն տարում արդյունաբերական շահագործման է հանձնվել նորարարական՝ 3+ սերնդի էներգաբլոկը: Այսօր էլ ԼԱԷԿ-ը շարունակում է մնալ էներգիա արտադրող խոշոր ընկերություններից մեկը Ռուսաստանի հյուսիսարեւմտյան հատվածում: Նրա արտադրած էլէներգիայի բաժինը ընդհանուր էլեկտրաներգիայի մասնաբաժնում կազմում է 27 տոկոս: Լենինգրադի ատոմակայանը ապահովում է Սանկտ Պետերբուրգի եւ շրջակա մարզերի էլէներգիայի 52 տոկոսը:
ԼԱԷԿ-ի պատասխանատուների խոսքով, նոր սերնդի ռեակտորի առանձնահատկություններից մեկը անվտանգության ակտիվ եւ պասիվ համակարգերի համադրումն է, որը կայանը զերծ է պահում արտաքին եւ ներքին ազդեցություններից: Այստեղ տեղադրված է «հալեցման ծուղակ» սարքավորումը՝ լցված հատուկ նյութով: Ծուղակը թույլ չի տալիս, որպեսզի ռադիոակտիվությունը պատերի ներսից դուրս գա եւ թափանցի արտաքին միջավայր:
Այս պահին աշխատում են ԼԱԷԿ-ի երկրորդ, երրորդ եւ չորրորդ էներգաբլոկները՝ 1000 ՄԳՎ հզորությամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ