Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն այսօր մասնակցում էր WCIT-ի քննարկմանը, որից հետո նա ասուլիս տվեց:
Թանկյանն ասաց, որ ամեն օր հետեւում է հայաստանյան իրադարձություններին, լուրերին, քանի որ դա իր համար շատ կարեւոր է. «Ինձ շատ հետաքրքիր էր այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, այժմ էլ ես տեսնում եմ եւ շարունակում եմ տեսնել այն զարգացումները, որ կան ՀՀ-ում: Ես տեսնում եմ, որ տնտեսությունն աճում է, աշխատաշուկան է աճում եւ ինձ մոտ տպավորություն է, որ բոլոր թվերը բարելավում են: Դա շատ լավ է, ասում եմ՝ ինչքան ժամանակ է, որ ՀՀ-ում այսպիսի բան տեղի չէր ունենում: Ոչ բոլոր երկրներն են ունակ այսպիսի փոփոխություններ անել եւ ես ուրախ եմ, որ դուք ձեր ձեռքը վերցրեցիք ձեր կյանքը, զարգացումները եւ կարողացաք հասնել փոփոխության: Դա միայն ես չեմ կարծում, երբ Լոս Անջելեսում խոսում եմ սփյուռքի ներկայացուցչների հետ, մարդիկ հետեւում են տեղեկատվությանը, մեկ տարի անց էլ շատերն են ոգեւորված, մտածում են ՀՀ վերադառնալու մասին: Շատերն են հետ եկել եւ դա երեւի անդրադարձել է տուրիզմի ցուցանիշերի վրա: Ես Հայաստանի ապագայի առումով լիահույս եմ»:
Նա հիշեցրեց, որ սուրճի գործ է սկսել ՀՀ-ում. «Դա, իմ կարծիքով, Հայաստանի արժեքները վերցրած սուրճի մասին է, հիշեցնում է, թե ինչպես են սուրճ պատրաստել իմ մայրիկը, տատիկը»: Նա ասաց, որ մտադիր է այդ սուրճը տանել արտերկիր, ԱՄՆ-ում արդեն սկսել է վաճառել. «Ես եւ իմ նման մարդիկ փորձում ենք արտասահմանում ներկայացնել Հայաստանը: Երկրի մասին տպավորությունը հաճախ ոչ թե կազմում են քաղաքական գործիչներով, այլ՝ մշակույթով, սնունդով, սնունդը մեծ դեր ունի»:
Ամուլսարի մասին խոսելով՝ Թանկյանն ասել էր, որ հանքերի շահագործումը չպետք է վնասի ապագա սերունդներին: Այսօր նա ասաց, որ որոշակի կապեր է ունեցել հայաստանյան բնապահպանական խմբերի հետ, սակայն հիմա խնդիրը քաղաքականացված է. «Ամուլսարի խնդիրը հետեւյալն է՝ կա իրավական գործընթաց, որոշ մարդիկ փորձում են քաղաքական դիվիդենտներ ստանալ: Ես աջակցում են բնապահպաններին, բայց ինձ դուր չի գալիս, որ խնդիրը քաղաքականացնում են: Ես տեսնում եմ, որ մարդիկ, ովքեր երբեւէ Հայաստանում բնապահպանական խնդիրներով չեն զբաղվել, հիմա հանկարծ ակտիվացել են: Նրանք նախկինում թքած ունեին դրա վրա, հիմա ակտիվացել են ու ինչ-որ բաներ են փորձում անել, դուք՝ հայերդ, ավելի լավ գիտեք ինչ է կատարվում: Նման հարցերին պետք է համալիր բոլոր կողմերից մոտենալ՝ արբիտրաժի վտանգ կա: Ես կարող եմ ասել, որ ՀՀ իշխանությունները ավելի խորը ուսումնասիրություններ են անում, քան որեւէ կառավարություն, թեկուզ ամերիկյանը նման հարցերում կաներ: Ես ուզում եմ տեսնել ինչպես դա կավարտվի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ եթե ուժ գործադրվի Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ մարդկանց նկատմամբ…Թանկյանն արձագանքեց՝ չեմ կարող եթե-ներով հարցերի պատասխանել. «Ես տարիներ շարունակ հայ բնապահպաններին հորդորում եմ, որ Կանաչների կուսակցություն ստեղծեն, ես նույնիսկ նրանց ծանոթացրել եմ Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցության հետ: Կարծում եմ, դա արժե անել, բայց չպետք է չարաշահել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ WCIT 2019 Yerevan-ի