Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Էդմոն Մարուքյանը չգիտի՝ ինչ պատասխան տալ Եվրոպայում, կխնդրեմ անձնական նամակով գրի. տեքստը կտամ. մեր ակցիան մամուլի վրա հարձակում չէ». Հայկ Ստեփանյան

Հոկտեմբեր 09,2019 16:35

«Կա թյուրըմբռնում ամբողջ հասարակության մեջ. բոլորը սա որակում են որպես հարձակում մամուլի վրա: Բաց ոչ մի հարձակում մամուլի, խմբագրության վրա չի եղել»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում «Հայելի» ակումբի նկատմամբ իրականացրած ակցիայի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց ուրիշի խոշոր չափի գումարը խաբեությամբ հափշտակելու համար նախկինում մեղադրվող՝ «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը:

Նա վստահեցրեց՝ գործ ունենք պրոադրբեջանական քարոզչության հետ, որն իրենք տեսել են Hayeli.am-ի «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» հոդվածում: Հիշեցնենք, որ այս պնդումներին ի պատասխան հրապարակվել է, թե նաեւ իշխանական լրատվամիջոցներում որքան են հրապարակվել համանման վերնագրերով նյութեր:

Այնուհետև ասաց. «Hayeli.am-ում հրապարակված նյութում լրագրող Թամարա Բագրատունին թշնամի պետության ղեկավարի խոսքը թարգմանել է, տեղադրել կայքում, իրականացրել քարոզչություն, տարածել այն: Այդ նյութը 30.000 մարդ է դիտել, առկա է ուղղակի դիտավորություն և տարածվել է ՀՀ-ում: Վերնագիրն ու տեքստն ունեն լուրջ տրամաբանական կապ: Այլ կերպ մենք գործ ունենք պրոադրբեջանական պրոպագանդայի տարածման օջախի հետ: Դա կլինի «Նոյյան տապանը», կոշիկ ներմուծող ընկերություն, իրավաբանական գրասենյակ, թե «Հայելին», կապ չունի, նման կերպ էին վարվելու տղաները, ձվերը կնետվեին նրանց վրա, քանի որ մենք գործ ունենք առերևույթ պետական դավաճանության հանցակազմի հետ»:

Արտակ Գալստյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ տղաների ակցիան մի վերագրեք մամուլի նկատմամբ գործողությունների: Ըստ նրա՝ ձվեր նետելով՝ նրանք փորձել են իրավապահների ուշադրությունը հրավիրել, որ տեղի է ունենում պետական դավաճանություն:

Փաստաբան Սուսաննա Սարգսյանը ևս պնդեց, թե այս ակցիայում չկա ազատ խոսքի դեմ ուղղված գործողություն. «Կա մի գործողություն, որն ակնհայտորեն առաջացրել է բողոքի ալիք: Մեկը ֆեյսբուքում գրառում է արել, մյուսը ձվեր է նետել, ուստի եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա գլխավոր դատախազը պետք է հանձնարարեր ֆեյսբուքյան, ցանկացած համացանցային հաղորդակցության միջոցից հանել բոլոր այդ արտահայտությունները և բոլորի նկատմամբ քրեական գործ հարուցեին՝ ասելով՝ դա ազատ խոսքի դեմ է ուղղված: Այսինքն՝ տղաների գործողություններում՝ բառով, թե ձվով պատին խփելով է արտահայտվում, բացակայում է հանցակազմ»:

Նա նշեց, թե լավ կլիներ՝ գլխավոր դատախազը տեսներ Hayeli.am-ի կատարած գործողություններում հանցակազմ կա՞, թե ոչ: Նա պնդեց՝ օրը ցերեկով «Հայելի» ակումբն իր անձնակազմով ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին:

Հայկ Ստեփանյանը հայտարարեց՝ իրենց արած ակցիան որևէ կերպ չպետք է վերագրել մամուլի դեմ ոտնձգության, հարձակման. «Ֆեյսբուքյան մեկնաբանությունների մեծամասնությունն ի սատարում մեզ է: «Հայելի» ակումբի դուռը փակ է եղել, այնտեղ մարդ չի եղել, մենք ոչ մեկի աշխատանք չենք խոչընդոտել, պատն էլ ընդհանուր միջանցքի պատ է եղել: Այնպես որ, մեր գործողությունների նպատակն է եղել ցույց տալ, որ երկրում հակահայկական քարոզչություն է տեղի ունենում, և պետք չէ սա կապել մամուլի հետ»: Հարցին՝ իսկ եթե »Հայելի» ակումբի դուռը բա՞ց լիներ, ի՞նչ կաներ, Հայկ Ստեփանյանն ասաց՝ գուցե ամոթանք տար ու գնար:

Դավիթ Հովհաննիսյանը հավաստիացրեց՝ իրենք որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ՝ թույլ չեն տալու հակաքարոզչություն:

Արտակ Գալստյանը տեղեկացրեց՝ Հայկ Ստեփանյանն առանցքային վկաներից է մարտի 1-ի գործով, և իր վկայությունը մեծ կարևորություն ունի մարտի 1-ով գործով. «Նույնիսկ դիմել է ՀՔԾ պետին, որոշում է կայացվել իրականացնել իր անձնական պաշտպանությունը: Եթե խոսում ենք հանցակազմի մասին, ապա ակնհայտ է, որ գլխավոր դատախազը տեղյակ է, հիմնավոր կասկածներ ունեմ, որ տղաներին մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ցուցման միջոցով: Առկա է առերևույթ արդարադատությանը միջամտելու փաստ: Եթե գլխավոր դատախազը գոնե քննություն չիրականացրեց «Հայելիի» հոդվածում առկա պետական դավաճանության հանցակազմի վերաբերյալ, չտվեց իրավական գնահատական, ապա այս ամբիոնից հայտարարում եմ՝ ուրեմն Արթուր Դավթյանն օժանդակում է պետական դավաճանությանը: Սա էլ իմ հիմնավոր կասկածն է: Կուժն էլ է իր ձեռքը, կուլան էլ»:

Արտակ Գալստյանը նշեց, որ տղաներն արդեն ներկայացրել են գլխավոր դատախազին հաղորդում հանցագործության մասին՝ պետական դավաճանության վերաբերյալ:

Հարցին՝ ինչպե՞ս պիտի այս երևույթից հետո աշխատի լրատվական դաշտը, եթե նա պիտի մտածի, որ եթե մի բան ինչ-որ մարդկանց դուր չգա, իրենց դռներին ձվե՞ր պիտի հայտնվեն, Արտակ Գալստյանը պատասխանեց. «Այս ակցիայից հետո ՀՀ ցանկացած ԶԼՄ, պետական հիմնարկ, ապրանք արտադրող, ներմուծող ցանկացած կազմակերպություն մինչև ապրանք ներմուծելը, նյութը հրապարակելը պիտի մտածի՝ արդյոք իրենց արածի մեջ հակահայկական, պրոադրբեջանական քարոզչություն կա՞ թե ոչ: Երբ լրագրողը կմտածի, որ իր գործողություններում նման բան առկա չէ, բնականաբար նրան ձվով ոչ ոք չի խփի»:

Հայկ Ստեփանյանն էլ, արձագանքելով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Եվրոպայում մեզ այդ հարցը տալու են, ի՞նչ պիտի ասեք, նշեց. «Եթե Էդմոն Մարուքյանը չգիտի՝ ինչ պատասխան տալ ՀՀ-ն Եվրոպայում ներկայացնելիս, կխնդրեմ անձնական նամակով գրի, տեքստը կտամ, որ պատշաճ կերպով ներկայացնի ՀՀ-ին Եվրոպայում: Մնացած բոլորին կոչ եմ անում մեզ որակում տալուց առաջ սպասել նախաքննության ավարտին, որտեղ կպարզվի՝ մենք առերևույթ այդ բանն արե՞լ ենք, թե ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031