Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորների կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի մասնագիտական ունակությունները բավարար չեն

Հոկտեմբեր 09,2019 15:52

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում էր  Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի հարցը: 2019 թվականի դեկտեմբերին լրանալու է Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ սեպտեմբերի 25-ը խորհրդարանական բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել թեկնածություն ներկայացնելու: Ստացվել է միայն մեկ առաջարկ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Կարեն Սարգսյանի թեկնածությունը: Կից ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահանջվում են պաշտոնի անձնագրով:

Քվեարկության արդյունքում չհաստատվեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած թեկնածությունը: Հանձնաժողովը խորհրդարանին չի առաջադրի թեկնածու: Բավական թեժ քննարկում ծավալվեց թեկնածուի մասնագիտական ունակությունների հարցի շուրջ:

Ներկայացնելով Կարեն Սարգսյանին՝ հանձնաժողով նախագահ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանն ասաց`նա դոցենտի կոչում ունի, այժմ աշխատում է ԳԱԱ-ում, ամբիոնի վարիչ է, Հաշվեքննիչ պալատի անդամի համար անհրաժեշտ աշխատանքային փորձը եւ մասնագիտական ունակություններն էլ ունի: Մանե Թանդիլյանն էլ դրական կարծիք ունի թեկնածուի մասին, ոչ միայն իբրեւ մասնագետ, այլ նաեւ իբրեւ մարդ:

Կարեն Սարգսյանն իր ելույթում ներկայացրեց պալատի զարգացման վերաբերյալ իր տեսլականները: Ասաց`աշխատանքում պետական մարմինների թափանցիկությունը, ծախսերի նպատակայնությունը եւ արդյունավետությունն են լինելու պետական համակարգերի ամրապնդման եւ կոռուպցիայի նվազեցման հիմքը: Հաշվեքննիչ պալատի կողմից օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումը բյուջեի`տարբեր մակարդակներում ծախսումների մասին, ըստ նրա կարեւոր եւ ռազմավարական նշանակություն ունի պետության զարգացման համար: Ինքն էլ նախատեսում է պետական հիմնարկների, պաշտոնյաների գնահատման եւ մոնիտորինգի ինստիտուտի ներդնում, hաշվեքննողների էթիկայի կանոնների մշակում, պալատում ժամանակակից եւ թվային տեխնոլոգիաների ներդրում, կարեւորում է հաշվեքննության արդյունքների նպատակաուղղումը` կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության ոլորտ եւ այլն: Հաշվեքննիչ պալատը պետք է լինի պետական մարմինների գործընկերը, հասարակական վերահսկողության մեխանիզմները պետք է բարձրացվեն պալատի աշխատանքում, քաղհասարակության ինստիտուտների հետ համագործակցությամբ: Հաշվեքննիչ պալատի դերը կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մեջ պետք է լինի մեծ: Թեկնածուն դա պատկերացնում է ժամանակին եւ ճիշտ ոլորտներում պալատի կողմից մշտադիտարկում իրականացնելով եւ հստակ տեղեկատվություն տրամադրելով: Դրա համար պալատի մասին օրենքում փոփոխությունների կարիք է տեսնում:

«Իմքայլական» պատգամավորների կողմից խիստ հակազդեցության արժանացավ թեկնածուի այն հայտարարությունները, որ Հաշվեքննիչ պալատին կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները ստուգելու գործառույթ էլ պետք է տրվի: Կուսակցությունների`ստացած պետական միջոցների մասին է խոսքը: Նաեւ այն, որ ըստ թեկնածուի, Հաշվեքննիչ պալատն իր եզրակացություններում պետք է պատասխանատու պաշտոնյաների անունները հրապարակի: Արտակ Մանուկյանը նկատեց`դա Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով արգելված է, քանի որ պալատը անձանց չի ստուգում, այլ պետական մարմինները:

«Իմ քայլի» պատգամավորները ասացին, որ երեկ հանդիպում են ունեցել թեկնածուի հետ, բազմաթիվ հարցեր տվել են, բայց թե երեկ, թե այսօր իրենց հարցերին առավել ընդհանրական պատասխաններ են ստացել: Օրինակ, Արտակ Մանուկյանին հետաքրքրում էին օրենսդրության անհրաժեշտ փոփոխությունների, կանխամտածված սնանկության, մշտադիտարկման եւ արդյունավետ մեխանիզմներին վերաբերվող հարցերի մասին թեկնածուի մոտեցումները: Պատգամավորն ասաց` ընդհանուր պատասխաններ տրվեցին, մինչդեռ ինքը առավել կոնկրետ պատասխաններ էր ակնկալում:

Եղիշե Սողոմոնյանն էլ հետաքրքրվեց`գնումների ոլորտում աշխատել եք, ի՞նչ բացահայտումներ են եղել եւ քանի մարդ է ձերբակալվել ձեր պաշտոնավարման շրջանում: Թեկնածուն դրական գնահատեց, որ իր պաշտոնավարման շրջանում մեկ միլիարդի կարգի խնայողություն է եղել եւ դա դիտարկեց իբրեւ գնումների համակարգի արդյունավետության չափորոշիչ եւ հավելեց. «Իմ ֆունկցիան եղել է ներքին հսկողության իրականացումը`մրցութային հայտերի, հանձնաժողովների համապատասխանությունները օրենսդրությանը: Անճշտություններ եղել են, բայց առերեւույթ հանցագործություններ չեն եղել»:

Եղիշե Սողոմոնյանն էլ կարծիք հայտնեց, որ թեկնածուն ուղղակի պաշտպանում է գրասենյակը, որտեղ աշխատել է, քանի որ պետության խարխլման հիմքը եղել է հենց գնումների գործընթացում:

«Իմ քայլի» պատգամավորները` Արտակ Մանուկյանը, Եղիշե Սողոմոնյանը հայտարարեցին, որ իրենց կարծիքով՝ թեկնածուն չի համապատասխանում պալատի անդամի համար անհրաժեշտ չափանիշներն:

Ի պատասխան հնչած քննադատությունների, թեկնածուն ասաց, որ ինքը ռազմավարական ուղղություններն է նշել, մարտավարական քայլերը ժամանակի սղության պատճառով չի ներկայացրել, բայց դրանք կան:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031