Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գի՞ժ եմ, ինչ եմ, տանեմ ավտոն պատին տամ». «Սասնա ծռերի» գործով բեռնատարի վարորդը դատարանում խոստովանում է՝ ոստիկաններին խաբել եմ

Հոկտեմբեր 09,2019 15:01

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստն էր:

Հրապարակվեց բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանի ցուցմունքը, հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու համար: Գիչյանը դատարանում հրաժարվել էր ցուցմունք տալուց, նաեւ հարցերին պատասխանելուց էր հրաժարվել, միջնորդություն էր եղել նախաքննական ցուցմունքները հրապարակել:

Դատարանը բավարարել է միջնորդությունը: Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն անպայման ուզում էր ներկա լինել ցուցմունքի հրապարակման ժամանակ: Այսօր դատավորը Գիչյանին նորից հարցրեց՝ ցանկություն ունե՞ք ցուցմունք տալ, հիմա պատասխանել հարցերին, նա պատասխանեց. «Ի՞նչ ցուցմունք տամ, ես դեպքի հետ ընդհանրապես կապ չունեմ, մեքենան ուզել են՝ տվել եմ»:

Դատավորը հորդորեց հենց դրա մասին ցուցմունք տալ՝ ո՞վ է եկել ու մեքենան ուզել, ինչպե՞ս է եղել, ի՞նչ խոսակցություն է եղել: Գիչյանը հորդորեց նախ կարդալ իր նախաքննական ցուցմունքը, որ հիշի, թե ինչ է գրել. «Ես չեմ հիշում, հիշեմ, որ պատմեմ»: Դատավորն ասաց, որ նման դատավարական կարգ չկա. «Դուք ասեք այն, ինչ եղել է»:

Գիչյանն ասաց, որ հրաժարվում է ցուցմունք տալ, հարցերին կպատասխանի՝ նախաքննական մարմնին տված իր ցուցմունքը հրապարակելուց հետո: Նա ասաց, որ «Սասնա ծռերի» անդամներից բոլորին ճանաչում է միտինգներից, անունները չգիտի. «2016-ի հուլիսի 16-ին Մխիթարն եկել էր, ուզել էր ավտոն, որ բուքսիր քաշեր, ասավ՝ ավտոն պետք ա, ես էլ ասի՝ պետք ա՝ տար, ուրիշ բան չէ: Էդուարդ Գրիգորյանը հետն էր: Գործ ունեին, չհետաքրքրվա, հիմա մաշնա էր՝ տվեցի, իրավունք չունե՞մ: Իմ տղի ավտոն ա, չնայած իրավունք չունեի: Եկել էին իրենք Ժիգուլիով՝ 06 սպիտակ գույն: Մինչ էդ Մխիթարին միտինգներում, ժողով-մողովներում էի տեսել, հիմա քիչըմ ավելի ենք մոտիկցել իրա հետ, առաջ էդքան չէինք»:

Դատավորը հարցրեց՝ ձեզ առաջարկվե՞լ է ձեր մեքենայով այն վարեք, հարվածեք ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասներին, նման առաջարկ եղե՞լ է՝ նա պատասխանեց. «Չէ, ըտենց բան ո՞նց կարար լիներ: Ես գի՞ժ եմ, ինչ եմ, տանեմ ավտոն պատին տամ: Էդքան սարքում եմ էդ ավտոն, փող եմ դնում, կտայի՞ր պատին ջարդեիր, հա՛, ո՞վ կաներ»: Նա ասաց, որ կարող է մեքենան տարել են, հետո են որոշել նման բան անել, համենայնդեպս, ինքը տեղյակ չի եղել: Մխիթարը 06 մակնիշի մեքենան թողել են իրենց բակում՝ իր մեքենան տանելիս:

Գիչյանը խոստովանեց, որ նախաքննական ցուցմունքներում խաբել է ոստիկաններին. «Խաբեցի, ասեցի, որ զոռով են տարել մեքենան: Խաբեցի, հիմա ես իսկական ցուցմունք եմ տալիս, որ ես իրանց տվել եմ ավտոն, ոչ թե զոռով տարել են…Տեսա իրանք խաբում են, իրենց գործերը լավ են գնում, ասեցի՝ ես էլ խաբեմ, իմ գործերն էլ լավ գնան»: Նա ասաց, որ պաշտպան ունեցել է, գիտակցաբար է խաբել. «Խաբելու մեջ ի՞նչ կա, կարամ հիմա էլ խաբեմ: Ես ցուցմունքները տվել եմ կամավոր»:

Գիչյանի՝ դատարանում տված այս ցուցմունքի եւ նախաքննական մարմնին տված ցուցմունքի մեջ կային էական հակասություններ, ուստի դատարանը որոշում կայացրեց հրապարակել նաեւ նախաքննական մարմնին տված ցուցմունքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031