Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ես իմ աշխատանքային կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել»

Հոկտեմբեր 09,2019 14:27

«Ստվերի դեմ պայքարում ունենք ե՛ւ լավ նորություններ, ե՛ւ՝ վատ»,-այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին:

Իսկ լավ նորությունն, ըստ Փաշինյանի, այն է, որ այսօր հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է մոտ 1,2%-ով, մինչդեռ արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով՝ որպես ստվերի կրճատման ցուցանիշ եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0,3% շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողությունը Հայաստանի համար: «4 անգամ ավել ենք: Տարվա արդյունքներով որոշակի փոփոխություն գուցե կրի, բայց կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են՝ ստվերի կրճատումն աննախադեպ է»:

Վատ նորություններն, ինչպես վստահեցրեց Փաշինյանը, վերաբերում են վարքագծային բաղադրիչին. «Ասվեց, որ վարքագիծը դժվար է լինում փոխել, բայց առանց դիմադրելու պետք է ընդունենք՝ ժամանակ պետք է տանի: Բերեմ ինձ համար շատ ցավալի օրինակ՝ Գյումրիի օրինակը: Այս տարի անկախության տոնակատարությունները տեղի ունեցան հիմնականում Գյումրիում եւ 15 հազար մարդ է այցելել; Գյումրի։ Ռեստորաններում ամբողջ օրը տեղ չկար, շատ մեծ տնտեսական շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր՝ սեպտեմբերի 21-ին առեւտուրն ի՞նչ շարժ է արձանագրել։ Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց՝ ՀԴՄ կտրոնները քանակով նույնչափ են տպվել, որքան նախորդ օրերին։ Առեւտրի ծավալն ընդամենը 10 միլիոն դրամով է մեծացել է, բայց տպված ՀԴՄ կտրոնների թիվը չի փոխվել 15 օրվա համեմատ: Սա շատ վատ նորություն է»:

Վարչապետի խոսքով՝ Գյումրիի գործարարներն իմացել են՝ հարկայինը ոչինչ չի անելու, ռեյդ չի անելու. «Բայց ասում են՝ ուշադրություն: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի լայնածավալ միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն է, որի արդյունքները մինչեւ այսօր էլ տեսանելի են: Բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ ոչ: Այսինքն՝ տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինի, երկխոսություն պետք է լինի: Սրա հետ կապված մենք լավ նորություն էլ ունենք՝ 2019-ի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա համեմատ 75 մլն ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք: Սրա մի մասը առեւտրի շրջանառության հետ է կապված: Այս թիվը հասել է հիմա 85 մլն»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ չնայած այսօր աշխատատեղերի խնդիր կա, բայց դրան զուգահեռ կարիք կա աշխատողների, եւ խոսքը ոչ միայն բարձր որակավորման մասնագետների մասին է. «Վերջերս այցելեցինք «Կարաս» գինու գործարան, որտեղ մեզ ասեցին, որ բերքահավաքի համար աշխատուժի շատ լուրջ խնդիր ունեն։ Ընդ որում, նախկինում ասում էին, որ դա կապված է նրա հետ, որ նպաստը չկտրեն: Հիմա կարգավորել ենք՝ սեզոնային աշխատանքի ներգրավելու պարագայում քաղաքացին չի կարող զրկվել նպաստից: Կա դիտարկում, որ մեր շատ քաղաքացիներ նախընտրում են Ռուսաստանում աչքից հեռու անել մի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, էնքան որ գյուղի աչքից հեռու (սա վարկած եմ ասում), բայց իրենց գյուղում խաղող հավաքելու համար չգնան աշխատանքի ընդունվեն։ «Կարաս»-ը կապվել է մարզպետարանի հետ, ասել, որ մարդկանց ավտոբուս կտրամադրեն, գյուղերից կտեղափոխեն, բայց էլի հաջողություն չեն ունեցել: Այստեղ կա որոշակի վարքագծային տրամաբանություն»։

Փաշինյանի խոսքով՝ չի կարելի որեւէ մասնագիտության վերաբերվել քամահրանքով. «Ես հարգանքով եմ վերաբերվում աշխատանքով զբաղված ցանկացած մարդու: Ես իմ աշխատանքային կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել»:

Անդրադառնալով տնտեսությանը, Փաշինյանն ասաց՝ «մի՛ գողացիր»-ը վերաբերում է ե՛ւ պետական պաշտոնյային ե՛ւ բիզնեսին. «Այն գործարարը, որը ՀԴՄ չի խփում՝ գողանում է նույն կերպ ինչ-որ չինովնիկը: Այդ ՀԴՄ խփելով ֆինանսավորում է մեր զինվորների սնունդը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031