Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«WCIT 2019-ին ակնկալվող պատվիրակությունների թիվը 2000-2500 էր, սակայն հասավ շուրջ 6000-ի, սա ՀՀ ՏՏ ոլորտում երբեւէ տեղի ունեցած ամենամեծ միջոցառումն էր». Ալեքսանդր Եսայան

Հոկտեմբեր 09,2019 14:06

WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի աշխատանքները շարունակվում են:  Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ WCIT 2019-ի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Նա գոհ էր կազմակերպչական աշխատանքներից. «Լավ արձագանքներ եմ ստանում, հետաքրքրվում ենք մասնակիցներից, թե ինչ ակնկալիքներ ունեիք, երբ եկաք Հայաստան արդյունքներն ինչպե՞ս կգնահատեք, հավանեցի՞ք, թե՞ չէ ու մինչեւ երեկ երեկոյան էլ լավ արձագանքներ ենք ստացել: Պատվիրակությունների ակնկալվող թիվը 2000-2500 էր, սակայն հասավ շուրջ 6000-ի: Մենք ունեցանք բավականին շատ հետաքրքիր քննարկումներ՝ տարբեր թեմաներով: Կարող ենք ասել, որ նախագիծը հաջողված էր»:

Եսայանն ասաց, որ նախապատրաստական զգալի աշխատանքներ է կատարել ողջ աշխատակազմը՝ այս ամենը կազմակերպելու համար. «Այս ձեռքբերումը ոչ միայն մեր անձնակազմի ժրաջան աշխատանքի արդյունքն է, այլ նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտի կազմակերպությունների եւ մեր գործընկերների աջակցության: Միջազգային հյուրերի թիվը ցույց է տալիս, թե որքան աննախադեպ էր այն: Սա Հայաստանում այս ոլորտում երբեւէ տեղի ունեցած ամենամեծ միջոցառումն էր»:

PicsArt ընկերության հիմնադիր եւ ղեկավար Հովհաննես Ավոյանն էլ համաձայնեց. «Սա ամենամեծ համաժողովն էր, որ երբեւէ եղել էր Հայաստանում ՏՏ ոլորտում, սա ամենամեծն է, որ հիշում եմ: Միջոցառման մասշտաբներն ազդեցիկ էին՝ բազմաթիվ օտարերկրացի մասնակիցներ, հյուրեր, ներդրողներ, գործարարներ ու ստարտափներ Հայաստանում էին: Նրանք ոչ միայն վայելեցին հյուրընկալությունը, այլեւ զգացին՝ ինչ գունեղ է այստեղի ՏՏ համայնքը: WCIT-ը նոր էներգիա տվեց՝ ստարտափներ ստեղծելու համար: Կարծում եմ՝ լավ նշաձող սահմանեցինք եւ հույս ունեմ, որ այսուհետ միջազգային այլ համաժողովներ կհյուրընկալենք: ՏՏ ոլորտը կապված է, ասոցացվում է երկրի հեղինակության հետ: Այս ոլորտը տուրիզմ չէ, գյուղատնտեսություն չէ, այն մտքի ուժի մասին է: Եթե կարողանանք աշխարհին ապացուցել, որ ի վիճակի ենք միջազգային մակարդակի ընկերություններ ու ապրանքներ արտադրել, նոր աշխատատեղեր կլինեն եւ դա կլինի նոր վարկանիշ երկրի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031