Վազգեն Արամ Սուլուկջյանը ֆրանսահայ է, նա երկար տարիներ օդաչու է աշխատել, Aravot.am-ի հետ զրույցում ասում է Boeing ինքնաթիռի օդաչու է եղել, այժմ թոշակառու է եւ սիրում է ճամփորդել: Դրա համար էլ Հայաստան է եկել, ու իր խոսքերով այլ Հայաստան է տեսնում: Վազգեն Արամ Սուլուկջյանը նշում է, որ հայրն էլ զինվորական է եղել: Հավելում է, որ հայրն ու մայրը ծնունդով Ադանայից են եւ նախնիները այնտեղից են գաղթել Լիբանան, որտեղ եւ ինքն է ծնվել:
Նրան հանդիպեցինք Հայաստանի ազգային պատկերասրահի մոտ: Վազգեն Արամ Սուլուկջյանը նշեց, որ ինքը հայ է, սակայն հայկական կրթություն չի ստացել, եւ իր ձեւակերպմամբ, «տունի հայերենով» է խոսում: Բայց նաեւ շեշտում է, որ հայությունը կաթի հետ է անցել իրեն: Նա ֆրանսերենով գիրք է գրել հայերի մասին, եւ ինչպես ինքն է ասում, իր պատմությունը սկսել է 10-12 հազար տարի առաջվանից ու հասել մինչեւ 20-րդ դարի կեսեր: Գիրքը հասցրել է նվիրել նաեւ Արամ Ա կաթողիկոսին, որը նրան հյուրընկալել է:
Նա Կոմիտասից էլ խոսեց. «Խեղճը խենթացավ եւ երիտասարդ մեռավ տխրությունեն»: Մյուս մեծերին էլ անդրադարձավ: Ափսոսանք հայտնեց. «Մեր թագավորները ուրիշներուն պես Աստված չըրինք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ