Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. Չկարողանալով հույսերն արդարացնել՝ ստիպված են լինելու տոն տալ բացասական հույզերին ու գնալ դեպի անցյալ. «Փաստ»

Հոկտեմբեր 09,2019 12:44

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը «Փաստի» հետ զրույցում շեշտեց՝ ներքին կոշտ առճակատումներն անթույլատրելի են, որովհետև չարության ջինը դուրս կգա, և այն կառավարել հնարավոր չի լինի: Հեղափոխությունը հենց դա արեց:

«Բացի դա, հեղափոխություններն ակտիվացնում են հասարակության մշակութապես ստորին՝ օխլոս շերտին, նրանց դարձնում իշխանամերձ, իշխանապաշտ:

Իրենք ակտիվանում են և ստանում իշխանության սատարումը, քանի որ սկսում են խոսել իշխանությունների շահերից»,-ասաց զրուցակիցը:

Շեշտեց՝ իշխանությունները դժվարանում են տնտեսական հաջողություններ արձանագրել, ինչը խնդիր է՝ պայմանավորված նույն ժողովրդի մակարդակով:

«Այդ խնդրի պատճառով իշխանություններն ուղղակի հարկադրված են տոն տալ այդ կոշտ հակադրություններին, որպեսզի ժողովուրդը դրանցով զբաղվի:

Կարելի է ասել՝ իշխանությունները հասարակության երկու շերտերին կռվեցնում են, որպեսզի կարողանան իրենց գոյատևումն ապահովել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը՝ Ա. Պեպանյանը նկատում է.

«Հարցն այն է, որ պետական մտածողություն մեզանում համատարած չկա: Այդ պետական մտածողությունն է, որը մարդկային խմբերի վարքի մեջ դնում է սահմաններ, որոնցից դուրս գալ չի կարելի: Այդ պետական մտածողությունը «չի կարելի»-ներն է ձևավորում: Բայց այն չկա, փոխարենը կա անձնական, տոհմային, թիմային շահը:

Պետական մտածողության բացակայության պարագայում ամեն գնով թիմի շահը պահելու հանգամանքը կարող է պետություն կործանել: Սա շատ մեծ վտանգ է:

Բացի այդ, ցավոք, ես էլիտար արտագաղթ եմ նկատում:

Հեղափոխությունից հետո ասում էին՝ հիմա հայ ժողովուրդը աշխարհի բոլոր ծայրերից կգա, քանի որ այստեղ սեր և հանդուրժողականություն կլինի:

Բայց, ընդհակառակը, կա ատելություն և անհանդուրժողականություն:

Վերջերս համացանցով տեղեկացա, թե ինչպես էր մի ընտանիք տխրությամբ ասում, որ հարկադրված է հեռանալ Հայաստանից, որովհետև ցածր մշակութային շերտը բարձրացվել է, դարձել իշխանամերձ, ամեն տեղ հայհոյում է, և իրենց համար դա անտանելի վիճակ է:

Մարդիկ այդ ընտանիքին արձագանքում էին, որ իրենք ևս չեն ուզում նույնացվել այդ «հպարտների» հետ: Խնդիրն այն է, որ ակտիվացած օխլոսը սկսում է վանել մտածող շերտին, ու եթե էլիտար արտագաղթը շարունակվի, ապա երկիրն աղետի կմատնվի»:

Արծրուն Պեպանյանն ընդգծեց, որ այս ամենը պետք է ահազանգ լինի իշխանություններին, թեև համոզված չէ, որ այդ ահազանգը տեղ կհասնի, քանի որ իշխանությունների կողմից այլ վարքագիծ է տեսնում.

«Իրենք ինչ-որ ազարտի մեջ են, բայց և ուրիշ տարբերակ չունեն իրենց իշխանությունը պահելու համար»:

Նրա խոսքով, այս իշխանությունը չի կարող հաջողություններ գրանցել, ինչպես չեն կարողացել նախորդները, որոնցից (բոլորից) ժողովուրդը դժգոհել է, պայքարել, որ հեռացնի.

«Այստեղ լուրջ խնդիր կա՝ ժողովրդին ճանաչելու, իրավիճակը գնահատելու և ելքեր առաջարկելու իմաստով:

Բայց նշված առումներով իշխանությունները պատասխաններ չունեն, չունի նաև քաղաքական դաշտը:

Ով էլ գա իշխանության, դատապարտված է, քանի որ քաղաքական մտքի այս մակարդակի պայմաններում ինքն անհաջողության է մատնվելու:

Մարդիկ եկել են իշխանության, հույսեր են տվել՝ չիմանալով, որ չեն կարող դրանք իրականացնել:

Եվ չկարողանալով հույսերն արդարացնել՝ ստիպված են լինելու տոն տալ բացասական հույզերին ու գնալ դեպի անցյալ՝ շարունակ ասելով՝ սրանք կաշառակեր են եղել, այս են արել, այն են արել…

Սա ժողովրդին զբաղեցնելու համար է, ինչպես նաև ցույց տալու, թե՝ տեսեք, ժողովո՛ւրդ, մենք կարևոր գործ ենք անում», ասաց քաղաքական վերլուծաբանը՝ նկատելով, որ առաջին հայացքից այդ քայլերը նման են արդարության հաստատման, սակայն հարցն այն է, որ նման վիճակում չի կարելի կարգախոս դարձնել արդարության հաստատումը, քանի որ այն անխուսափելիորեն կհանգեցնի ներքին ատելության ահագնացման:

Նրա խոսքով, այս փուլում նման քայլերը նման են կրակի վրա յուղ լցնելուն և բերելու են նոր ագրեսիվ փուլի:

«Իշխանությունները հասել են մի վիճակի, երբ չեն կարողանում ժողովրդի հույսերն արդարացնել ու դարձել են օխլոսի գերին:

Ես սրա մասին դեռ նախորդ տարվա ապրիլի կեսերին եմ զգուշացրել իրենց՝ ասելով, որ այն զանգվածը, որով հրապարակներ են լցվում և որոնցով դուք հպարտանում եք, իրենց ձեռքը գերի եք ընկնելու:

Այդպես էլ եղել է: Այդ շերտը կարող է ասել՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն՝ այս մարդուն պիտի ունեզրկենք, ջարդենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031