Ինչո՞ւ, ի վերջո, չկա հստակ մեկնաբանություն-պարզաբանում, թե ինչն էր պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց երկու գլխավոր ուժային կառույցների ղեկավարների հետ աշխատելու հեռանկարից։ Չէ՞ որ ընդամենը երկու ամիս էր անցել ե՚՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԱԾ ղեկավարներին բարձրագույն՝ գեներալ-մայորի կոչումներ շնորհելուց։ Ինչո՞ւ հանկարծ այդ ահռելի անվստահությունն առաջ եկավ։ Եւ այս համատեքստում բազմաթիվ անպատասխան հարցեր են մնում, որոնց պատասխանը ստանալու իրավունք հասարակությունն, անշուշտ, ունի։ Բացախոսությամբ հայտնի, իրավիճակներին շիտակ եւ ուղիղ գնահատական տվող վարչապետի լռությունն այս հարցում առնվազն տարակուսելի է։ Իսկ գուցե պատճառներն այնքան խորքային են, որ Փաշինյանն ինքը աննպատակահարմա՞ր է գտնում դրանք բարձրաձայնել։
Այստեղ շատ ուշագրավ մի փաստ էլ կա. ոստիկանապետի պաշտոնաթողությունից հետո տեղեկություններ եղան նաեւ պաշտոնավարման ընթացքում նրա ձեռք բերած երեք բնակարանների, թանկարժեք մեքենայի մասին։ Եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա ե՞րբ են դրանք հասել վարչապետ Փաշինյանին՝ երբ դեռ Օսիպյանը ոստիկանապե՞տ էր, թե՞ երբ արդեն գլխավոր խորհրդական էր նշանակվել։ Այս հարցերն էլ դեռ պաշտոնական պատասխան չունեն, իրակա՞ն, են, թե՞ վարկաբեկիչ միտում ունեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում