Այդ օրերին շշուկներ տարածվեցին, որ արցախյան հիմնահարցը շուտափույթ լուծելու հնարավորություն կա։ 20 տարի լռության տակ է մնացել այն փաստը, որ այդ լուծման բաղադրիչներից մեկը պիտի լիներ Նախիջեւանին ու Բաքվին Մեղրիով ճանապարհի տրամադրումը։ Որ այդ տարբերակն ինչ-որ պահի օրակարգային է եղել, հիմա գիտեն բոլորը։
Հոկտեմբերի սկիզբն էր. քո անվտանգության աշխատակիցներից մեկն ընդունարանիցդ դուրս եկավ եւ հուզված մտնելով կողքի սենյակ՝ բացականչեց. «Տղերք, կործանված ենք, Մեղրին տալիս ենք»։ Հետո ավելացրեց, որ դիմացն էլ մեզ առաջարկում են Արարատ լեռն ու Անի մայրաքաղաքը։ Ո՞վ էր ինչ ասել, ինչպես եւ ումից էր դա լսել, հանկարծակիությունից ոչինչ չհարցրինք։ Մտքերն իսկական ֆանտաստիկայի ժանրից էին։ Դա ենթադրում էր խնդրի «լուծման» մեջ նաեւ Թուրքիայի ներգրավվածություն։
Մահվանիցդ հետո Եղբայրդ՝ Արամը, պատմեց, որ քո նոթատետրում Մեղրու մասին կա գրառում, որտեղ դու հաշվարկել էիր օգուտներն ու վնասները, ապա եզրակացրել, որ դա «մեր տարբերակը չէ»։ Բացառված չէ, որ սկզբում քեզ դա հնարավոր տարբերակ է թվացել, բայց հետագա մանրակրկիտ վերլուծությունն ու մեկ էլ Կարեն Դեմիրճյանի հորդորները քեզ ետ են պահել դրանից։ Վերջինս դեռեւս 80-ականներին իր նախաձեռնությամբ ընդունված Մեղրու տարածաշրջանի համալիր զարգացման ծրագիրն իրականացնելիս բախվել էր նման խնդրի։ Հայր Ալիեւի հետ ունեցած վեճի մասին ժամանակին գրառել է իր օրագրում։ Անշուշտ, դրսից ներմուծված ,«ուծման» այդ տարբերակը հնարավոր է՝ հույսեր է ծնել այլոց մոտ, իսկ դրանից քո հրաժարումը կարող էր «պայթյուն» առաջացնել բանակցային գործընթացում։
Վերջերս էլ հրապարակվեց այդ օրերին արված քո մի այլ գրառում, ուր նշված էր, որ հենց Մեղրու շնորհիվ է, որ գերտերությունների համար Հայաստանն իրենից հետաքրքրություն է ներկայացնում։ Նշել էիր, որ Մեղրին ավելի կարեւոր է, քան Ղարաբաղը։ Դրանով դու հիմնավորում էիր, թե ինչու պետք է Մեղրին մնա անձեռնմխելի։
Կարդացեք նաև
Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ուներ Մոսկվան։ Եթե այդ ծրագիրն իրականացվելու էր հակառակ նրա ցանկության, որը կզրկեր նրան տարածաշրջանային ազդեցությունից, ապա նա կդիմեր ամենակոշտ միջոցների։ Հնարավո՞ր է, որ դու, սկզբնապես համաձայնած լինելով, հարուցեիր Մոսկվայի զայրույթը, իսկ ուշացած հրաժարումդ պատշաճորեն «ծանուցված» չլիներ։ Իսկ եթե հենց Մոսկվա՛ն էր տարբերակի շահառուներից մեկը, որը դրա իրականացման դեպքում խաղաղապահներ կունենար տարածաշրջանում եւ անորոշ ժամանակով կհաստատվեր այստեղ, վերջին պահին քո խուսանավելն ու հրաժարվելը նույնպես կարող էին հիմք լինել կամ այլ պատճառների շարքում դառնալ համբերության բաժակը լցնող հանգամանք՝ դարձյալ հարուցելով կոշտ վերաբերմունք։ Առավել եւս, որ այդ երկրի ղեկավարն առանձնապես չէր փայլում իր սթափությամբ ու հավասարակշռվածությամբ։
Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում