Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու է «Լիդիան Արմենիան» «խորտակում» Էրիկ Գրիգորյանին, ում շահն է գերակա պետության շահից. «Ժամանակ»

Հոկտեմբեր 09,2019 11:05

«Լիդիան Արմենիայի» տնօրեն Հայկ Ալոյանը փաստացի մեղադրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին Ամուլսարի ծրագիրը միտումնավոր թիրախավորելու, ինչպես նաև «անձնական օրակարգի պատճառով» պետական շահը, երկրի լավագույն ներդրումային ծրագիրը ստորադասելու համար։ Ալոյանը ակնարկել է նաև որոշակի կոռուպցիոն ռիսկերի մասին։

B4B.am կայքին տված հարցազրույցում Ալոյանը նախ նշել է, որ նախկինում բրիտանական ընկերություններից մեկը վարձել է Գրիգորյանին Ամուլսարի թեմայով իրենց համար աշխատելու համար։ «Նա բավական սերտ աշխատել է մեզ հետ, ծանոթ է եղել մեր բոլոր հետազոտություններին և գոնե մեզ առիթ է ունեցել ասելու, որ բնապահպանական կառավարման առումով շատ բան է սովորել մեզանից»,- ասել է «Լիդիանի» տնօրենը՝ ավելացնելով. «Կարծում եմ, եթե կա մի պաշտոնյա, որը շատ լավ գիտի, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը լավագույնն է, որ Ամուլսարի ծրագիրը բացառիկ բնապահպանական չափանիշներ է կիրառել ու ոչ մի լրացուցիչ ստուգումների կարիք չունի, դա Էրիկ Գրիգորյանն է»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այս առումով կոռուպցիայի դրսևորում կա՞, Ալոյանը պատասխանել է. «Դատեք ինքներդ. նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի ջանք, եռանդ, ժամանակ ու միջոցներ չի խնայում Ամուլսարի ծրագրում գոյություն չունեցող խնդիրներ բացահայտելու անհաջող փորձերի վրա: Որևէ այլ հանքում լսե՞լ եք նախարարության նման ջանասիրության մասին: Դուք ասեք, ինչպե՞ս է կոչվում անձնական ինչ-ինչ խնդիրներին պետական շահը ստորադասելը»։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել «Լիդիան Արմենիայի» տնօրենի հայտարարությունները։ Ասաց, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։

«Լիդիան Արմենիա» ընկերության վերաբերմունքը նախարար Գրիգորյանի նկատմամբ, ըստ էության, սրվեց այն բանից հետո, երբ շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս հրապարակեց փաստաթուղթ, որի հիման վրա առաջարկում էր նոր տեսչական ստուգումներ սկսել Ամուլսարում:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031