Լրահոս
Օրվա լրահոսը

Հոխորտանքներ Ալիեւից՝ Պուտինի լուռ հայացքի ներքո

Հոկտեմբեր 09,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները եւ Արցախի ժողովրդի ապամարդկայնացումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են»,- ՀՀ ԱԳՆ-ն է հակադարձում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սոչիում՝ «Վալդայ» համաժողովի ընթացքում որոշակի դադարից հետո որոշեց արձագանքել օգոստոսին Ստեփանակերտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությանը՝ նշելով. «Հայաստանն ինքը չի ճանաչում այդ ապօրինի կազմավորումը, Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ, Ղարաբաղն Ադրբեջան է եւ բացականչական նշան»։

Պատահական չէր, որ իր ելույթում Ադրբեջանի նախագահը հիշատակեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը չի նպաստում քաղաքական երկխոսություն սկսելու համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը։ Ալիեւը հարկ է համարել ընդգծել, որ Ռուսաստանն արդեն հնչեցրել է համապատասխան գնահատականը Փաշինյանի հայտարարությանը։

Իլհամ Ալիեւն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմիցս արած այն հայտարարությանը, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար. «Չկա այդպիսի գաղափար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը կազմված էր ադրբեջանցիներից եւ հայերից, որոնք ունեին հավասար իրավունքներ»։ Նա եւս մեկ անգամ հայտարարել է, որ Բաքվի համար հակամարտության կարգավորումը նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, փախստականների վերադարձ իրենց բնակավայրերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ։

«Վալդայ» վեհաժողովի դահլիճում Ալիեւը վերոնշյալ հայտարարություններն անում է Պուտինի հայացքի ներքո, եւ եթե մեկ օր առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հարկ էր համարել  Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը քննադատել, ապա Ալիեւի ելույթին ի պատասխան՝ Ռուսաստանից որեւէ քննադատական հայտարարություն չի նշել։

Ուրեմն, գործ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի ընդգծված ադրբեջանահաճո դիրքորոշման հետ, ընդ որում՝ մեկ-երկու օրերի տարբերությամբ է այդ վերաբերմունքի տարբերությունը ի ցույց դրվում՝ Փաշինյան-Պուտին եւ Պուտին-Ալիեւ հանդիպումների շրջանակներում։

Պաշտոնական Երեւանն արձագանքել է թե՛ Լավրովի, թե՛ Ալիեւի հայտարարություններին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառնալով «Վալդայ» համաժողովում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին, նշել է. «Հայաստանը եղել եւ մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, որի անաչառ եւ անկողմնակալ միջնորդությունը գրավականն է խաղաղ կարգավորման ու այս հարցում համանախագահ երկրների միջեւ միասնության պահպանման: Միեւնույն ժամանակ կարեւոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի եւ միակողմանի բնույթ կրող գնահատականներից»: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել է, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության եւ փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձեւը. «Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը»:

«Վալդայ» համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթի վերաբերյալ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսպես էր մեկնաբանել. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որեւէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական եւ հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձեւը, համաձայն որի՝ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս բանաձեւն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաեւ իրենց ժողովուրդների առջեւ ղեկավարների պատասխանատվության եւ հաշվետվողականության ամրագրմանը»:

ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել էր, որ պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որեւէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլեւ նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը: «ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանությունը: Այդ ապամարդկայնացման դրսեւորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը եւ հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության եւ զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը եւ Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության եւ հետքի վերացումը: Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները եւ Արցախի ժողովրդի ապամարդկայնացումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրան արդյունավետ դիմակայելը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձեւակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջեւ ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ»:

Պաշտոնական Երեւանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը եւ տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն եւ այդ տեսակետից կարեւորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:

Պաշտոնական Բաքուն իր հերթին արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարություններին, շարունակելով պնդել, թե «Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի»։ «Այդ մասին հիշատակում չկա հակամարտության կարգավորման մասին միջազգային որեւէ փաստաթղթում», – նշել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան: «Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություններում, ինչպես նաեւ հակամարտության կողմերի միջեւ համապատասխան պայմանավորվածություններում հստակ նշվում է բնակչություններին խաղաղության նախապատրաստելու մասին», -ասել է նա:

Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունը՝ Ռուսաստանը, բացեիբաց ի ցույց է դրել պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը համահունչ վերաբերմունք։ Հայաստանի կողմից թե՛ Ռուսաստանի արտգործնախարարին, թե՛ Ադրբեջանի նախագահին պատասխանելը քայլեր էին, որոնք պետք է իրականացվեին։ Սակայն ակնհայտ է, որ հայկական դիվանագիտությունն անելիքներ ունի առհասարակ՝ միջազգային հանրության եւ ռուսական կողմի հետ։

Պետք է նկատի առնել, որ «Վալդայ» համաժողովում Ալիեւի կողմից Պուտինի ներկայությամբ նման տեքստով ելույթ ունենալը կարող է Ադրբեջանի կողմից ավելի հեռուն գնացող քայլերի «դաբրո» հանդիսանալ։ Ժամանակին Հայաստանի իշխանությունները Ալիեւի հետ ձեռքբերված ինչ-ինչ պայմանավորվածություններով բավական ոգեւորված էին ու կարեւորում էին դրանք։ Այսօր արդեն պարզ է, որ Ալիեւի հետ բանավոր ձեռքբերված պայմանավորվածությունները որեւէ արժեք չունեն։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ

09.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031