Լրահոս
Օրվա լրահոսը

WCIT. «աստղային» եւ իրական օրակարգ

Հոկտեմբեր 09,2019 10:00

Հասկանալի պատճառներով Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) ամենակենտրոնական իրադարձությունն է համարվում Քիմ Քարդաշյանի ներկայությունը: Դա շատերի մոտ նյարդային ռեակցիա է առաջացնում: Պարզ է, որ Քիմը տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում լավագույն մասնագետների թվին չի պատկանում: Ես կդժվարանայի նրան ընդհանրապես որեւէ բանի մասնագետ անվանել. նա պարզապես աշխարհում եւ հատկապես Միացյալ նահանգներում շատ մեծ ժողովրդականություն վայելող անձնավորություն է: Թե ինչու է այս կամ այն մարդը ժողովրդականություն վայելում՝ դա երկար պատմություն է, որը պետք է պատմեն PR-ի տեխնոլոգիաների վարպետները: Բայց Քիմ Քարդաշյանի ժողովրդականությանը մենք՝ հայերս, պետք է պրագմատիկ մոտենանք. հայկական արմատներ ունեցող համաշխարհային աստղն արդեն երկրորդ անգամ գալիս է մեր երկիր, որի հանդեպ ջերմ դրական վերաբերմունք է արտահայտում: Նա փաստորեն գովազդում է Հայաստանը՝ աշխարհում իր 150 միլիոն երկրպագուների համար, եւ դրա համար մենք պետք է միայն  շնորհակալ լինենք այդ կնոջը: Նույնն անում են ավելի էական ոլորտներում իրենց տաղանդները ցուցաբերած Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը, որոնք նույնպես մասնակցում են WCIT-ին:

Բայց WCIT-ին եւ դրա անցկացումը Երեւանում կարեւոր իրադարձություն է մեզ համար՝ անգամ առանց «աստղային հավելվածի»: Դա, իմ ընկալմամբ, ոչ այնքան IT-ի արտադրանքի տոնավաճառ է եւ բիզնես կապեր հաստատելու միջոցառում, որքան ապագայի վերաբերյալ գաղափարների քննարկման հարթակ: Հաշվի առնելով, թե ինչպես է տեխնոլոգիաների ազդեցության տակ փոխվել աշխարհը վերջին 20 տարվա ընթացքում եւ ինչ քաղաքական, սոցիալական եւ հոգեբանական փոփոխությունների է դա բերել, ոլորտին մոտ եւ նույնիսկ ոչ այնքան մոտ կանգնած հայտնի մարդիկ փորձում են կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու մոտակա 20 տարիների ընթացքում: Կարեւոր է, կասեի անգամ՝ նշանակալից է, որ այդ խնդիրները քննարկվում են Հայաստանում՝ մի երկրում, որտեղ մի կողմից՝ զարգացած է ՏՏ ոլորտը, իսկ մյուս կողմից՝ հազարամյակների պատմություն ունի եւ գտնվում է արեւմտյան եւ արեւելյան քաղաքակրթությունների սահմանագծին:

Որ աշխարհը կանգնած է լուրջ, արմատական փոփոխությունների շեմին, ես չեմ կասկածում: Որքանով են դրանք լինելու «թավշյա», դժվար է ասել: Այստեղ տեղին է մեջբերել վարչապետ Փաշինյանի միտքը, որը նա հայտնել էր  WCIT-ի բացման արարողության ժամանակ: Ըստ նրա, բարձր տեխնոլոգիաները պետք է աշխարհը դարձնեն «ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող»: Հրաշալի է ասված: Արդյոք Հայաստանի իշխանությունն իր գործնական քայլերով նպաստո՞ւմ է, մեր երկրում կձեւավորվի հենց այդպիսի մթնոլորտ՝ դա էլ է հարց:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Արդյոք Հայաստանի իշխանությունն իր գործնական քայլերով նպաստո՞ւմ է, մեր երկրում կձեւավորվի հենց այդպիսի մթնոլորտ՝ դա էլ է հարց:»
    Կարծում եմ, որ պատասխանը միանշանակ է, և,դժբախտաբար, բացասական՝ ասվածին ճիշտ հակառակ:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    բարձր տեխնոլոգիաները պետք է աշխարհը դարձնեն «ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող»: Հրաշալի է ասված:

    Հատկապես հրաշալի է «աստվածավախը»: Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի… 🙂 Պատկերացնում եմ, ինչպես են ներկաները մտքում ծիծաղել այս կրոնական անհեթեթության վրա: Եթե բարձր տեխնոլոգիաների մասնագետները գոյություն չունեցող բաներից վախենային, ապա հիմա ոչ ինտերնետ կունենայինք, ոչ էլ նույնիսկ բջջային հեռախոս: Ընդհանրապես զավեշտալի է այս կոնգրեսը տեսնել Հայաստանում՝ Եվրոպայի ամենախավարամիտ ու հետամնաց երկրում, որտեղ իշխում են տերտերական ամենացածր տեխնոլոգիաները՝ աղոթքն ու մոմ վառելը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031