Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորել … Պուտինի՞ց

Հոկտեմբեր 09,2019 14:30

Գիտեմ, որ հայաստանյան միջավայրում թե պուտինասերներ կան, թե՝ թող ների ինձ ՌԴ-ի նախագահը, պուտինատյացներ: Թե նրանցից որոնք են գերակշռողը, քանզի կողմերից յուրաքանչյուրն իր անքննելի հիմնավորումներն ունի, հյուսիսային հարեւանի բնակիչների որոշելիքն է, Ռուսաստանին հատուկ ընտրական գործընթացների արդյունքում: Անշուշտ այստեղ որոշիչ դեր է վերապահվում մարդկանց առօրյային, առաջնահերթներից մեկին՝ սննդակարգին: Այստեղ հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչից սովորելու հսկայական բան կա, ասենք մեն-միակ օրինակի առումով:

Երբ 2000 թվականին Վ. Պուտինը ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը, քաղաքացիների սննդակարգը ցանկալիից էապես համեստ էր:

Թե՛ առողջապահության մասնագետները, թե՛ ընտրողը քվեարկում է իր սառնարանի պարունակության ու ստամոքսով մտածողների տեսակետներով առաջնորդվողների առումով: Պուտինը թերեւս հաստատ գիտեր, թե ինչու է, ասենք, իրենից պետությունը որոշակիից-զգալի համակրանք վայելում. որովհետեւ ռազմականին համարժեք հոգում է երկրի ու իր մարդկանց պարենային ապահովությունն ու պարենանվտանգությունը:

Դժվարից-դժվարագույն խնդիր, երբ տարածքդ սահմանափակ է, գյուղգործունեություն ծավալելու նպատակով վարելահողերն աննշան, միջին 1 քառակուսի կիլոմետրի վրա բնակվողները՝ 430 մարդ, ովքեր կրոնական ինչ-ինչ շարժառիթների պատճառով հրաժարվում են երկիր մոլորակի չորս կողմերում արագ ստեղծվող խոզի մսից: Մարդն է՞լ խոզի մսից հրաժարվի, մտածում ենք հայաստանցիներս ու տարակուսում, թե մսատեսակներից որին է նախապատվություն տալիս իսրայելցին: Պարզվում է՝ սննդաբանների կողմից մշտապես առաջարկվող հավի մսին. միջին 1 բնակչի հաշվով թռչնամսի տարեկան սպառումը Իսրայելում 2000-ականների սկզբին մոտ 40 կգ էր, ՌԴ-ում՝ 4 կգ, ՀՀ-ում՝ 2 կգ:

Մենք ումից ենք պակաս, թերեւս մտորել է Վլադիմիր Պուտինը եւ ընդամենը 2000-2016 թվականներին հավի մսի տարեկան արտադրությունը 775 հազար տոննայից հասցրել 4.2 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով 30 կգ, Իսրայելի արդեն 70 կգ-ի եւ ՀՀ-ի 3 կգ-ի դիմաց: Թե ինչ դեր է խաղացել այստեղ կերային բազան, ծանոթացեք հետեւյալ թվերի օգնությամբ: 2000թ. ՌԴ-ում կերային եգիպտացորեն արտադրվել է 1.5 մլն տոննա, 2016-ին 15.3 մլն տոննա, 10-նապատիկ աճ: Ահա այս ամենի արդյունքում տնտեսապես ոչ լավագույնս կայացող երկրում հավի մսի կիլոգրամը վաճառվում է 100 ռուբլով, ՀՀ արժույթով 750 դրամով, երբ ՀՀ-ում արտադրվողի նվազագույն գինը 1500 դրամ է, առավելագույնն առայժմ 1800 դրամ, նախորդ տարվա 1450 դրամի դիմաց: Փոխարենը կրկնակի-եռակի մատչելի է հեռավոր երկրներից, ասենք Բրազիլիայից ներկրվող խոր սառեցված հավի մսի կիլոգրամի գինը, որպիսի արտադրանքի առաջարկը երկիր մոլորակի չորս կողմերում հարգալից չի դիտարկվում սեփական քաղաքացիների հանդեպ: Ստացվում է, որ բոլոր առումներով ներկրողների շահերը սպասարկելու մասին մոտեցումը մեզանում դեռեւս օրակարգում է, ինչպես՝ մերն ուրիշ է կարգախոսի ամրագրումը:

Եգիպտացորենի կողրերը մեզանում ընդունված է խաշած-խորոված տեսքով առողջների ու հիվանդների կողմից սպառելը, իսկ անասունները թող բավարարվեն ծղոտով ու չոր խոտով: Մեր մարդկանց առաջնահերթ անհրաժեշտ միսն ու կաթը չապահովելով, այս կերպ գյուղաբնակի աշխատանքն անարդյունավետ դարձնելով, ի վերջո, նրան իր միջավայրից օտարելով՝ այսպես էլ ապրում ենք:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031