Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 10-ին ՄԻԵԴ-ն «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի գործով» որոշում է կայացնելու

Հոկտեմբեր 09,2019 14:00

Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյանը «Մարտի 1-ի գործով» անցնող անձանցից է:

Որոշումը լսելու մասին էլեկտրոնային փոստով երկու օր առաջ տեղեկացրել են բողոքաբերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանին (նկարում): Բողոքաբերը հղում անելով Եվրոպական կոնվենցիային՝ իր գործով ԵԴ-ի ուշադրությունն է հրավիրել արդար դատաքննության իրավունքի խախտմանը, դատավճռի  հիմքում ոստիկանների ցուցմունքների առկայությանը:

Ըստ նրա՝ իր անօրինական կալանքի պատճառով խախտվել է «Հավաքների ազատության մասին» օրենքով սահմանված իր պաշտպանյալի իրավունքը:

Նշեմ, որ Ա. Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամանակով: Ա. Ավետիսյանը պատիժը ամբողջությամբ կրել է: ՄԻԵԴ-ի դիմումի մեջ փոխհատուցման գումարի մասին գրված չէ:

Հիշեցնեմ, որ 6 ամսով դատապարտելու դատավճիռը կայացրել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը, ապա մեղադրական դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, անփոփոխ՝ վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:

Ասլան Ավետիսյանը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ սպառնալիք հնչեցնելու եւ զանգվածային անկարգությունների կոչեր անելու համար: Ա. Ավետիսյանն  առաջադրված մեղադրանքով իրեն մեղավոր չէր ճանաչել, իսկ դատախազ Հովսեփ Սարգսյանը նրա համար ազատազրկում էր պահանջել 1 տարի 6 ամիս ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարան ուղարկած փաստաբանի բողոքի համաձայն, արձանագրվել էր, որ Ասլան Ավետիսյանի գործով «մեղադրյալի անձը, տարիքը եւ առողջական վիճակը, զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը եւ խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը նույնպես էական հանգամանքներ են, որոնց անհրաժեշտ էր անդրադառնալ, մինչդեռ վերաքննիչ դատարանը դրանց չէր անդրադարձել»:

Իսկ երբ Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում բողոքը հետ վերադարձնելու մասին, պատճառաբանական մասում ներառել է հետեւյալ հիմնավորումը. «Գործի նյութերից երեւում է, որ չկան հիմքեր եզրակացնելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, եւ որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական սխալ,  որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ վերանայվող դատական ակտը առերեւույթ հակասում է ՄԻԵԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին: Հետեւաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերը հիմնավորված չեն»:

«Վճռաբեկ դատարանի պրակտիկան քրեական գործերով (ընդգրկում է 01/01/07 – 01/07/09 ժամանակահատվածը)» ուսումնասիրության մեջ արձանագրվել էր. «Անհրաժեշտ է  նշել, որ Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել նաեւ այն հարցին, թե ինչու էր Վերաքննիչ դատարանը որոշել, որ փաստաբանի կողմից վկայակոչված Եվրոպական դատարանի որոշումները քննվող գործի փաստական հանգամանքների հետ որեւէ նմանություն կամ կապ չունեին: Ակնկալվում էր, որ Վճռաբեկ դատարանը պետք է որ անդրադառնար այդ հարցին նույնպես, քանի որ որոշումը կայացնելու պահին արդեն իսկ կայացրած էր եղել Սմբատ Այվազյանի գործով իր հայտնի որոշումը (Քրեական գործ թիվ ՎԲ-17/08) (հավելված 32), որտեղ դատարանը սահմանել է, թե որ դեպքում է պահանջվում փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն, եւ որ դեպքում` փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն՝ վկայակոչված գործը սույն գործով վերաբերելի նախադեպ համարելու համար: Առավել եւս, որ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը ամրագրում է Վճռաբեկ դատարանի նախադեպերի գերակայությունը եւ նշում, որ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի…դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

Ի դեպ, վերջերս դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելիս, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց նաեւ Ասլան Ավետիսյանի անունը, որի գործով դատավորը մեղադրական դատավճիռ էր կայացրել, որոնք մինչ օրս եղել են օրինական ուժի մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Տասնմեկ տարի առաջ՝ 2008թ. օգոստոսի 27-ին Լիպարիտ Սիմոնյանը դատական նիստերը լուսաբանող լրագրողներին հայտնեց, որ պահանջում է արդարացման  դատավճիռ, եթե Հայաստանում չլինի, կդիմի ՄԻԵԴ:

«Առավոտ» օրաթերթ
08.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031