Լրահոս
Օրվա լրահոսը

Պինհաս Ցուկերմանը՝ բանկային հաշվի գումարի եւ մատները «բացելու» մասին

Հոկտեմբեր 09,2019 13:30

«Երեւանյան հեռանկարներ»  միջազգային երաժշտական փառատոնը (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Ռոստոմյան) 20-րդ տարին է, ինչ հիացնում է հայաստանցի ունկնդրին՝ ներկայացնելով բացառապես կատարողական, խմբերգային, կամերային, նվագախմբային արվեստի իսկապես աշխարհահռչակ դեմքերի ու կոլեկտիվների։

Բացառություն չէր օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած ջութակահար, Գրեմմի կրկնակի մրցանակակիր Պինհաս Ցուկերմանի մենահամերգը։ Երաժիշտը հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  ընկերակցությամբ՝ Բեթհովենի ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի մեկնաբանմամբ։ Դիրիժորական վահանակի մոտ էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Երեկոյին հնչեց նաեւ Բեթհովենի երկրորդ սիմֆոնիան։

Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ շուրջ կես դար է, ինչ Ցուկերմանը, ինչպես նրան հաճախ ներկայացնում են հեղինակավոր մասնագիտական պարբերականները, համաշխարհային երաժշտության ֆենոմեն է։ Ջութակահարի անունը հավասարապես հարգանք է վայելում նաեւ որպես ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ կամերային երաժիշտ։ Նրա SD-երի թիվը անցել է 100-ից։ Հեղինակավոր Deutsche Grammophon եւ Philips ընկերությունները միայն 2016թ.  թողարկել են 22 SD-ներից բաղկացած ժողովածու։ Ցուկերմանը 21 անգամ նոմինացվել է Գրեմմի մրցանակի, բայց շահել է 2 անգամ։

Արտասահմանյան մամուլի տեղեկություններով՝ երաժիշտը իրեն հնարավորինս հեռու է պահում լրագրողներից։ Այդուհանդերձ, միակ փորձից առաջ նա թեեւ հայտնեց, որ կպատասխանի ընդամենը մեկ հարցի, բայց մեկը դարձավ երկու, երկուսը՝ երեք։

– Մաեստրո, հյուրախաղերի ժամանակ մշտապես ունենում եք երկու ուղեկցորդ՝ 1742թ. Գվարներիի պատրաստած ջութակը եւ ձեր տիկինը՝ թավջութակահար Ամանդա Ֆորսայթը։ Երեւանյան այս համերգին նա բացակայում է, գուցե «մեղավորը» իր հյուրախա՞ղն է։

– Տիկնոջս հետ տարեկան ունենում ենք շուրջ 100 համերգ։ Այո, այս անգամ նա բացակայում է։ Պարտադիր չէ, որ իմանաք պատճառը (ծիծաղում է-Ս.Դ)։ Ի վերջո, բոլոր օրենքներում կան բացառություններ։

– Ասում են՝ գաղտնի եք պահում այն երեք «բաղադրիչները», որոնցով սկսվում են ձեր ամենօրյա փորձերը։

– Կարծում եմ՝ դրանք կարելի է ենթադրել։ Առաջինը գլուխն է, առանց որի չի կարող աշխատել ոչ մի մասնագետ, երկրորդը՝ սիրտն է, որտեղից բխոււմ է երաժշտությունը, երրորդը՝ չզարմանաք, ստամոքսն է, բայց այնտեղ  ինչ-որ մի հզոր բան կա, մինչ օրս նույնիսկ չգիտեմ դրա անունը, բայց այդ «անանունը» թույլ է տալիս ցանկացած ստեղծագործություն ներկայացնել  այնպես, գոնե իմ դեպքում, որ ոչ մեկը դեռ այդպես չի նվագել կամ մեկնաբանել։

– Ձեր տիկինը՝ Ամանդա Ֆորսայթը, հաճախ լրացնում է ձեր գոնե «մեկ» բացը։ Նա մեկ-մեկ «ներկայանում» է նաեւ ձեր անունից։ Օրինակ, մի առիթով ասել է, որ իր ամուսնու յուրաքանչյուր օր սկսվում է Բեթհովենի եւ Բրամսի կոնցերտները պարապելիս, ավելի ճիշտ, դուք այդ ստեղծագործություններով, ինչպես ասում են երաժիշտները, «բացում եք ձեր մատները»։ Իսկ ինչո՞ւ հատկապես Բեթհովեն, Բրամս, այլ ոչ թե ասենք՝ Խաչատրյան կամ նաեւ Խաչատրյան…

– Չգիտեմ տիկինս նման բան ասե՞լ է, թե՞ ոչ, բայց այնքան էլ այդպես չէ։ Իհարկե,  Խաչատրյան մեծությանը հարգում եմ, սակայն նրա կոնցերտով, որը իսկապես յուրօրինակ է եւ բարձրարվեստ, երբեւէ մատներս չեմ բացել ու չեմ էլ բացի։ Գիտեմ, թե ինչ երկով սկսեմ իմ վարժությունները, չէ՞ որ կյանքում առաջնային կամ երկրորդական ոչինչ չկա եւ հենց այդ վարժություններից է կախված իմ ելույթի, ձայնագրության հաջողությունը։ Ավելին, եթե կուզեք իմանալ, հենց այդ վարժություններից է կախված բանկային հաշվում եղած գումարիս ավելացումը (ծիծաղում է)…

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031