Վերճիհան Զիֆլիօղլուն իր նոր գրքում մանրամասներ է ներկայացրել
Պոլսահայ լրագրող եւ գրող Վերճիհան Զիֆլիօղլուն նոր գիրք է գրել՝ There and none between-Istanbulite Armenians վերնագրով: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը նշեց, որ ծանր աշխատանք է Պոլսի հայերին գրքում անդրադառնալը, թեեւ ինքը միշտ ձգտում է չեզոք լինել իբրեւ անհատ:
Վերճիհանն ասում է, որ գրքի ներածականում նշել է, որ գիրքը գրելիս ինքնաքննադատաբար է վերաբերվել իրեն եւ իր գրչին, սակայն կոչ է արել գիրքը կարդալիս ազատ թողնել մտքերը:
Վերճիհանն ասում է, որ իրեն երջանիկ է համարում այն առումով, որ մեծացել է թուրքական ու հայկական ծագմամբ անվանի մարդկանց շրջապատում ու միշտ կարողացել է աչքը պահել կարեւոր իրադարձությունների վրա, արդյունքում՝ բազմաթիվ նշումներով արխիվ ունի: Սակայն նման գիրք գրելու համար իրեն ժամանակ էր անհրաժեշտ ու ավելի շատ փաստեր:
Կարդացեք նաև
Վերճիհանը փաստում է, որ նախկինում ազգային փոքրամասնությունների համար բարդ էր թուրքական իրականության մեջ քաղաքականությամբ զբաղվելը, սակայն, ըստ նրա, շուրջ 15 տարի է՝ այլեւս նման խնդիր չկա ու իրենց վրա ճնշում չեն զգում: Հեղինակն ասում է, որ գիրքը սկսել է գրել Լայպցիգում, ավարտել` Ստամբուլում:
Տեղեկացրեց, որ գրքում փորձել է բացատրել, թե ովքեր են ստամբուլահայերը: Նրա ձեւակերպմամբ, ստամբուլահայությունը ոչ թե համայնք է, այլ փոքր խումբ, որը վերջին տարիներին փորձում է քրդերի հետ բարեկամության կամուրջ «գցել», քանի որ նրանք ներողություն են խնդրում Ցեղասպանության համար:
Մեր զրույցի ժամանակ, Վերճիհանն ասաց նաեւ, որ իր գրքում կարեւոր տեղեկություններ է հաղորդում Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մասին՝ մինչեւ նրա պատրիարք եղած շրջանը, նաեւ այն մասին, թե ինչպես ստեղծվեց «Ակոսը», ինչու բաժանվեցին Մեսրոպ արքեպիսկոպոսի ու Հրանտ Դինքի ճանապարհները, ինչու նրանք ընդհարվեցին:
«Այդ երկու անհատներն էլ կարեւոր ֆիգուրներ են ոչ միայն պոլսահայության, այլեւ ողջ հայության համար: Ցավոք, այս պահին Մեսրոպ II-ը Հրանտ Դինքի հուշերի ետեւում է ստվերված»,-նշում է գրքի հեղինակը: Հավելում է, որ գրքում փորձել է անդրադառնալ համայնքի վերջին 25 տարիների կյանքին եւ ինչ-ինչ հարցեր է հնչեցրել, օրինակ, պե՞տք են, արդյոք, հայ քաղաքական գործիչներ Անկարայում, ի՞նչ «սխալներ» են գործում հայերը Պոլսո պատրիարքի ընտրությունների ժամանակ: «Ընթերցողները բազմաթիվ անունների կհանդիպեն իմ գրքում»,-ակնարկում է հեղինակը:
Վերճիհանն ասում է, որ գրքում գրել է այն մասին, որ Պոլսի հայերը Հայաստանի մասին լսեցին հատկապես Գյումրիի երկրաշարժից հետո, դրանից հետո նրանց մոտ ուրվագծվեց այն միտքը, որ ինչ-որ տեղ կա Հայաստանի հայերի հայրենիք, ապա Հայաստանի հայերը սկսեցին Թուրքիա գնալ: Վերճիհանը հիշում է, որ 8-9 տարեկան էր, երբ առաջին անգամ հայաստանցի հայերի հանդիպեց: Գրքի հեղինակը փաստում է, որ այժմ շատ ստամբուլահայեր ամուսնանում են հայաստանցի աղջիկների հետ, Հայաստանում տներ են գնում, եւ իսկապես քայլ առ քայլ Հայաստանը կարեւորվում է նրանց համար, բայց նաեւ ընդգծում է` պոլսահայերն ու Հայաստանի հայերը ընդգծված տարբերություններ ունեն, առաջինները ձեւավորվել են փակ հասարակությունում, Հայաստանի հայերն էլ` Խորհրդային Ռուսաստանի մշակույթի ազդեցության ներքո: «Այո, մենք բոլորս հայեր ենք, բայց մեր մշակութային կոդը տարբեր է, ի վերջո մենք չենք խոսում նույն հայերենով»,-ասում է Վերճիհան Զիֆլիօղլուն: Նա գրքում գրել է, թե ինչպես փոխվեց ստամբուլահայության դեմքը, երբ նրանք մեկնեցին ԱՄՆ, Կանադա, կրեցին այդ երկրների մշակույթի ազդեցությունն իրենց վրա: Նաեւ կարծում է, որ առաջիկայում ստամբուլահայերի դիմագիծը ձեւավորելու են Հայաստանի հայերը եւ իսլամացած հայերը:
Հեղինակին հարցրինք, թե ինչո՞ւ է իր գիրքը թուրքերեն գրել: Ասաց, որ սա իր 6-րդ գիրքն է, նոյեմբերին պատրաստ կլինի 7-րդը, հավելեց, որ 3 գիրք էլ արեւմտահայերեն է գրել: Պարզաբանեց, որ Հայաստանում չի կարողացել հրատարակել, որովհետեւ, որպես երիտասարդ գրող, չի կարողացել հրատարակչական մեծ ծախսեր թույլ տալ իրեն, այն դեպքում, երբ Հայաստանում հրատարակվում են թուրք գրողներ Էլիփ Շաֆակի, Օրհան Փամուքի եւ այլոց գրքերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2019