Լրահոս
Օրվա լրահոսը

Հետադարձ հայացք՝ պետհամալսարանի գերմանացի ուսանողներից

Հոկտեմբեր 09,2019 12:30

Հայաստանի մայր բուհը՝ 100-ամյա Երեւանի պետական համալսարանն արդեն 100 հազարից ավելի շրջանավարտներ ունի, որոնց թվում կան նաեւ հարյուրավոր օտարերկրացիներ: ԵՊՀ-ն որպես կրթօջախ են ընտրել բազմաթիվ սիրիացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, ամերիկացիներ, ռուսներ, արաբներ, հնդիկներ, եթովպիացիներ, կանադացիներ, կորեացիներ, լիվանցիներ, վիետնամցիներ, բուլղարացիներ, նաեւ հարյուրավոր սփյուռքահայեր՝ տարբեր երկրներից:

«Այն ժամանակ Սովետմիությունն էր ընդունում եւ բաշխում: 20-ականներին էլ ենք ունեցել օտարերկրացիներ, 50-ականներին էլ, բայց հիմնական հոսքը 61-ին սկսվեց, հետո թիվը գնալով աճեց: Երբ սովետը քանդվեց, շատերն իրենց ուսանողներին հետ կանչեցին՝ ասելով, որ սոցիալիզմը տապալվեց, դուք այնտեղ գործ չունեք: 90-ականներց հետո սփյուռքահայերն էին գերակշռում՝ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ այլն: Հիմա շուրջ 300 արտասահմանցի ունենք՝ իրավագիտություն, միջազգային հարաբեություններ, տնտեսագիտություն, ռոմանո, արեւելագիտություն, մի քանի դեղագործական, իսկ մնացած ֆակուլտետներում հատուկենտ»,- մեզ հետ զրույցում պատմեց ԵՊՀ օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի վարիչ  Ա. Վիրաբյանը:

70-ական թվականների սկզբներին մեծ թիվ էին կազմում նաեւ գերմանացի ուսանողները՝ հիմնականում ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետներում: Նրանցից ոմանք բեռլինաբնակ գիտնականներ են եւ, ի դեպ, արդեն թոշակառուներ, որոնց հետ մեզ հաջողվեց հոբելյանական այս տարում հանդիպել եւ զրուցել տարաբնույթ թեմաներով: Տիկին դոկտոր Ինգրիդ Թիշն իր ուսանողական տարիները բնութագրում է իբրեւ շատ տարբերվող ժամանակներ, գեղեցիկ հիշողություններ:

«Հայաստանից տեղյակ չէինք, գիտեինք, որ Սովետական միություն ենք գնում՝ ուսանելու: Մոտ երեք ամիս առաջ մեզ տեղյակ պահեցին՝ ով է Մոսկվա գնալու, ով Երեւան, ով Դոնեցկ կամ Նովոսիբիրսկ եւ այլն: Երեւանում շատ չէին ԳԴՌ-ի ուսանողները, մոտ 90 հոգի ֆիզիկա եւ մաթեմատիկա մասնագիտություններով, կանայք էլ՝ շատ քիչ: Հայաստանում շատ լավ էր եւ շատ տարբերվում էր մյուս տեղերից: Մեզ համար շատ էկզոտիկ էր՝ լավ եղանակ, ուտելիքներն ուրիշ: Բայց ինձ թվում էր, որ հայ կանանց համար այդքան էլ հեշտ չէր: Օրինակ՝ ջահել աղջիկը մենակ չէր կարող ինչ-որ տեղ գնալ, մեզ համար դա անսովոր էր: Բայց հենց որ մարդիկ իմանում էին, որ մենք Գերմանիայից էինք, մեզ ավելի լավ էին վերաբերվում»,- պատմում է տիկին Թիշը:

Նրա կարծիքով՝ տղաների համար ավելի հեշտ ու ազատ է եղել տեղացիների հետ շփումը, քան աղջիկների: Իրենք մի հայ բարձրաստիճան պաշտոնյա ծանոթ են ունեցել, ում ընտանիքն իրեն հարազատի պես է ընդունել ու հոգ տարել: Նրանց միջոցով էլ իր կապը Հայաստանի հետ ավելի է ամրապնդվել:

«Հայաստանում շատ տարբեր տեղեր ենք եղել, շատ բաներ ենք տեսել: Հայերը շատ հյուրասեր են: Ցավոք, էլ հայերեն չսովորեցի, քանի որ հետագայում այդքան պետք չէր գալու, ռուսերենին ավելի լավ էինք տիրապետում: Կարոտում էինք, իհարկե, հայրենիքը եւ փորձում էինք կապը պահել իրար հետ: Ես իմ ամուսնուն մեր խմբի տղաների մեջ ծանոթացա»,- պատմեց զրուցակիցս:

Տիկին Թիշը, որ վերջին անգամ 1980-ին է Հայաստանում եղել, կարծում է, որ մեր երկրի խնդիրներից մեկը եւ ամենամեծը կաշառակերությունն էր: Երեւույթն իր համար անհասկանալի  իրողություն է եղել:

ԵՊՀ գերմանացի ուսանողներից է եղել դոկտոր, պրոֆեսոր Գունթեր Պրեթցշը: Վերջինս, որ գրեթե իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է միջուկային ֆիզիկայի հարցերին, 1990թ. իր ոլորտում հիմնադրել է գերմանական ամենամեծ հետազոտական կենտրոնը: Պրոֆեսորն իր մասնաբաժինն ունի Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու գործում: ԵՊՀ-ն ավարտելուց հետո բազմիցս է այցելել Հայաստան եւ առ այսօր սերտորեն պահում է իր կապերը:

«Ես ուզում էի ֆիզիկա սովորել: Առաջարկները շատ էին սովետական տարբեր երկրներում ուսանելու, ես ընտրեցի Երեւանը: Հինգ տարի սովորեցի՝ 1971-ից 76-ը: Ապրել եմ Պրոսպեկտի հանրակացարանում: Երեք տարի սովորեցի հայերեն, լավ տիրապետում էի, բայց, դե, չկիրառելու արդյունքում մոռացության է մատնվում: Հայաստանում տարբեր տեղերում եմ եղել, լավ եմ հիշում Դիլիջանը, Ղափանը, իմ պրոֆեսոր Սեդրակյանին, ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Չուբարյանին, շատերին: Հիմա ժամանակ առ ժամանակ ունենում ենք ծրագրեր, որոնք կապված են լինում նաեւ Հայաստանի հետ, օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի, բայց դրանք հաճախ չեն: Վերջերս էլ միջազգային կարեւոր սեմինար ունեինք Մոլդովայում, Հայաստանից նույնպես մասնակից կար, ինձ համար դա շատ ուրախալի էր»,- մեզ հետ զրույցում պատմեց պարոն Պրեթցշը:

«Ճիշտ է՝ գերմանացի շուրջ հարյուր շրջանավարտների մի մասը կյանքի եւ գործի բերումով այնքան էլ կապված չէ Հայաստանի հետ, բայց շատերը կան, որ ուսումնառությունից հետո տասնյակ անգամներ են գնացել, տարբեր կապեր են հաստատել: Հիշողությունը, կենսագրությունը հո չես ջնջի, կյանքի բաղկացուցիչ մասն է: Մենք ԵՊՀ-ում ձեռք բերած գիտելիքներով ենք աշխատել»,- փաստում է ԵՊՀ շրջնավարտ պարոն Շտեֆան Հայմաննը:

Պարոն դոկտոր Շտեֆան Հայմաննին գրեթե բոլոր բեռլինաբնակ հայերն են ճանաչում: Ֆիզիկոս լինելուց բացի, նա նաեւ գերմաներեն-հայերենի երդվյալ թարգմանիչ է՝ ՀՀ  անկախացումից ի վեր: Կինը հայուհի է, կրկին թարգմանչուհի՝  Մարգարիտա Դուդուկչյանը:

«Հայոց լեզուն ինձ համար միայն առնչվելու համար էր, շփվելու միջոց: Ուսուցումն, իհարկե, ռուսերենով էր բուհում, բայց լսարանից դուրս մի բան չէր ռուսերենը: Ստացվեց այնպես, որ հիվանդացա եւ առաջին բառերը սովորեցի հիվանդանոցում: Այնուհետեւ որոշում կայացրեցի լեզուն սովորել՝ լիարժեք շփման համար»,- հիշում է պարոն Հայմաննը:

Տիկնոջ՝ Մարգարիտայի հետ ծանոթացել է Երեւանում: Վերջինս Բրյուսովի ուսանողուհի է եղել: Ամուսնությունից հետո բազմիցս մեկնել են Հայաստան: Հայերենը նրանց կյանքում եւ առօրյայում ակտիվ լեզու է: «Օր չի լինում, որ գոնե մի քանի նախադասություն հայերենով շփում չլինի»: Նրանց երեխաները՝ որդին եւ դուստրը, եւս տիրապետում են հայերենին: Պարոն Հայմաննը սերտորեն կապված է Հայաստանի հետ: Նա շարունակում է պահել իր կապերը թե ընկերական-բարեկամական կյանքում ձեռք բերած, թե մասնագիտական՝ ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում, ԳԱ ակադեմիայում, Մատենադարանում եւ այլն:

«Հայաստանն առաջադեմ է օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Շատ այլ ոլորտներում եւս պատմական մեծ փորձ ունի, օրինակ՝ ժողովրդական բժշկության: Մատենադարանում դա ուսումնասիրում են, գիտելիքը կա, խնդիրն այն հասարակության մեջ մտցնելն է: Իմ թեման գիտական հիմունքներն են: Օրինակ՝ արյան մեջ շաքարի խտությունը նվազում է, եթե մարդիկ իրենց սննդի մեջ ունեն նաեւ բնական հանքային նյութեր, որոնք ալյումինիում սիլիկատների ընտանիքից են եւ այդ հանքերից Հայաստանում լիքն են: Իմ ձգտումն ուղղված է այն ջահելներին, ովքեր որոշում են իրենց սեփական բիզնեսը հիմնել, եւ նրանց հարկավոր են այս գիտական նվաճումները, ասենք՝ ախտորոշումների ասպարեզում կամ գյուղատնտեսական՝ բույսերի նոր տեսակներ մշակելու, ավելի պտղատու տեսակ ստանալու եւ այլն, եւ այլն: Շատ լավ կլիներ, որ այս նվաճումները մուտք գործեին լայն հասարակություն»,- նշում է պարոն Հայմաննը:

Զրուցակիցս հավաստիացնում է, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը բազմապատկվեց իշխանափոխությունից հետո: Մասնավորապես մեծ ուրախությամբ է լսում լուրերն այն մասին, երբ պետությունը ջանքեր է գործադրում տաղանդավոր երիտասարդներին երկրում պահելու, տնտեսական արտոնություն տալու եւ այլն:

«Ինձ հուզող մշտական ցավը նրանում է, որ Հայաստանի բնակիչները սոցիալապես ապահովված չեն: Միշտ ասել ու մտածել եմ, այ խեղճ հայեր, որ գնում են աշխատելու ՌԴ, ուր ապահովագրություն չկա: Սոցիալական ապահովագրությունից շատերն են վախենում ՀՀ-ում, բայց Բիսմարկը Գերմանիայում այն 1883-ին հիմնեց եւ մինչեւ այսօր գործում է՝ անընդհատ բարեփոխումների ենթարկվելով,- նշում է պարոն Հայմաննը՝ ավելացնելով.- շնորհավոր հոբելյանդ, սիրելի համալսարան»:

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031