Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա քաղաքական հետապնդում է»․ Անիի ավագանին՝ Շիրակի դատախազի՝ համայնքապետին պաշտոնանկ անելու գրության մասին

Հոկտեմբեր 08,2019 23:13

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի դատախազ Կարեն Գաբրիլյանն այսօր միջնորդագիր է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում քննարկման թեմա դարձնել Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու հարցը։ Միջնորդությունը հասցեագրված է նաև Անիի համայնքապետին։

Հիշեցնենք, որ Անիի համայնքապետը մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի գումար վատման եղանակով հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

Ինչպես տեղեկանում ենք Անի համայնքի պաշտոնական էջից, Անի համայնքի ավագանին այսօր արձագանքել է դատախազի պահանջին՝ հետևյալ որոշումը տարածելով․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ  ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

«Տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ։

«Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է միայն «համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման» ինստիտուտ /հոդված 26/, ուստի ելնելով վերոգրյալից պարզ է դառնում, որ պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումը կատարելու որևէ  օրենսդրական նորմ և ընթացակարգ չի գործում։

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին  հայտնում է իր դժգոհությունն՝  այն որակելով որպես քաղաքական  հետապնդում և տալիս իր վստահությունն ու աջակցությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031