Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անիի համայնքապետը չի կարող կատարել դատախազի պահանջը․ փաստաբանի հիմնավորումները

Հոկտեմբեր 08,2019 22:44

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր գրություն էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում քննարկման թեմա դարձնել Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու հարցը։ Միջնորդությունը հասցեագրված է նաև Անիի համայնքապետին։

Արտակ Գևորգյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը, սակայն, բողոքարկել է միջնորդությունը։ Ըստ նրա,  դատախազի միջնորդությունն անօրինական է, նա համայնքի ղեկավարի պաշտոնավարումը դադարեցնելու իրավունք չունի, քանի որ մեր օրենսդրությամբ  նման որոշումն ի կատար ածելու օրինական հնարավորություն նախատեսված չէ։ Փաստաբանը Aravot.am-ին ուղարկել է իր հիմնավորումները՝ կապված դատախազի միջնորդագրի հետ։ Նա նաև հայտնեց, որ համայնքի ղեկավարը մարզպետին, դատախազին ու նախարար Պապիկյանին էլ հայտնել է, որ չի կարող պաշտոնավարումը դադարեցնել՝ անկախ դատախազի որոշումից։

«Նախ և առաջ դատախազն իր որոշման մեջ հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածին, սակայն նշված հոդվածով նախատեսված դատավարական հարկադրանքի միջոցը՝ պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը,կարող է կիրառվել միայն հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, սակայն «Տեղական ինքնակառավարման մասին»,  «Հանրային ծառայության մասին» օրենքների, «Ընտրական օրենսգրքի» դրույթներից ուղղակիորեն բխում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական, ընտրովի պաշտոն է և այն չի կարող հանդիսանալ հանրային ծառայություն, հետևաբար՝ համայնքի ղեկավարի նկատմամբ նշված հարկադրանքի միջոցը չի կարող կիրառվել, իսկ դատախազի համար նույնպես ի սկզբանե ակնհայտ պետք է լիներ, որ Արտակ Գևորգյանը չի կարող լինել նշված հարկադրանքի միջոցի հասցեատեր։

Գլխավոր դատախազին հասցեագրված բողոքում մանրամասն շարադրվել են հիմնավորումները, միևնույն ժամանակ խնդրվել է՝ հանձնարարել մեղադրանքի կողմին՝ ապահովելու սույն գործի քննության ընթացքում չեզոքություն և դատավարական որոշումները կայացնել բացառապես քրեադատավարական օրենսդրությանը համահունչ։

Բացի այդ՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման հնարավորությունը պետք է իրականացվի բացառապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, այնինչ՝ նշված օրենքը համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու հնարավորություն և ընթացակարգ չի սահմանում։ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է միայն համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման հնարավորություն, որոնց հիմքերը սպառիչ կերպով սահմանված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածում, որոնց թվում ՀՀ քրեական դատավարության 152-րդ հոդվածով սահմանված հարկադրանքի միջոցի կիրառման հնարավորությունը սահմանված չէ։

Բացի այդ՝  նշված  դատավարական հարկադրանքի միջոցի  պահանջը չի կիրառվում և  կատարվում ուղղակիորեն, այլ կատարվում է միջնորդավորված, այն է՝ այն եռօրյա ժամկետում կատարվում է աշխատավայրի վարչակազմի ղեկավարի կողմից, այնինչ՝ տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասու մարմին և ընթացակարգ որևէ օրենքով սահմանված չէ։

Ի վերջո, համայնքի ղեկավարը, ցանկության դեպքում անգամ, չի կարող նման հիմքով իր պաշտոնավարումից բխող պարտականությունները ժամանակավորապես չկատարել, քանի որ կառաջանա ՏԻՄ մասին օրենքի դրույթների խախտման վտանգ, ինչը կարող է առաջացնել իրավական հետևանքներ հենց համայնքի ղեկավարի համար, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով՝ համայնքի ղեկավարը ունի սահմանված պարտականությունների շարք, որոնք կարող է կատարել միայն ինքը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի և այդ բացառությունների մեջ պաշտոնավարման ժամանակավոր դադարեցում չի նախատեսված։

Հետևաբար ստացվում է, որ համայնքի ղեկավարն ուղղակիորեն չի կարող կատարել դատախազի որոշման պահանջները»,-գրված է Արամայիս Հայրապետյանի՝ մեզ հասցեագրված գրության մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արամայիս Հայրապետյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031