Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի ուշագրավ հայտարարությունը՝ Անիի ավերակներին կպած Խարկով գյուղի մասին

Հոկտեմբեր 08,2019 22:22

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ, երբ Գյումրու պատվավոր քաղաքացու բարձր կոչմանն արժանացրեցին լեգենդար Կոմանդոսին ու Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի ուշագրավ տեղեկություն հաղորդեց։

Նա հիշեցնելով, որ Կոմանդոսը ծնվել է Շիրակի մարզի Խարկով գյուղում, ասաց․ «Պարոն Տեր-Թադևոսյանը ծնվել է Խարկով գյուղում, նախնիները եկել են, հիմա ցանկություն կա Խարկով գյուղի սահմանը հետ տանելու։ Իհարկե, այս հայտարարությունը տեղին չէ, բայց եթե ցանկությունն իրականություն դառնա, ուրախություն կլինի, մենք կկարողանանք Խարկով գյուղը վերականգնել, այնտեղ բնակիչ չի մնացել, ընդամենը մեկ հոգի է, բայց տները կան, եկեղեցին կա․ խոնարհված եկեղեցի ունենք, և ինձ թվում է՝ մենք այնտեղ շատ մեծ գործ ունենք անելու»։

Խոսքը ռուս սահմանապահների կողմից հսկվող հայ-թուրքական սահմանի մասին է, բանն այն է, որ Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող այս գյուղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, անգամ տեղաբնակներն անցագիր են հանում ծննդավայր մտնելու համար։

Այդ պատճառով էլ գյուղը դատարկվել է, բնակիչները, հոգնելով այս ամենից, ճարահատյալ լքել են սեփական բնակավայրը։ Տարիներ ի վեր գյուղի միակ բնակչուհին Վահանդուխտ Վարդանյանն է, որն արդեն 83 տարեկան է և գյուղից չի հեռանում, որպեսզի չուրախացնի թշնամուն։

Թուրքական յաթաղանից փրկված նրա սկեսուրը մահից առաջ խնդրել էր հարսին․ «Հաց թխելու ալյուր էլ չունենաք՝ թոնիրը վառեք, թող ծուխ դուրս գա, ու թշնամին տեսնի, որ գյուղում մարդ է ապրում, չուրախանա դատարկվելուց»։

Խարկով կամ Նոր Շեն գյուղը Անիի ավերակներից բաժանված է ընդամենը մեկ ձորով։

Գյումրու քաղաքապետը, վերջերս Aravot.am-ին տված հարցազրույցում բարձրաձայնել էր Խարկով գյուղի մոտ դրված անցակետը տեղափոխելու ․ գյուղը փշալարերից ազատագրելու հարցը՝ նշելով, որ յուրաքանչյուր տուրիստ հնարավորություն պիտի ունենա գնալ Խարկով ու այնտեղից տեսնի պատմական մայրաքաղաքի ավերակները։

Ըստ քաղաքապետի, Շիրակի մարզ այցելող տուրիստը նախևառաջ պիտի տեսնի Անիի ավերակները, այնուհետ այցելի Գյումրի։ Սակայն, Անին վայելելու համար, ըստ քաղաքապետի, պիտի «ակտիվացնել» Խարկով գյուղը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031