Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխանակ ոտնձգություններից պաշտպանելու՝ մեր նախկին լրագրող կոլեգաներն ասում են՝ թող «Հայելի» ակումբը չհասցներ այդ վիճակին, որ իր վրա չհարձակվեին». Աղասի Ենոքյան

Հոկտեմբեր 08,2019 19:45

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի կարծիքով՝ «Հայելի» ակումբի վրա հարձակումն իշխանությունների նախաձեռնությամբ չէր, սակայն այդ հարձակումը կատարողները գիտեին, որ իշխանությանը հաճելի բան են անում:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Աղասի Ենոքյանը հիշեցրեց՝ շատ վաղուց նախազգուշացնում էր, որ մամուլի հանդեպ լինելու են ճնշումներ: Նա փաստեց՝ այս իրավիճակի մասին էին վկայում շուրջ հարյուր դատական գործերը մամուլի նկատմամբ, ինչ-որ լրատվամիջոցի համակարգիչների բռնագրավումը, ոստիկանության անհասկանալի այցերը:

Նա նշեց. «Այս ամենը հիմա նույնիսկ գնում է օրենսդրական մակարդակի. օրենքի նախագծեր են փորձում մշակել, որոնք ճնշելու են մամուլը: Սա հերթական ոտնձգությունն է մամուլի հանդեպ: Նախ` ընդգծված ճնշումների միտում, չթաքցված բռնության քարոզ կա, իհարկե, ամենակարևորը անիշխանությունն է: Մարդիկ հասկանում են, որ այս գործողությունների համար իրենք չեն պատժվելու, տեսնում են ընտրովի արդարադատություն է՝ նայած, թե որ ճամբարից ես: Նույն գործողությունների համար ընդդիմադիր ճամբարից խիստ պատիժներ կլինեն, եթե իշխանական ճամբարից ես, չեն լինի պատիժներ»: Ըստ Աղասի Ենոքյանի, եթե սա չստանա ամենալուրջ հակահարվածը պետական մակարդակով, նման գործողությունները կշարունակվեն, կլինի ավելի կոշտ ոտնձգություն մամուլի նկատմամբ:

Աղասի Ենոքյանը լավատես չէ՝ «Հայելիի» վրա հարձակման գործով իշխանությունների կողմից պատժողական քայլեր չեն ձեռնարկվի, քանի որ սա ձեռնտու է իշխանություններին»: Որպես փաստ ասաց. «Մեր նախկին լրագրող կոլեգաներն ասում են՝ թող Հայելի ակումբը չհասցներ այդ վիճակին, որ իր վրա չհարձակվեին. թող ինքն իրեն լավ պահեր: Պետական գործիչը փոխանակ պետական ապարատը գործի դնի ոտնձգություններից պաշտպանելու համար, նման հայտարարություններ է անում»:

Աղասի Ենոքյանը մտահոգված է՝ իշխանությունները իրենց հիմնական խնդիրը լուծեցին՝ մամուլին երկու ճամբարի բաժանեցին, ինչի պատճառով թուլացել է միասնականությունն ու դիմադրողականությունը. «Ժամանակին հիշում եմ՝ լրագրողական որևէ պատահարի դեպքում բոլորը միասնական էին, հիմա մամուլը բաժանվել է երկու ճամբարի՝ միասնականություն չկա և դա թուլացրել է դիմադրողականությունը: Սարասափելին այն է, որ չկա այն զգացումը, թե այս ամենը վատ բան է: Հարձակվողները գիտեն, որ իշխանության կողմից քաջալերվում են, քանի որ խոսքը ընդդիմադիր լրատվամիջոցի մասին է»:

Ըստ Աղասի Ենոքյանի՝ «Հայելի» ակումբի վրա հարձակումը այն խնդիրն է լուծում, որ կրկին ահաբեկեն Հրայր Թովմասյանին, ու նա հրաժարական տա: Աղասի Ենոքյանն ասաց, թե մի կողմից իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանում մամուլը ազատ է, քան երբևէ, բայց լինում են նման հարձակումներ, սակայն արձագանք չկա. «Չեմ կարող ասել, որ «Հայելիի» վրա հարձակումն իշխանությունների նախաձեռնությամբ էր, բայց կատարողները հասկանում են, որ անում են իշխանություններին հաճելի բան, և դրա ապացույցն է այն, որ մինչև հիմա նրանց նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, նրանք էլ ֆեյսբուքում հպարտանում են իրենց արածով»:

Ըստ Աղասի Ենոքյանի՝ նման խնդիրների լուծման համար պետք է լինի հասարակական երկխոսության հարթակ. «Նման հարթակ կարող է լինել խորհրդարանը, որն այսօր վարչապետին կից մի մարմին է: Նման հարթակ կարող են լինել հասարակական կազմակերպությունները, սակայն հին ՀԿ-ները դարձան իշխանության մաս: Երկխոսության հարթակ կարող է լինել մամուլը, սակայն այն խիստ բևեռացված է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այսօրվա տրամաբանությամբ ճիշտ?էր Ա1-ի փակումը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031