«Վերջերս շատ են ասում, թե ես թիրախավորում եմ մարդկանց, հարգելով դահլիճում ներկա գրեթե բոլորին, վստահեցնում եմ, որ իմ թիրախը այլ տրամաչափում է»,-այսպես սկսեց իր հարցերը այսօր Երեւանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Նա հարց ուղղեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին, հիշեցնելով վարչական շրջանի ղեկավարի 1 տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ արած հայտարարությունը՝ նախկիններից թողած ճոխություն է, եւ իր հանգստի սենյակը կդառնա մեկ ուրիշի աշխատասենյակ. Արդյոք այդ սենյակը տրամադրվել է մեկ ուրիշին, թե՞ հարմարվել է ճոխությանը:
Անի Խաչատրյանը նաեւ մեկ այլ դրվագ էլ հիշեցրեց Դանիելյանին.«Աշխատակիցների հետ առաջին հանդիպման ժամանակ ասել եք՝ ձեր «պովորը» ավելի բաձր աշխատավարձ է ստանում, քան աշխատակիցները: Արդյոք վարչական շրջանի ղեկավարն իրավունք ուներ նման կերպ վիրավորել աշխատակիցներին: Էլ չասեմ, որ մեկ այլ առիթով թեփեր եք անվանել ձեր աշխատակիցներին, որոնք հանդիպել եք երեկ քաղաքապետարանում եւ նրանց հաստիքները կրճատվել են: Ուղարկել եք ծանուցումներ, արդյոք ծանուցման տակ ստորագրողն ուներ նման լիազորություն»: Խաչատրյանը մի շարք խախտումներ մատնանշեց ծանուցման եւ աշխատանքից ազատման գործընթացում:
Դանիելյանն ի պատասխան ասաց.«Եկեք գոնե քննադատությունը լինի կառուցողական եւ իր մեջ որակ ունենա։ Նախ՝ աշխատակիցներին ծանուցելու հետ կապված ես գործառույթ չունեմ, չեմ արել։ Եթե տիկին Խաչատրյանը հարկ համարեր վարչական շրջանի դիրքորոշումը ունենար, ինքն այդ ամբողջ հարցերը չէր առաջացնի։ Տիկին Խաչատրյանը անտեղյակ է»:
Անդրադառնալով խոհարարի աշխատավարձի հետ համեմատականին, Դանիելյանը չհերքեց.«Ժամանակին, որ բիզնես ունի, այդտեղ ունեի խոհարար, նրա աշխատավարձը իմ աշխատավարձի հետ եմ համեմատել, անտեղի են ձեր շահարկումները: Անտեղի են շահարկումները, թե աշխատակիցներին նվաստացրել եմ: Իմ աշխատավարձի հետ եմ համեմատել եւ ցույց եմ տվել, որ այստեղ իմ մոտիվացիան նյութականը չէ, այլ այն ծառայությունը, որը գիտակցաբար ստանձնել եմ: Ինչ վերաբերում է այդ աղջիկների աշխատանքին, ես չէի ուզի նրանք կորցնեին աշխատանքը, սակայն համայնքային ծառայողի մասին օրենքով, վարչական շրջանի ղեկավարին տրված չեն այն լիազորությունները, որ ինքը որոշի՝ ում կրճատի, ում՝ ոչ, որովհետեւ դրա արդյունքում հնարավոր է կորցնենք արդյունավետ աշխատողին»:
Կարդացեք նաև
Ապա` Դանիելյանը խնդրեց Խաչատրյանը փաստեր ներկայացնի, որ որեւէ մեկին ասել է ազատեք սենյակը եւ ներկայացնի անուններ: Հանգստի սենյակի մասին էլ Դանիելյան ասաց. «Նաեւ անդրադարձել եմ թանկարժեք գույքին՝ ժամացույցին, ես սիրով այն կտրամադրեմ որեւէ թանգարանի: Բայց վարչական շրջանի ղեկավարը չունի լիազորություն նման որոշում կայացնելու՝ գույքն ինչ անել: Եթե ավագանին որոշի՝ ինչ անել…Եթե հարկ լինի՝ ես հանգստի սենյակը կդարձնեմ աշխատասենյակ, բայց այսօր կան թափուր աշխատասենյակներ»:
Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Դանիելյան, էժան կրակոցները դիպուկահարից են, զգուշացեք: Ձեզ համար վարչական շրջանի շենքը հյուրանոց է, որովհետեւ տիկին Ռուզաննային առաջարկել եք շենքի մենեջեր: Էդպիսի հաստիք կա՞»:
«Վարչական շրջանի աշխատակազմը 160 մարդ է, կարող են լինել տարբեր կենսամակարդակի, տարբեր սոցիալական պատկանելիության մարդիկ, տարբեր մտածելակերպով մարդիկ լինել: Խնդրում եմ, այդ մարդկանց առօրյա քննարկումները չբերել հասցնել այս բարձր հարթակ»,-ասաց Դանիելյանը: Խաչատրյանն ընդհատեց. «Կլինի՞ ամեն անգամ դուք չորոշեք՝ ավագանին ինչ անի, դա ձեր լիազորությունները չեն»: «Այո, կլինի, սակայն, երբ քննարկումները վերածվում են բամբասանքի՝ չեմ մեկնաբանի»,-ասաց Դանիելյանը: Կրճատումների մասին էլ ավելացրեց՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմն, ի տարբերություն այլ շրջանների, ամենաուռճացվածն է եղել. «Միջինը եղել է 260 դրամ մեկ բնակչի վրա իր աշխատակազմին պահելու ծախսը: Արաբկիրում դա եղել է 300 դրամ: Ես կուզեի նման լուրջ խնդիրներ բարձրացնեն: Իսկ եթե կտեսնեք, որ որեւէ մեկի հրամանում գրված է՝ մենեջեր՝ շնորհակալ կլինեմ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ