Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին՝ առաջարկելով եռօրյա ժամկետում քննարկման թեմա դարձնել Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու հարցը։ Միջնորդությունը հասցեագրված է նաև Անիի համայնքապետին։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին Շիրակի մարզպետարանից՝ նշելով, որ քննարկում են իրենց հասցեագրված գրությունը։
Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Մարալիկում մեկ տարուց ավելի բողոքի ակցիաներ էին կազմակերպվում․ բողոքավորները պահանջում էին համայնքապետի հրաժարականը՝ նրան մեղադրելով 15 տարի շարունակ իրենց «խաբելու ու թալանելու մեջ»։
Վերջերս էլ Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ինչպես նաև 314 հոդվածի 1-ին մասով։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի գումար վատման եղանակով հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով և բավարար ապացույցներով, մասնավորապես հիմնավորվել է, որ համայնքի ղեկավար Ա. Գ.-ն, Անի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ք. Մ.-ի և նույն համայնքապետարանում որպես ծառայողական մեքենայի վարորդ աշխատող Ա. Մ.-ի օժանդակությամբ, հաստատապես տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Մ.-ն որպես կարգադրիչ աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում և օրենքով սահմանված կարգով չունի վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունք՝ 01.02.2013թ. ընդունել է աշխատանքի որպես վարորդ: Ապա` համայնքի ղեկավարը անձնական շահադիտական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` հաստատելով աշխատակազմի ղեկավարի կողմից կազմված և Ա. Մ.-ի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող՝ 2014-2018թթ. աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչի արդյունքում վատնելու եղանակով հափշտակել է այդ ընթացքում չաշխատած օրերի դիմաց Ա.Մ.-ի անվամբ դուրս գրված և փաստացի վճարված խոշոր չափերի աշխատավարձի գումարները», ֊ ասված է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Նշենք, որ դատախազության հանրային կապերի տարածած հաղորդագրությունից հետո, տեսանյութ տարածեց նաև ՀՀ ոստիկանությունը՝ տեղեկացելով, որ իրենց ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի խոշորացված համայնքի ղեկավարը մի շարք ապօրինություններ է թույլ տվել։
«Համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն վճարել է 35 հազար դրամ, իսկ գումարի մյուս մասը՝ 40 հազար դրամները, փոխանցել է համայնքի ղեկավարին։ 2018 թվականի ընթացքում բանկային քարտերը տրամադրել են հավաքարարներին՝ հայտնելով՝ իբր աշխատավարձը բարձրացել է։
Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարն իր հարազատին հրամանագրել է փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա աշխատանքի չի ներկայացել, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ աշխատավարձը յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է։
Պարզվել է, որ համայնքի ղեկավարն ամբողջովին քանդել է Մարալիկ քաղաքում կառուցվող դպրոցն ու շինանյութը վաճառել մի գյումրեցու։ Նա համայնքի գերեզմանատունը ցանկապատելու պատրվակով համայնքապետարանի բյուջեից դուրս է գրել 3 միլիոն դրամ, սակայն ցանկապատը չի կառուցվել, իսկ փողը յուրացվել է։ Բացի այդ, համայնքի ղեկավարը ՌԴ մի քաղաքացու, որպես սոցիալապես անապահով ընտանիքի, հատկացրել է բնակարան։ Քաղաքացին տունը վաճառել է՝ փողը փոխանցել համայնքապետին։ Յուրացրել է նաև 2014-2017 թվականների ընթացքում համայնքի բյուջեից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես օգնություն դուրս գրված գումարները, իսկ 2012 թվականին ապամոնտաժել և վաճառել է համայնքի տարածքի 30 սմ տրամագծով, 280 մետր երկարությամբ ոռոգման երկաթյա խողովակներն ու գումարը յուրացրել։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ»։
Նշենք, սակայն, որ Արտակ Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով անհիմն և քաղաքական։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ